Պատմում են Թագավորության քարոզիչները
Արժանի մարդկանց որոնումը Ավստրալիայի սակավաբնակ տարածաշրջանում
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ներքին մարզում գտնվող մի տարածք նոսր է բնակեցված։ Այս հեռավոր տարածաշրջանի որոշ մասերում 12 տարի է, ինչ վկայություն չի տրվել։ Ուստի Դարվինում՝ Հյուսիսային տերիտորիայի մայրաքաղաքում, ապրող Եհովայի վկաները կազմակերպեցին իննօրյա մի մեծ քարոզարշավ՝ արժանիներին գտնելու նպատակով (Մատթէոս 10։11)։
Քարոզարշավը սկսելուց 12 ամիս առաջ ամեն բան մանրամասնորեն ծրագրվեց, այդ թվում կազմվեց մի քարտեզ, որն ընդգրկում էր ավելի քան 800 000 քառակուսի կիլոմետր տարածություն. մի տարածք, որը երեք անգամ մեծ է Նոր Զելանդիայից։ Այս հեռավոր, ընդարձակ տարածքի չափերի մասին գաղափար կազմելու համար պատկերացրեք, որ ինչ–որ մեկի անասնապահական ֆերմայից մինչև նրա տունն ընկած ճանապարհը միջին հաշվով կազմում է ավելի քան 30 կիլոմետր։ Դեռ ավելին, կան ֆերմաներ, որ գտնվում են տնից 300 կիլոմետր կամ ավելի մեծ հեռավորության վրա։
Այդ քարոզարշավին մասնակցեցին 145 կամավորներ։ Ոմանք եկել էին հեռավոր Տասմանիայից։ Կային մարդիկ, որ եկել էին սարքավորումներով, պահեստամասերով և վառելիքով լի քառանիվ փոխադրամիջոցներով։ Ուրիշներն իրենց իրերը փոխադրում էին շարժատնակներով։ Բացի այդ, 22 տեղանոց երկու ավտոբուս էր վարձվել տեղափոխելու համար նրանց, ովքեր հնարավորություն չունեին գալու քառանիվ փոխադրամիջոցներով։ Ավտոբուսով գնացողները հիմնականում վկայություն էին տալիս այդ տարածքի փոքր բնակավայրերում ապրող մարդկանց։
Նախքան քարոզարշավը եղբայրները ելույթներ և ցուցադրումներ ներկայացրին, որպեսզի քարոզիչներն իմանային, թե ինչպես քարոզեն բարի լուրը այս անսովոր տարածքում։ Օրինակ՝ աբորիգենների համայնքներին արդյունավետորեն քարոզելու համար հարկավոր է հետևել որոշակի օրենքների և տեղյակ լինել նրանց սովորություններին։ Քննարկվեցին նաև շրջապատող միջավայրի հետ կապված հարցեր, որպեսզի վնաս չհասցվի բնությանը։
Բազմաթիվ ուշագրավ դեպքեր տեղի ունեցան քարոզիչների հետ։ Օրինակ՝ աբորիգենների մի բնակատեղիում եղբայրները ծրագրեցին հանրային ելույթ ներկայացնել։ Համայնքի կին առաջնորդն անձամբ տեղեկացրեց այդ մասին իր տարածքի բնակիչներին։ Արդյունքում 5 գիրք և 41 գրքույկ բաժանվեց ներկաներին։ Իսկ մեկ այլ տարածքում զրույց սկսվեց մեկ ուրիշ բնիկի հետ։ Նա նույնիսկ ուներ Աստվածաշնչի իր անձնական օրինակը՝ «Ջեյմս թագավորի թարգմանություն»–ը, բայց այն հին էր ու պատառոտված։ Երբ նրան հարցրին, թե գիտի արդյոք Աստծու անունը, նա դրական պատասխան տվեց և իր բաճկոնի գրպանից հանեց «Դիտարան» պարբերագրի մի հին օրինակ։ Ապա այնտեղից կարդաց Մարկոս 12։30–ից մեջբերված խոսքերը, որտեղ ասվում է. «Սիրիր քո Տէր [«Եհովա», ՆԱ] Աստուծուն բոլոր սրտիցդ»։ Նա ասաց. «Ես իրոք շատ եմ սիրում այս համարը»։ Աստվածաշնչի թեմայով բովանդակալից զրույցից հետո նա վերցրեց Աստվածաշնչի մի նոր օրինակ և սուրբգրային այլ գրականություն։
Կարպենտարիա ծովածոցի մոտակայքում ապրող մի մարդ, որը 400 000 հեկտար տարածքով անասնապահական ֆերմայի պատասխանատուն էր, հետաքրքրվեց Թագավորության պատգամով։ Երբ նրան ցույց տվեցին «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» և «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքերը,a նա հարցրեց, թե արդյոք որևէ գրականություն առկա է կրեոլ լեզվով։ Սա արտառոց մի խնդրանք էր, քանի որ թեև աբորիգեններից շատերը խոսում են կրեոլ լեզվով, բայց միայն քչերն են կարողանում կարդալ։ Այնուհետև պարզվեց, որ այդ ֆերմայի 50 աշխատողներն էլ կարդում են այդ լեզվով։ Պատասխանատուն հաճույքով վերցրեց կրեոլ լեզվով աստվածաշնչյան գրականություն և ուրախությամբ տվեց իր հեռախոսահամարը, որպեսզի հնարավոր լիներ կապ հաստատել իր հետ։
Ինը օր ակտիվորեն վկայություն տալու արդյունքում տարածվեց 120 Աստվածաշունչ, 770 գիրք, 705 պարբերագիր և 1 965 գրքույկ։ Բացի այդ, կատարվեցին 720 վերայցելություններ և սկսվեցին Աստվածաշնչի 215 ուսումնասիրություններ։
Իրոք, բազմաթիվ արժանի մարդիկ, որ ցրված են այս ընդարձակ տարածաշրջանում, վերջապես բավարարեցին իրենց հոգևոր քաղցը (Մատթէոս 5։6)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 30–րդ էջի վրա]
(Ամբողջությամբ տեքստը տեսեք պարբերագրում)
ԱՎՍՏՐԱԼԻԱ
Դարվին
Կարպենտարիա ծովածոցը
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՏԵՐԻՏՈՐԻԱ
Սիդնեյ
ՏԱՍՄԱՆԻԱ