Խոնարհ աֆրիկացին, որ սիրում էր Աստծու Խոսքը
ԱՖՐԻԿԱ ժամանողները հաճախ զարմանում են՝ տեսնելով, թե որքան հեշտ է Աստվածաշնչի թեմաների շուրջ զրուցել տեղի բնակիչների հետ։ Այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ի՞նչ է Աստծու Թագավորությունը կամ՝ վերջնականապես կլուծվե՞ն արդյոք սովի, հիվանդությունների, պատերազմների ու հանցագործությունների հետ կապված խնդիրները, մղում են մարդկանց զրուցելու դիմացինի հետ։ Շատերը ուրախությամբ թույլ են տալիս, որ անծանոթ ինչ–որ մեկը Աստվածաշնչից նրանց ցույց տա այս հարցերի պատասխանները։ Դրան հաճախ հաջորդում է Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն։ Ուսումնասիրողները հոգևորապես առաջադիմում են, մկրտվում ու դառնում քրիստոնյաներ։
Առաջին աֆրիկացու մասին, որն այս կերպ արձագանքեց, նշված է Աստվածաշնչի «Գործք» գրքի 8։26–40 համարներում։ Նա եթովպացի էր, որը եկել էր Երուսաղեմ՝ երկրպագելու ճշմարիտ Աստված Եհովային։
Ինչպես պատկերված է ներքևի նկարում, եթովպացի այս մարդը կառքով տուն վերադառնալիս մագաղաթը բաց արած ընթերցում է։ Մի անծանոթ մոտենում է նրան ու հարցնում. «Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ»։ Եթովպացին խոնարհաբար ընդունում է, որ օգնության կարիք ունի և անկեղծորեն հրավիրում է անծանոթին՝ քրիստոնյա ավետարանիչ Փիլիպպոսին, կառք բարձրանալ։ Այնուհետև նա խնդրում է Փիլիպպոսին, որ բացատրի իրեն սուրբգրային այն հատվածի նշանակությունը, որը քիչ առաջ ընթերցում էր։ Փիլիպպոսը բացատրում է, որ դա Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի մահվանը վերաբերող մարգարեությունն է։ Նա պատմում է նաև ուրիշ բաներ Հիսուսի, այդ թվում նրա հարության վերաբերյալ։
Լսելով այս հրաշալի ճշմարտությունների մասին՝ եթովպացին ցանկանում է դառնալ Հիսուսի աշակերտը և հարցնում է. «Ի՞նչ է արգելում ինձ, որ մկրտուիմ»։ Մկրտվելուց հետո այս խոնարհ աֆրիկացին երջանիկ տուն է վերադառնում։ Աստվածաշնչի հետագա արձանագրության մեջ այլև չի խոսվում նրա մասին։
Այսօր ամբողջ աշխարհում Եհովայի վկաներն օգնում են միլիոնավոր մարդկանց սովորել նույն բարի լուրը։ Նրանք ներկայումս Աստվածաշնչի մոտ վեց միլիոն անվճար տնային ուսումնասիրություն են անցկացնում։