Ինչպե՞ս կարող է Հիսուսը փոխել ձեր կյանքը
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ Մեծ Ուսուցիչ է եղել և ապրել է Պաղեստինում մոտ 2 000 տարի առաջ։ Նրա մանկության մասին մեզ շատ քիչ բան է հայտնի։ Սակայն փաստերը հաստատում են, որ Հիսուսն իր ծառայությունը սկսել է երեսուն տարեկան հասակում, որպեսզի ‘ճշմարտության համար վկայի’ (Յովհաննէս 18։37; Ղուկաս 3։21—23)։ Նրա կյանքը նկարագրող չորս աշակերտները իրենց արձանագրությունների մեջ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են Հիսուսի երեսուն տարեկանին հաջորդող երեքուկես տարիների վրա։
Ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին մի պատգամ տվեց, որը պետք է «դեղամիջոց» ծառայեր աշխարհի անթիվ ցավերի դեմ։ Ո՞րն էր այդ «դեղամիջոցը»։ Նա ասաց. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Յովհաննէս 13։34)։ Այո՛, մարդկանց խնդիրների մեծամասնության լուծումը սերն է։ Երբ մեկ ուրիշ առիթով Հիսուսին հարցրեցին, թե ո՛րն է մեծագույն պատվիրանը, նա պատասխանեց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթէոս 22։37—40)։
Հիսուսն իր խոսքով ու գործով ցույց տվեց, թե ինչպես սիրել Աստծուն և դրացուն։ Եկեք մի քանի օրինակների օգնությամբ տեսնենք, թե ի՛նչ կարող ենք սովորել նրանից։
Նրա ուսուցումները
Պատմությանը ամենահայտնի քարոզներից մեկում Հիսուս Քրիստոսն ասաց իր հետևորդներին. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ’ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ’արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային [«հարստությանը», ՆԱ]» (Մատթէոս 6։24)։ Արդյոք մեր օրերում գործո՞ւմ է Հիսուսի ուսուցումն այն մասին, որ Աստծուն մեր կյանքում պետք է առաջնահերթ տեղում դնենք, երբ շատերն այն կարծիքին են, թե փողն է բոլոր խնդիրների լուծումը։ Ինչ խոսք, մենք առանց փողի չենք կարող ապրել (Ժողովող 7։12)։ Բայց եթե թույլ տանք հարստությանը, որ մեր տերը դառնա, մեզ կղեկավարի «փողասիրութիւնը» և կիշխի մեր ողջ կյանքի ընթացքի վրա (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Այս որոգայթի մեջ ընկնելով՝ շատերն են կորցրել իրենց ընտանիքը, առողջությունը և նույնիսկ կյանքը։
Հակառակ դրան՝ Եհովային որպես Տեր ընդունելով՝ մեր կյանքը կիմաստավորվի։ Լինելով մեր Արարիչը՝ նա է մեր կյանքի Աղբյուրը, հետևաբար, միայն նա է արժանի երկրպագության (Սաղմոս 36։9; Յայտնութիւն 4։11)։ Այն անհատները, ովքեր սովորում են Եհովայի հատկությունների մասին և սիրում են նրան, ձգտում են կատարել նրա հրահանգները (Ժողովող 12։13; Ա Յովհաննէս 5։3)։ Այդպես վարվելուց մենք օգուտներ ենք քաղում (Եսայիա 48։17)։
Լեռան քարոզում Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց նաև դրացու հանդեպ սեր ցուցաբերել։ Նա ասաց. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց» (Մատթէոս 7։12)։ «Մարդիկ» բառը, որն այստեղ գործածում է Հիսուսը, վերաբերվում է նաև թշնամիներին։ Այդ նույն քարոզում նա իր ունկնդիրներին պատգամ է տալիս. «Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին.... աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում» (Մատթէոս 5։43, 44)։ Այսպիսի սերը մի՞թե չի լուծի այսօր մեր դեմ ծառացող բազում խնդիրները։ Այդ կարծիքին էր նաև հնդիկ առաջնորդ Մոհանդաս Գանդին. «Եթե [մենք] փոխադարձ համաձայնության գանք Լեռան քարոզում Հիսուսի տված ուսմունքների հիման վրա, ապա կլուծենք.... ամբողջ աշխարհի խնդիրները»։ Սիրո վերաբերյալ Հիսուսի ուսուցումները կիրառելու դեպքում իրոք որ մարդկության կրած դժբախտությունների մեծ մասը կարելի է հաղթահարել։
Նրա գործերը
Հիսուսը ոչ միայն սովորեցրեց սեր ցուցաբերելու մասին կարևոր ճշմարտությունները, այլ նաև կիրառեց իր սովորեցրածը։ Օրինակ՝ նա ուրիշների շահերն իր անձնականից առաջ էր դասում։ Մի անգամ Հիսուսը և իր աշակերտները այնքան էին տարվել մարդկանց ուսուցանելով, որ նույնիսկ ճաշելու ժամանակ չունեցան։ Հիսուսը զգաց, որ իր աշակերտները հանգստի կարիք ունեին, ուստի նրանց հետ առանձնացավ մի ամայի վայրում։ Բայց այդ վայրը հասնելուն պես նրանք տեսան, որ մարդկանց մի նոր բազմություն իրենց է սպասում։ Իսկ դուք ինչպե՞ս կարձագանքեիք, եթե տեսնեիք, որ մի խումբ մարդիկ ձեզանից սպասելիքներ ունեն, բայց զգում եք, որ փոքր–ինչ հանգստանալ է պետք։ Հիսուսը «գթաց նրանց» և «սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ» (Մարկոս 6։34)։ Մարդկանց մասին մտահոգությունը միշտ մղում էր Հիսուսին օգնության ձեռք մեկնել նրանց։
Հիսուսը մարդկանց համար ավելին արեց, քան պարզապես սովորեցնելը. նա նաև գործնական օգնություն ցույց տվեց։ Օրինակ՝ մի առիթով նա կերակրեց ավելի քան 5 000 հոգու, որոնք մինչև երեկո կլանված լսում էին նրան։ Շատ չանցած կերակրեց ուրիշ մեծ բազմության՝ այս անգամ 4 000–ից ավել հոգուց բաղկացած։ Այդ մարդիկ երեք օր շարունակ ունկնդրում էին նրան, և դա էր պատճառը, որ ուտելու այլևս ոչինչ չունեին։ Առաջին անգամ Հիսուսը գործածեց հինգ նկանակ (հաց) և երկու ձուկ, իսկ մյուս դեպքում՝ յոթ նկանակ և մի քանի ձուկ (Մատթէոս 14։14—22; 15։32—38)։ Հրա՞շք անվանենք։ Այո՛, Հիսուսը հրաշագործ էր։
Հիսուսը նաև շատ հիվանդների բժշկեց։ Նա բուժեց կույրերի, կաղերի, բորոտների և խուլերի։ Նա նույնիսկ մահացածին կենդանացրեց (Ղուկաս 7։22; Յովհաննէս 11։30—45)։ Մի անգամ բորոտությամբ տառապող մի հիվանդ աղաչանքով նրան ասաց. «Եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսն այս աղերսանքին... «Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»» (Մարկոս 1։40, 41)։ Իր գործած հրաշքներով Հիսուսը տառապող մարդկանց հանդեպ սեր ցույց տվեց։
Դժվարանո՞ւմ եք հավատալ Հիսուսի գործած հրաշքներին։ Շատերն են դժվարանում։ Բայց մի մոռացեք, որ Հիսուսն իր հրաշքները ի տես բոլորին էր ներկայացնում։ Նույնիսկ նրա հակառակորդները, որոնք ամեն առիթով փորձում էին սխալ գտնել նրա արարքներում, չկարողացան մերժել, որ նա հրաշագործ էր (Յովհաննէս 9։1—34)։ Բացի այդ, նրա հրաշքները որոշակի նպատակ ունեին։ Դրանք օգնում էին մարդկանց ճանաչել Հիսուսին՝ որպես Աստծուց ուղարկված Մեկի (Յովհաննէս 6։14)։
Հրաշքներ գործելիս Հիսուսը չէր ցանկանում իր վրա ուշադրություն հրավիրել։ Ընդհակառակը, նա փառաբանում էր Աստծուն՝ իր զորության Աղբյուրին։ Մի անգամ Կափառնայումի տներից մեկում մարդիկ էին հավաքվել. նրանց մեջ էր նաև Հիսուսը։ Անդամալույծ մեկը ցանկանում էր բժշկվել, սակայն չէր կարող նրան մոտենալ։ Անդամալույծի ընկերները որոշում են տանիքից նրան մահճակալով ցած իջեցնել։ Տեսնելով նրանց հավատը՝ Հիսուսը բժշկում է անդամալույծին։ Իրենց աչքերով տեսնելով կատարվածը՝ ներկաները «փառք էին տալիս Աստծուն» և ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել» (Մարկոս 2։1—4, 11, 12)։ Հիսուսի հրաշքները փառք էին բերում Եհովային՝ նրա Աստծուն, և օգնում էին կարիքավորներին։
Այնուամենայնիվ, հրաշքով հիվանդությունները բուժելը Հիսուսի ծառայության հիմնական նպատակը չէր։ Հիսուսի կյանքը նկարագրողներից մեկը բացատրում է. «Այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք» (Յովհաննէս 20։31)։ Այո՛, Հիսուսը եկավ երկիր, որպեսզի իրեն հավատացողները կյանք ունենան։
Հիսուսի զոհաբերությունը
«Հիսուսը երկի՞ր է եկել,— գուցե հարցնեք,— իսկ որտեղի՞ց է եկել»։ Հիսուսն ինքն է տալիս այս հարցի պատասխանը. «Ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց» (Յովհաննէս 6։38)։ Նա գոյություն է ունեցել մինչև մարդկանց ստեղծվելը՝ որպես Աստծո միածին Որդի։ Իսկ ո՞րն էր կամքը Նրա, ով Հիսուսին երկիր ուղարկեց։ «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց,— գրում է Հովհաննեսը՝ ավետարանագիրներից մեկը,— որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։ Ինչպե՞ս էր դա հնարավոր։
Աստվածաշունչը պարզաբանում է, թե ինչպե՛ս մահը մարդկանց համար անխուսափելի դարձավ։ Աստված առաջին մարդկային զույգին կյանք շնորհեց՝ հավիտյան ապրելու հեռանկարով։ Սակայն նրանք նախընտրեցին չհնազանդվել իրենց Արարչին (Ծննդոց 3։1—19)։ Արդյունքում՝ այդ արարքը՝ մարդկային առաջին մեղքը, Ադամի ու Եվայի սերունդների համար անցանկալի ժառանգություն թողեց. դա մահն էր (Հռովմայեցիս 5։12)։ Որպեսզի մարդիկ ապրեն իսկական կյանքով, հարկավոր է վերացնել մեղքն ու մահը։
Չկա մի գիտնական, որը կարողանա մարդկանց մահից ազատել գենետիկական ինժեներության որևէ մեթոդ կիրառելու միջոցով։ Մինչդեռ մարդկության Արարիչը մտադիր է հնազանդ մարդկանց կատարելության հասցնել այնպես, որ նրանք կարողանան հավիտյան ապրել։ Աստվածաշնչում այս միջոցառումը կոչվում է փրկանք։ Առաջին մարդկային զույգը իրենց և իրենց զավակներին վաճառեցին մեղքի և մահվան ստրկության։ Նրանք իրենց կատարյալ կյանքը և Եհովային հնազանդվելը փոխեցին Աստծուց անկախ կյանքի հետ, որտեղ ճշտի ու սխալի վերաբերյալ որոշումն իրենք էին կայացնելու։ Կատարյալ մարդկային կյանքը վերադարձնելու համար պետք է մեր նախածնողների կորցրած կատարյալ մարդկային կյանքին համարժեք փրկագին վճարվեր։ Անկատարություն ժառանգելու հետեվանքով մարդիկ ի վիճակի չեղան այդ փրկագինը վճարելու (Սաղմոս 49։7)։
Ուստի, Եհովան միջամտեց այդ հարցին։ Նա իր միածին Որդու կատարյալ կյանքը փոխադրեց կույսի արգանդը, որից էլ ծնվեց Հիսուսը։ Մի քանի տասնամյակ առաջ դուք, հավանաբար, կմերժեիք այն գաղափարը, թե կույսը կարող է ծննդաբերել։ Սակայն, ժամանակակից գիտնականներին հաջողվել է անսեռ բազմացում կատարել կաթնասուն կենդանիների մոտ, և մի կենդանուց որոշ քանակության գեներ տեղափոխել մեկ ուրիշի մեջ։ Այդ դեպքում ո՞վ կարող է հարցի տակ դնել Արարչի կարողությունը, թե նա ի զորու է շրջանցել ծննդի հիմքում ընկած կանոնավոր պրոցեսը։
Երկրի վրա կատարյալ մարդկային կյանքի առկայությամբ հնարավոր դարձավ վճարել մարդկությանը մեղքից ու մահից ազատագրելու գինը։ Սակայն, մինչև «բուժարար» դառնալը և մարդկանց ցավերը «բժշկելը», երկրի վրա ծնված փոքրիկ Հիսուսը դեռ պետք է մեծանար և ապրեր կատարյալ, անարատ կյանքով։ Նա ոչ միայն ականատես եղավ մեղքի տակ գտնվող մարդկանց տառապանքներին, այլև անձամբ «ճաշակեց» մարդու ֆիզիկական կարողությունների սահմանափակումները։ Վերջինիս գիտակցումը նրան ավելի կարեկից «բուժարար» դարձրեց (Եբրայեցիս 4։15)։ Հրաշագործ բուժումները, որոնք արեց Հիսուսն իր երկրային կյանքի ընթացքում, փաստեցին, որ նա և՛ ցանկանում է, և՛ կարող է բուժել հիվանդներին (Մատթէոս 4։23)։
Երկրի վրա իր երեքուկես տարվա ծառայությունից հետո Հիսուսը սպանվեց հակառակորդների ձեռքով։ Նա ցույց տվեց, որ կատարյալ մարդն անգամ ամենածանր փորձությունների ներքո կարո՛ղ է հնազանդ մնալ Արարչին։ (Ա Պետրոս 2։22)։ Նրա զոհաբերած կատարյալ մարդկային կյանքը դարձավ փրկագին, ինչի շնորհիվ մարդկությունը կարող էր ազատագրվել մեղքից ու մահից։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար» (Յովհաննէս 15։13)։ Իր մահից երեք օր անց նա հարուցվեց հոգևոր կյանքի, իսկ մի քանի շաբաթ հետո երկինք համբարձվեց, որպեսզի փրկագինը ներկայացնի Եհովա Աստծուն (Ա Կորնթացիս 15։3, 4; Եբրայեցիս 9։11—14)։ Այդպես վարվելով՝ Հիսուսը կարողացավ իր քավիչ զոհաբերության արժեքն օգտագործել ի օգուտ իր հետևորդների։
Արդյոք չե՞ք ցանկանում օգտվել այդ զոհաբերությունից՝ «բժշկվելով» հոգևոր, էմոցիոնալ և ֆիզիկական տառապանքներից. դրա համար պահանջվում է հավատ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ինչո՞ւ անձամբ չգնալ Բուժարարի մոտ. դա կարելի է անել, եթե սովորենք Հիսուս Քրիստոսի և հավատարիմ մարդկանց փրկելու գործում նրա կատարած դերի մասին։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ այդ հարցում։
[նկար 5–րդ էջի վրա]
Հիսուսը և՛ ցանկանում է, և՛ կարող է բժշկել հիվանդներին։
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսի մահն ի՞նչ ազդեցություն է թողել քեզ վրա։