Ինչո՞ւ հավատալ Հիսուս Քրիստոսին
«ՆՈՒՅՆԻՍԿ քրիստոնյա չհամարվող շատ մարդիկ հավատում են, որ Նա մեծ մարդ էր և իմաստուն ուսուցիչ։ Անշուշտ, Նա երբևէ ապրած ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր» («Համաշխարհային հանրագիտարան», [«The World Book Encyclopedia»])։ Ո՞վ է «Նա»։ Այդ անձնավորությունը Հիսուս Քրիստոսն է՝ քրիստոնեության հիմնադիրը։
Սակայն, հակառակ հանրագիտարանի վերոհիշյալ հաղորդագրությանը, Արևելքում կամ ուրիշ վայրերում ապրող հարյուր միլիոնավոր մարդիկ չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին, և միակ բանը, որ նրանք հիշում են միջնակարգ դպրոցի դասագրքերից, դա նրա անունն է։ Մինչև անգամ քրիստոնյա աշխարհի աստվածաբաններն ու եկեղեցիների հոգևորականներն այն կարծիքին են, որ իրականում մենք չենք ճանաչում Հիսուսին, և կասկածանքով են վերաբերվում Հիսուսի կյանքը նկարագրող Աստվածաշնչի չորս Ավետարանների հաղորդագրությունների ճշգրտությանը։
Կարո՞ղ էին արդյոք ավետարանագիրները հորինել Հիսուսի կյանքի պատմությունը։ Ո՛չ, չէին կարող։ Հայտնի պատմաբան Ուիլ Դյուրանտը Ավետարանների հաղորդագրությունները վերլուծության ենթարկելուց հետո գրեց. «Եթե մի սերնդի ընթացքում ապրող մի քանի հասարակ մարդ կարողանար հորինել այսպիսի հզոր ու գրավիչ կերպար, այսպիսի բարձր էթիկա և մարդկանց միասնական եղբայրության այսչափ ոգևորիչ նկարագրություն, ապա դա կլիներ մի հրաշք, որը շատ ավելի անհավատալի կլիներ, քան Ավետարաններում արձանագրված ցանկացած հրաշքը։ Բարձրագույն քննադատությունից անգամ երկու դար հետո Քրիստոսի կյանքի նկարագրությունը, խառնվածքը և ուսուցումները բավականին մաքուր են մնացել, և Արևմուտքի բնակիչների համար նա ամենագրավիչ անձնավորությունն է համարվում»։
Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք չեն ընդունում Հիսուս Քրիստոսին և իրենց ուշադրությանն անարժան են համարում՝ այսպես կոչված նրա «հետևորդների» վարքի պատճառով։ «Նրանք Նագասակիի վրա ատոմային ռումբ գցեցին,— կարող են ասել Ճապոնիայի շատ բնակիչներ,— այն դեպքում, երբ Նագասակիում ավելի շատ քրիստոնյաներ էին ապրում, քան Ճապոնիայի շատ քաղաքներում»։ Բայց կմեղադրե՞ք արդյոք բժշկին այն պարագայում, եթե հիվանդը չի հետևում նրա հրահանգներին։ Իրենց քրիստոնյա համարող շատ մարդիկ մերժում են մարդկության ցավերը «բուժելու» համար Հիսուսի նշանակած «դեղատոմսը»։ Մինչդեռ Հիսուսը մեր առօրյա պրոբլեմները լուծելու, ինչպես նաև մարդկության կրած տառապանքները վերացնելու միջոց է առաջարկել։ Այդ կապակցությամբ հրավիրում ենք ձեզ ընթերցել հաջորդ հոդվածը և տեսնել, թե ինչպիսի մարդ է եղել նա։