Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
«Նույնիսկ ոչ քրիստոնյա շատ անհատներ համոզված են, որ Նա մեծ մարդ է եղել և իմաստուն ուսուցիչ։ Ինչ խոսք, Նա երբևէ ապրած ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է» («Համաշխարհային հանրագիտարան» [«The World Book Encyclopedia»])։ Ո՞վ է «Նա»։ Այդ անձնավորությունը Հիսուս Քրիստոսն է՝ քրիստոնեության հիմնադիրը։ Իսկ անձամբ դուք գիտե՞ք, թե ով է նա։ Կամ նա որևէ ազդեցություն թողնո՞ւմ է ձեր կյանքի վրա։
Հիսուսի ծառայության հետ առնչվող դեպքերն արձանագրված են Աստվածաշունչ գրքի չորս պատմական աշխատություններում, որոնք կոչվում են «Ավետարաններ»։ Որքանո՞վ են ճշգրիտ այդ հաղորդագրությունները։ Ավետարանները վերլուծության ենթարկելուց հետո հայտնի պատմաբան Ուիլ Դյուրանտը գրեց. «Եթե միևնույն սերնդի ընթացքում ապրող մի քանի հասարակ մարդիկ ի վիճակի լինեին հորինել այսքան հզոր ու գրավիչ կերպար, այսպիսի բարձր էթիկա և եղբայրասիրության այսչափ ոգեշնչող դրսևորում, ապա դա կլիներ շատ ավելի անհավանական մի հրաշք, քան Ավետարաններում արձանագրվածներից որևէ մեկը»։
Սակայն, Արևելքի երկրներում և էլի շատ ուրիշ վայրերում ապրող միլիոնավոր մարդկանց համար բոլորովին խորթ է Հիսուս Քրիստոսի անունը։ Նույնիսկ հնարավոր է՝ նրանք հավատան, որ Հիսուսը գոյություն է ունեցել, բայց չկարծեն, որ նա որևէ առնչություն ունի իրենց կյանքի հետ։ Մարդկանց մեկ ուրիշ մասի մեջ էլ Հիսուս Քրիստոսի հանդեպ նման անտարբերություն ձևավորվել է Քրիստոսի այսպես կոչված հետևորդների վարքի պատճառով։ «Նրանք Նագասակիի վրա ատոմային ռումբ գցեցին,— կարող են ասել Ճապոնիայի բնակիչներից ոմանք,— մինչդեռ այդ քաղաքում ավելի շատ քրիստոնյաներ էին բնակվում, քան Ճապոնիայի մյուս քաղաքներում»։
Իսկ ի՞նչ եք կարծում, կարելի՞ է մեղադրել բժշկին, եթե հիվանդը չի կամենում հետևել նրա նշանակումներին։ Իհարկե, ոչ։ Քրիստոնեական աշխարհում վաղուց արդեն հրաժարվել են առօրյա խնդիրները լուծելու համար Հիսուսի «նշանակած դեղամիջոցից»։ Ուրեմն, ինչո՞ւ նրա ուսուցումներին չհետևող, այսպես կոչված քրիստոնյաների վարքի պատճառով մերժել նրան՝ Հիսուսին, եթե փոխարենը կարելի է անձամբ տեղեկանալ նրա մասին։ Դիմենք Աստվածաշնչին և պարզենք, թե իրականում ով է Հիսուս Քրիստոսը, և նա ինչպես կարող է վերափոխել անհատի կյանքը։
Սեր, ահա՛ նրա «նշանակած դեղամիջոցը»
Հիսուս Քրիստոսը մեծ ուսուցիչ է եղել և ապրել է մոտ 2 000 տարի առաջ Պաղեստինում։ Նրա մանկության մասին մեզ քիչ բան է հայտնի (տես Մատթեոսի Ավետարանի, ինչպես նաև Ղուկասի Ավետարանի առաջին երկու գլուխները)։ Երեսուն տարեկան հասակում նա սկսում է իր ծառայությունը, ‘որպեսզի ճշմարտության համար վկայի’ (Յովհաննէս 18։37; Ղուկաս 3։21–23)։ Պատմելով Հիսուսի մասին՝ չորս ավետարանագիրներն էլ կենտրոնանում են նրա երկրային կյանքի վերջին երեք ու կես տարիների ծառայության վրա։
Ծառայության ընթացքում Հիսուսն իր աշակերտներին տվեց կյանքի տարբեր խնդիրները դիմագրավելու «բանալին»։ Իսկ ո՞րն էր այդ «բանալին»։ Դա սերն էր։ Երբևէ մատուցված քարոզներից ամենամեծ ճանաչումն ունեցող Լեռան քարոզում Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց սեր ցուցաբերել դրացու հանդեպ։ Նա ասաց. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց» (Մատթէոս 7։12)։ Այս սկզբունքը հայտնի է որպես «Ոսկե կանոն»։ Իսկ «մարդիկ» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ անգամ թշնամիներին։ Նույն քարոզում նա ասաց. «Սիրեցէ՛ք ձեր թշնամիներին.... եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում» (Մատթէոս 5։44)։ Մի՞թե նման սերը չէր լուծի այսօր մեր դեմ ծառացած բազում խնդիրները։ Ժամանակին նման կարծիք է հայտնել նաև Հնդկաստանի առաջնորդներից մեկը՝ Մոհանդաս Գանդին։ Ահա թե ինչ է նա ասել. «Երբ [մեր երկրները] փոխադարձ համաձայնության գան Լեռան քարոզում Հիսուսի տված ուսմունքների հիման վրա, ապա կլուծենք.... ամբողջ աշխարհի [խնդիրները]»։ Իրոք որ, կիրառելով սիրո վերաբերյալ Հիսուսի ուսուցումները՝ մարդկության խնդիրները հնարավո՛ր է հաղթահարել։
Սեր, որ դրսևորվում էր գործերով
Հիսուսն անձամբ կիրառում էր այն, ինչը սովորեցնում էր։ Նա ուրիշների շահը իր անձնականից վեր էր դասում և իր սերը ցույց էր տալիս գործերով։ Մի անգամ Հիսուսն իր աշակերտների հետ միասին ծառայում էր մարդկանց մի մեծ բազմության՝ առանց հանգստի ու կերակուրի։ Նկատելով, որ աշակերտները ‘մի քիչ հանգստանալու’ կարիք ունեն՝ նա առաջարկեց տեղափոխվել մի ամայի վայր։ Սակայն մարդկանց բազմությունը նրանցից առաջ հասավ այնտեղ ու սպասեց նրանց ժամանելուն։ Իսկ այս դեպքում դո՛ւք ինչպես կվարվեիք, եթե հայտնվեիք նման իրավիճակում։ Նա «գթաց նրանց.... եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ» (Մարկոս 6։30–34)։ Կարեկցանքի այդպիսի խոր զգացումը նրան դրդում էր օգնել մարդկանց։
Հիսուսի ծառայությունը հօգուտ մարդկանց չէր սահմանափակվում միայն հոգևոր ուսուցումներով. այն նաև ընդգրկում էր գործնական բնույթի օգնություն։ Օրինակ՝ մի օր նա կերակրում է 5 000 հոգու (չհաշված կանանց ու երեխաներին), որոնք մինչև ուշ երեկո մնացել էին իրեն լսելու։ Ավելի ուշ նա կերակրում է ևս 4 000 հոգու։ Առաջին դեպքում նա բազմությանը կերակրում է 5 հացով և երկու ձկով, իսկ երկրորդ դեպքում՝ յոթ հացով և մի քանի ձկներով (Մատթէոս 14։14–21; 15։32–38; Մարկոս 6։35–44; 8։1–9)։ Հրաշքներ չե՞ն արդյոք։ Այո՛, Հիսուսը հրաշքներ էր գործում։
Հիսուսը նաև շատ հիվանդների բժշկեց՝ կույրերի, կաղերի, բորոտների և խուլերի։ Դեռ ավելին, նա կյանքի կոչեց նույնիսկ մի քանի մահացածների (Ղուկաս 7։22; Յովհաննէս 11։30–45)։ Մի անգամ բորոտությամբ տառապող մեկը աղերսեց նրան. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսն այդ աղերսանքին։ «Ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»» (Մարկոս 1։40, 41)։ Հիսուսն անկեղծորեն ցանկանում էր օգնել այդպիսի անհատներին։ Եվ նման հրաշքներ գործելով՝ նա ցույց էր տալիս տառապյալի հանդեպ իր սերը։
Դժվա՞ր է հավատալը։ Նկատի ունեցեք, որ Հիսուսն այդ հրաշքների մեծ մասը գործում էր հանրության առջև։ Նույնիսկ նրանք, ովքեր ամեն կերպ առիթ էին փնտրում որևէ սխալ գտնել նրա արարքներում, չէին կարող ժխտել նրա հրաշագործ լինելը (Յովհաննէս 9։1–34)։ Այդ հրաշքները ծառայում էին նաև որոշակի նպատակի. օգնում էին մարդկանց ընդունել Հիսուսին որպես Աստծո կողմից ուղարկված անձնավորության (Յովհաննէս 6։14)։
Բավական է նույնիսկ համառոտակի ծանոթանալ Հիսուսի ուսուցումներին ու կյանքին, որպեսզի յուրաքանչյուր անհատի սրտում առաջանա նրա հանդեպ համակրանք ու նրա սերն ընդօրինակելու ցանկություն։ Սակայն Հիսուսը միայն այդ առումով չէ, որ կարող է ազդել մեր կյանքի վրա։ Չի կարելի ասել, որ նա զուտ սեր ուսուցանող մի մեծ ուսուցիչ էր։ Նա նշեց, որ, նախքան որպես մարդ երկիր գալը, եղել է Աստծո միածին Որդին (Յովհաննէս 1։14; 3։16; 8։58; 17։5; Ա Յովհաննէս 4։9)։ Դրանից բացի, կարևոր է հատկապես իմանալ, որ նրա երկրային կյանքի ավարտը չհանդիսացավ նրա գոյության ավարտ ընդհանրապես։ Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ Հիսուսը հարություն է ստացել և ներկայումս գահակալված է՝ որպես Աստծո Թագավորության Թագավոր (Յայտնութիւն 11։15)։ Մի առիթով նա ասել է. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3; 20։31)։ Իսկապես, Հիսուս Քրիստոսի մասին գիտություն ստանալը մեզ կարող է առաջնորդել անվերջ կյանքի Դրախտային երկրում։ Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր։ Ինչո՞ւ ավելի շատ չսովորել Հիսուսի մասին և տեսնել, թե ինչպե՛ս կարող է ‘Քրիստոսի սերը մեզ ստիպել’ նրան ընդօրինակել (Բ Կորնթացիս 5։14)։ Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնել ձեզ այդ հարցում (Յովհաննէս 13։34, 35)։
Եթե այլ կերպ նշված չէ, Աստվածաշնչի մեջբերումները վերցված են՝ Եբրայերեն գրությունները՝ Արարատ թարգմանությունից (ԱԹ) և Հունարեն գրությունները՝ Էջմիածնի թարգմանությունից (ԷԹ)։