ԴԱՍ 40
Ինչպե՞ս կարող ես մաքուր լինել Եհովայի աչքում
Պատկերացրու՝ մայրը պատրաստվում է իր փոքր տղային դպրոց ուղարկել։ Նա հավաստիանում է, որ երեխան լողացած ու սանրված է, իսկ նրա հագուստը՝ կոկիկ ու մաքուր։ Այդպիսով մայրը հոգ է տանում իր երեխայի առողջության մասին, և շրջապատի մարդիկ տեսնում են, որ երեխան լավ ծնողներ ունի։ Նմանապես՝ մեր Հայրը՝ Եհովան, ուզում է, որ մենք մաքուր լինենք թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես։ Մաքրությունը մեր իսկ օգտի համար է, ինչպես նաև պատիվ է բերում մեր Աստծուն։
1. Ինչպե՞ս կարող ենք ֆիզիկապես մաքուր լինել
Եհովան ասել է. «Սուրբ եղեք» (1 Պետրոս 1։16)։ Այս պատվերը վերաբերում է թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաքուր լինելուն։ Ֆիզիկապես մաքուր լինելու համար մենք պետք է կանոնավորաբար լողանանք և մաքուր ու կոկիկ վիճակում պահենք մեր հագուստը, տունն ու մեքենան։ Լավ կլինի նաև, որ մասնակցենք Ժողովների սրահի մաքրության գործերին։ Ֆիզիկական մաքրություն պահպանելով՝ մենք պատիվ կբերենք Եհովային (2 Կորնթացիներ 6։3, 4)։
2. Մաքուր լինելու համար ո՞ր սովորություններից պետք է հեռու մնանք
Աստվածաշունչը հորդորում է, որ «մաքրենք մեզ մարմնի ու մտքի ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։ Ուստի մենք խուսափում ենք ցանկացած բանից, ինչը կարող է վնասել և պղծել մեր մարմինն ու միտքը։ Մեր մտքերը պետք է հաճելի լինեն Եհովային, այդ պատճառով ամեն ինչ անում ենք, որ հեռու վանենք անվայել մտքերը (Սաղմոս 104։34)։ Մենք նաև խուսափում ենք անպարկեշտ զրույցներից, գռեհիկ և վիրավորական խոսքից (կարդա Կողոսացիներ 3։8)։
Է՞լ ինչերը կարող են մեզ ֆիզիկապես կամ բարոյապես անմաքուր դարձնել։ Որոշ նյութեր կարող են պղծել մեր մարմինը։ Դրա համար մենք ծխախոտ չենք գործածում, թմբուլի ընկույզ կամ կոկաինի տերևներ չենք ծամում, ինչպես նաև թմրանյութեր չենք օգտագործում ոչ բժշկական նպատակներով։ Այդ ամենից հեռու մնալով՝ պահպանում ենք մեր առողջությունը և ցույց ենք տալիս, որ գնահատում ենք կյանքը։ Մենք նաև ձգտում ենք բարոյապես մաքուր լինել՝ խուսափելով ձեռնաշարժությամբ զբաղվելու և պոռնկագրություն դիտելու անմաքուր սովորություններից (Սաղմոս 119։37; Եփեսացիներ 5։5)։ Հնարավոր է՝ դժվար լինի ձերբազատվել այդ սովորություններից, բայց Եհովան պատրաստ է օգնել մեզ (կարդա Եսայիա 41։13)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ֆիզիկական մաքրությունն ինչպես է փառք բերում Եհովային, և իմացիր, թե ինչպես կարելի է հաղթահարել անմաքուր սովորությունները։
3. Ֆիզիկական մաքրությունը փառք է բերում Եհովային
Մենք կարող ենք հասկանալ մաքրության վերաբերյալ Եհովայի տեսակետը՝ ուսումնասիրելով Իսրայելի ազգին նրա տված պատվիրանները։ Կարդացեք Ելք 19։10-ը և 30։17-19-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ այս համարների՝ Եհովան ի՞նչ տեսակետ ունի ֆիզիկական մաքրության վերաբերյալ։
Ո՞ր սովորությունները կօգնեն քեզ ֆիզիկապես մաքուր մնալ։
Ֆիզիկապես մաքուր լինելը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Սակայն մենք կարող ենք պահպանել մեր մաքրությունը՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում և ֆինանսապես ինչ վիճակում ենք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.
Ինչո՞ւ է կարևոր, որ քարոզչական ծառայության ժամանակ կոկիկ տեսք ունենանք, և մեր իրերը մաքուր լինեն։
4. Հաղթահարիր վատ սովորությունները
Եհովան կարող է օգնել մեզ հաղթահարել ցանկացած վատ սովորություն
Եթե ծխում ես կամ ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցներ ես օգտագործում, թերևս քեզ համար դժվար լինի ազատվել այդ սովորությունից։ Ի՞նչը կարող է օգնել քեզ։ Մտածիր, թե այդ վատ սովորությունը ինչպես է ազդում քեզ վրա։ Կարդացեք Մատթեոս 22։37-39-ը և քննարկեք, թե ծխախոտ և թմրանյութեր օգտագործելն ինչպես կարող է անդրադառնալ՝
Եհովայի հետ ունեցած քո մտերմության վրա,
ընտանիքիդ անդամների և շրջապատիդ մարդկանց վրա։
Վատ սովորության դեմ պայքարելու համար գործողությունների պլան մշակիր։a Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Փիլիպպեցիներ 4։13-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Կանոնավոր աղոթելը, Աստվածաշունչ ուսումնասիրելը և ժողովներին հաճախելը ինչպե՞ս կարող են օգնել վատ սովորությունների դեմ պայքարում։
5. Պայքարիր անմաքուր մտքերի և արարքների դեմ
Կարդացեք Կողոսացիներ 3։5-ը և քննարկեք այս հարցերը.
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ պոռնկագրություն դիտելը, սեքստինգով և ձեռնաշարժությամբ զբաղվելը Աստծու համար անմաքուր արարքներ են։
Բարոյապես մաքուր լինելու վերաբերյալ Եհովայի պահանջը խելամի՞տ է։ Ինչո՞ւ։
Տես, թե ինչպես կարող ես պայքարել անմաքուր մտքերի դեմ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Հիսուսը օրինակով ցույց տվեց, որ բարոյապես մաքուր մնալու համար պետք է վճռական քայլեր ձեռնարկենք։ Կարդացեք Մատթեոս 5։29, 30-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Հիսուսը նկատի չուներ, որ պետք է վնասենք ինքներս մեզ։ Նա ցանկանում էր ընդգծել այն փաստը, որ հարկավոր է վճռականորեն գործել։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք անմաքուր մտքերը վանելու համար։b
Եթե պայքարում ես անմաքուր մտքերի դեմ, վստահ եղիր, որ Եհովան գնահատում է քո ջանքերը։ Կարդացեք Սաղմոս 103։13, 14-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Աստվածաշնչյան այս համարները ինչպե՞ս կարող են օգնել քեզ չհանձնվել անմաքուր սովորության դեմ պայքարում։
Սայթաքելը պարտություն չէ
Գուցե մտածես. «Նորից չկարողացա ինձ տիրապետել. պայքարելն անիմաստ է»։ Երբ վազորդը սայթաքում է և ընկնում, դա դեռ չի նշանակում, որ նա պարտվել է մրցավազքում կամ պետք է նորից վազի մրցուղու սկզբից։ Նմանապես՝ երբ սովորություններդ գլուխ են բարձրացնում, դա դեռ չի նշանակում, որ քո պայքարում պարտվել ես կամ պետք է զրոյից սկսես։ Սայթաքելը նորմալ է։ Դա պայքարի մի մասն է։ Ուստի մի՛ հանձնվիր։ Եհովայի օգնությամբ կկարողանաս հաղթահարել քո վատ սովորությունը։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես կախվածություն ունեմ։ Ոչինչ չեմ կարող փոխել»։
Կախվածություն ունեցող մարդուն աստվածաշնչյան ո՞ր համարի միջոցով ցույց կտաս, որ Եհովայի օգնությամբ կարող է հաղթահարել վատ սովորությունը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Երբ մեր մարմինը, միտքը և վարքը մաքուր ենք պահում, հաճեցնում ենք Եհովային։
Վերհիշենք
Ինչո՞ւ է մաքուր լինելն այդքան կարևոր։
Ինչպե՞ս կարող ես ֆիզիկապես մաքուր լինել։
Ի՞նչ կարող ես անել, որ վարքդ ու մտքերդ մաքուր լինեն։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ո՞ր պարզ քայլերը կօգնեն նույնիսկ սուղ միջոցների դեպքում ֆիզիկապես մաքուր լինել։
Տես, թե որ գործնական քայլերը կօգնեն թողնել ծխելը։
Քննիր, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պոռնկագրություն դիտելը։
«Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք...» («Դիտարան», 2013, օգոստոսի 1)
Տես, թե մի մարդ ինչպես ձերբազատվեց պոռնկագրություն դիտելու սովորությունից։
«Չնայած բազում սայթաքումներին՝ կարողացա հաղթահարել թուլությունս» («Դիտարան», 2016, № 4)
a «Բացահայտիր ավելին» բաժնում նշված «Ինչպես թողնել ծխելը» վերնագրով հոդվածների շարքում գործնական խորհուրդներ կան այն մասին, թե ինչպես ազատվել կախվածությունից։
b Ձեռնաշարժությունից ձերբազատվելու մասին խորհուրդներ կարող ես գտնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորի 25-րդ գլխում, որի վերնագիրն է «Ինչպե՞ս հաղթահարեմ ձեռնաշարժության սովորությունը»։