ԴԱՍ 05
Աստվածաշունչը Աստծու ուղերձն է մեզ
Եհովան մի հրաշալի նվեր է տվել մեզ։ Այդ նվերը Աստվածաշունչն է, որը 66 գրքերի ժողովածու է։ Գուցե մտածես. «Ինչպե՞ս է գրվել Աստվածաշունչը։ Ո՞վ է այդ գրքի հեղինակը»։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար քննենք, թե ինչպես է Աստվածաշունչը հասել մեզ։
1. Եթե մարդիկ են գրել Աստվածաշունչը, ինչո՞ւ ենք ասում, որ Աստված է դրա Հեղինակը
Աստվածաշունչը գրել են մոտ 40 տղամարդիկ ավելի քան 1 600 տարիների ընթացքում՝ սկսած մ.թ.ա. 1513 թ.-ից մինչև մ.թ. 98 թ.։ Թեև այն գրողները տարբեր ծագում և կրթություն են ունեցել, սակայն նրանց գրվածքներում հակասություններ չկան. Աստվածաշնչի բոլոր մասերը ներդաշնակ են։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Շնորհիվ այն բանի, որ այդ գրքի Հեղինակը Աստված է (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Աստվածաշունչը գրողները ոչ թե իրենց մտքերն են արձանագրել, այլ «սուրբ ոգուց մղված՝ Աստծու խոսքն են հաղորդել»a (2 Պետրոս 1։21)։ Այսինքն՝ Աստված իր սուրբ ոգու միջոցով ներշնչել կամ մղել է այդ տղամարդկանց գրելու իր մտքերը (2 Տիմոթեոս 3։16)։
2. Ովքե՞ր կարող են օգուտներ քաղել Աստվածաշնչից
«Ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի պատկանող մարդիկ» կարող են օգուտներ քաղել Աստվածաշնչում գրված բարի լուրից (կարդա Հայտնություն 14։6)։ Աստված հոգ է տարել, որ Աստվածաշունչը հասանելի լինի բազմաթիվ լեզուներով։ Պատմության մեջ ոչ մի գիրք այնքան շատ լեզուներով չի թարգմանվել, որքան Աստվածաշունչը։ Այսօր այն հասանելի է գրեթե բոլորին՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում և ինչ լեզվով են խոսում։
3. Ինչպե՞ս է Եհովան հոգ տարել, որ Աստվածաշունչը հասնի մեզ
Աստվածաշունչը գրվել է այնպիսի նյութերի վրա, որոնք ժամանակի ընթացքում քայքայվում են, օրինակ՝ կաշվի և պապիրուսի վրա։ Սակայն Աստվածաշնչի հանդեպ գնահատանք ունեցող որոշ մարդիկ ճշգրտությամբ արտագրել են այն։ Չնայած ղեկավարներից և կրոնական առաջնորդներից ոմանք փորձել են ոչնչացնել Աստվածաշունչը, բայց եղել են նաև մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են այն։ Եհովան թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարի մարդկանց հետ իր հաղորդակցությանը։ Աստվածաշնչում ասվում է. «Մեր Աստծու խոսքը հավիտյան է մնում» (Եսայիա 40։8)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Աստված ինչպես է ներշնչել որոշ տղամարդկանց գրելու Աստվածաշունչը, ինչպես է պահպանել այն և հասանելի դարձրել մարդկությանը։
4. Աստվածաշունչը բացահայտում է իր Հեղինակին
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Այնուհետև կարդացեք 2 Տիմոթեոս 3։16-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Եթե Աստվածաշունչը մարդիկ են գրել, ինչո՞ւ է այն կոչվում Աստծու Խոսք։
Քո կարծիքով՝ խելամի՞տ է հավատալ, որ Աստված իր մտքերը կարող էր հաղորդել մարդկանց։
Նամակը գուցե քարտուղարը գրի, բայց նամակի հեղինակը այն թելադրողն է։ Նմանապես թեև մարդիկ են գրել Աստվածաշունչը, սակայն դրա Հեղինակը Աստված է
5. Աստվածաշունչը ոչնչացնելու բոլոր ջանքերը զուր են եղել
Եթե Աստվածաշունչը Աստծուց է, ապա տրամաբանական է ակնկալել, որ նա կպահպաներ այն։ Մարդկության պատմության ընթացքում որոշ ազդեցիկ մարդիկ փորձել են ոչնչացնել Աստվածաշունչը։ Կրոնական առաջնորդները ամեն բան արել են, որ այն առեղծվածային ու անհասկանալի մնա մարդկանց համար։ Սակայն շատերը հակառակության ու մահվան սպառնալիքի տակ պաշտպանել են Աստվածաշունչը։ Նրանցից մեկի հետ ծանոթանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.
Այս տեղեկությունները մղո՞ւմ են քեզ կարդալու Աստվածաշունչը։ Ինչո՞ւ ես այդպես ասում։
Կարդացեք Սաղմոս 119։97-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչն է մղել շատերին թարգմանել և կրկնօրինակել Աստվածաշունչը՝ չնայած իրենց կյանքին սպառնացող վտանգներին։
6. Գիրք բոլորի համար
Աստվածաշունչը աշխարհում ամենաշատ թարգմանված ու տարածված գիրքն է։ Կարդացեք Գործեր 10։34, 35-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ է Աստված ուզում, որ իր Խոսքը այդքան շատ լեզուներով թարգմանվի և տարածվի։
Աստվածաշնչի վերաբերյալ ո՞ր փաստը ամենաշատը տպավորեց քեզ։
Երկրագնդի բնակչության գրեթե
100%-ին
Աստվածաշունչը հասանելի է
իրեն հասկանալի լեզվով
Այն առկա է ավելի քան
3 000
լեզուներով
մասամբ կամ ամբողջությամբ
5 000 000 000
Աստվածաշունչը իր տպաքանակով գերազանցել է
ցանկացած այլ գրքի
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչը ընդամենը մարդկանց կողմից գրված հին գիրք է»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
Ի՞նչն է փաստում, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Նա հոգ է տարել, որ այն հասանելի լինի ողջ մարդկությանը։
Վերհիշենք
Ի՞նչ է նշանակում այն, որ Աստվածաշունչը «Աստծու ներշնչմամբ է գրված»։
Աստվածաշնչի պահպանման, թարգմանության և տարածման հետ կապված ո՞ր փաստն է հատկապես տպավորում քեզ։
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, թե Աստված ինչքան բան է արել քեզ հետ հաղորդակցվելու համար։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ծանոթացիր Աստվածաշնչի պատմությանը՝ սկսած հին ձեռագրերից մինչև ժամանակակից թարգմանությունները։
«Ինչպես է Աստվածաշունչը հասել մեզ» («Արթնացե՛ք», 2008, հունվար-մարտ)
Իմացիր, թե ինչպես է Աստվածաշունչը պահպանվել՝ չնայած երեք լուրջ վտանգների։
«Աստվածաշունչ. ինչպես է այն պահպանվել» («Դիտարան», 2016, № 4)
Տես, թե ոմանք ինչ վտանգների առաջ են կանգնել, որպեսզի թարգմանեն Աստվածաշունչը։
Աստվածաշունչը բազմիցս արտագրել են ու թարգմանել։ Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ դրա բովանդակությունը չի փոխվել։
«Արդյո՞ք Աստվածաշունչը աղավաղվել կամ փոփոխության է ենթարկվել» (վեբ հոդված)
a Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է։ Այդ մասին կխոսվի 7-րդ դասում։