ԴԱՍ 06
Ինչպե՞ս է կյանքն առաջացել
Աստված է «կյանքի աղբյուրը» (Սաղմոս 36։9)։ Հավատո՞ւմ ես դրան։ Ոմանք կարծում են, որ կյանքը պատահական է առաջացել, առանց որևէ մեկի միջամտության։ Եթե այդպես է, ուրեմն մենք էլ ենք պատահական առաջացել։ Սակայն եթե կյանքը ստեղծվել է, ուրեմն այն նպատակ ունի։a Համաձայն չե՞ս։ Եկ քննենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում կյանքի ծագման վերաբերյալ, և տեսնենք, թե ինչու է դա խելամիտ։
1. Ինչպե՞ս է առաջացել տիեզերքը
Աստվածաշնչում ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Գիտնականների մեծ մասը նույնպես կարծում է, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Իսկ ինչպե՞ս է Աստված ստեղծել այն։ Նա իր «գործուն ուժի»՝ սուրբ ոգու միջոցով ստեղծել է տիեզերքում գոյություն ունեցող ամեն բան, այդ թվում՝ գալակտիկաները, աստղերը և մոլորակները (Ծննդոց 1։2)։
2. Ինչո՞ւ է Աստված ստեղծել Երկիր մոլորակը
Եհովան «զուր տեղը չարարեց [երկիրը], այլ բնակվելու համար ստեղծեց» (Եսայիա 45։18)։ Նա Երկիր մոլորակը ստեղծել է որպես հարմարավետ և մշտական բնակավայր մարդկանց համար (կարդա Եսայիա 40։28; 42։5)։ Ըստ գիտնականների՝ մեր մոլորակը առանձնահատուկ է։ Այն մեզ հայտնի միակ մոլորակն է, որտեղ կան մարդու կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
3. Ինչո՞վ են մարդիկ տարբերվում կենդանիներից
Երկրագունդը արարելուց հետո Եհովան ստեղծեց կյանքը մեր մոլորակի վրա։ Սկզբում Աստված երկիրը լցրեց բույսերով ու կենդանիներով, այնուհետև «իր պատկերով ստեղծեց մարդուն» (կարդա Ծննդոց 1։27)։ Իսկ ի՞նչն է մարդուն առանձնահատուկ դարձնում։ Քանի որ ստեղծված ենք Աստծու պատկերով, կարող ենք արտացոլել նրա հատկանիշները, օրինակ՝ սերն ու արդարությունը։ Նա նաև մեզ ստեղծել է լեզուներ սովորելու, գեղեցիկը գնահատելու և երաժշտությունը վայելելու ունակությամբ։ Բացի այդ՝ ի տարբերություն կենդանիների՝ մենք կարող ենք պաշտել մեր Արարչին։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր կյանքի ծագման մասին փաստեր և տես, թե ինչու է խելամիտ հավատալ արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչում գրված տեղեկություններին։ Տես, թե մեր լավ հատկանիշներն ինչ են սովորեցնում մեզ Աստծու մասին։
4. Կյանքը արարչագործության արդյունք է
Բնությունը կրկնօրինակելով՝ մարդիկ փառքի են արժանանում։ Իսկ ո՞վ պետք է փառքի արժանանա բնօրինակը ստեղծելու համար։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը.
Ինժեներներն ինչե՞ր են կրկնօրինակել բնությունից։
Ամեն տուն նախագծող ու կառուցող ունի։ Իսկ ո՞վ է նախագծել ու ստեղծել բնությունը։ Կարդացեք Եբրայեցիներ 3։4-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Բնության մեջ ի՞նչն է քեզ տպավորում։
Խելամի՞տ է հավատալ, որ տիեզերքը և դրանում եղած ամեն ինչ նախագծող է ունեցել։ Ինչո՞ւ։
Գիտեի՞ր
Այս թեմայի վերաբերյալ հոդվածներ և տեսանյութեր կարող ես գտնել jw.org կայքի «Արդյոք պատահականությո՞ւն է» և «Տեսակետներ կյանքի ծագման մասին» բաժիններում։
«Ամեն տուն կառուցող ունի, մինչդեռ ամեն բան ստեղծողն Աստված է»
5. Արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը խելամիտ է
Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի 1-ին գլխում նկարագրվում է, թե մեր մոլորակն ու կյանքը ինչպես են առաջացել։ Կարելի՞ է վստահել այս արձանագրությանը, թե՞ այն պարզապես առասպել է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Արդյո՞ք Աստվածաշունչը սովորեցնում է, որ Երկիր մոլորակն ու կյանքի բոլոր տեսակները ստեղծվել են բառացի վեց օրերի ընթացքում։
Քո կարծիքով՝ արարչագործության մասին աստվածաշնչյան արձանագրությունը տրամաբանակա՞ն է։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Կարդացեք Ծննդոց 1։1-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Գիտնականները կարծում են, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Արդյո՞ք նրանց տեսակետը համընկնում է վերոնշյալ համարում գրվածին։
Ոմանք մտածում են, թե Աստված կյանքը ստեղծել է էվոլյուցիայի միջոցով։ Կարդացեք Ծննդոց 1։21, 25, 27 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Արդյո՞ք Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված ստեղծել է կյանքի պարզագույն տեսակ, այնուհետև թույլ է տվել, որ էվոլյուցիայի ենթարկվելով՝ այն դառնա ձուկ, կաթնասուն և մարդ։ Թե՞ նա ստեղծել է կյանքի բոլոր հիմնական «տեսակները»։b
6. Աստծու ստեղծածների մեջ մարդիկ առանձնահատուկ են
Մենք նման չենք Եհովայի ստեղծած մյուս արարածներին։ Կարդացեք Ծննդոց 1։26-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Հաշվի առնելով այն փաստը, որ Աստծու նմանությամբ ենք ստեղծված՝ սեր և կարեկցանք դրսևորելու մեր կարողությունը ի՞նչ է մեզ սովորեցնում Աստծու մասին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Այն, ինչ Աստվածաշունչն ասում է կյանքի ծագման վերաբերյալ, հեքիաթ է»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Ինչո՞ւ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան է ստեղծել տիեզերքը և կյանքի բոլոր տեսակները։
Վերհիշենք
Աստվածաշունչը ի՞նչ է սովորեցնում տիեզերքի ծագման մասին։
Արդյո՞ք Աստված թույլ է տվել, որ կյանքի պարզագույն տեսակից էվոլյուցիայի միջոցով առաջանան տարբեր տեսակները, թե՞ նա ստեղծել է դրանք։
Ինչո՞վ են մարդիկ առանձնահատուկ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ուշադրություն դարձրու, թե բնությունն ինչպես է փաստում, որ գոյություն ունի Ստեղծիչ։
«Ի՞նչ է սովորեցնում բնությունը» («Արթնացե՛ք», 2006, հոկտեմբեր-դեկտեմբեր)
Տես, թե երեխային ինչպես կարելի է բացատրել արարչագործության մասին աստվածաշնչյան արձանագրությունը։
Արդյո՞ք էվոլյուցիոն տեսությունը ներդաշնակ է Աստվածաշնչին։
«Արդյոք Աստված էվոլյուցիայի միջոցո՞վ է արարել կյանքի տարբեր տեսակները» (վեբ հոդված)
Քննիր, թե բրածոները և գիտափորձերը ինչ են ցույց տալիս՝ կյանքը պատահակա՞ն է առաջացել, թե՞ ստեղծվել է։
a Մարդկության առնչությամբ Աստծու նպատակի մասին կխոսենք 25-րդ դասում։
b Աստվածաշնչում «տեսակ» բառը վերաբերում է կենդանի արարածների մեծ խմբի։