Օդային երթևեկության կառավարում. ինչպե՞ս է ապահովում ձեր անվտանգությունը
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻՑ
ԻՆՔՆԱԹԻՌՈՎ թռչելիս երբևէ մտածե՞լ եք. «Ինչպե՞ս է օդաչուն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ տանի ինքնաթիռը»։ Թերևս սկսում եք անհանգստանալ՝ մտածելով, որ բացի ձեր ինքնաթիռից, երկնքում կան նաև ուրիշ տասնյակ և նույնիսկ հարյուրավոր օդանավեր։ Ինչպե՞ս է լինում, որ նրանք չեն բախվում։
Բնական է, երբ ուղևորի մեջ նման հարցեր են առաջանում։ Բայց հետաքրքիր է, որ ըստ վիճակագրության՝ օդային տրանսպորտով երթևեկելը բավական անվտանգ էa, փաստորեն, ավելի ապահով, քան մոտոցիկլետով կամ ավտոմեքենայով երթևեկելը։ Օդագնացության անվտանգության հարցում կարևոր դեր է խաղում օդային երթևեկության կառավարման համակարգը։
Ձեր թռիչքի անվտանգությունը
Թռիչքի անվտանգության համար գլխավորապես պատասխանատու է օդանավի հրամանատարը։ Սակայն կան շատ դեպքեր, երբ նա չի կարող տեսնել մոտակայքում գտնվող ինքնաթիռները, հետևաբար տեղյակ չէ դրանց ներկայությանը։ Այդ իսկ պատճառով երկրների մեծամասնությունը ստեղծել է օդային երթևեկության կառավարման համակարգ։ Այդ համակարգի աշխատողները, որ գտնվում են երկրի վրա, սարքերի միջոցով հետևում են թռիչքի յուրաքանչյուր փուլին։
Սեմյուելը, որ 13 տարի է, ինչ Կալիֆորնիայում աշխատում է որպես ավիադիսպետչեր (կարգավար), ասում է. «Ավիադիսպետչերը շատ կարևոր դեր է խաղում թռիչքների անվտանգության մեջ։ Նրա առաջնահերթ պարտականությունն է հետևել, որ ինքնաթիռների միջև որոշակի հեռավորություն պահպանվի»։ Մելբան, որը գլխավոր ավիադիսպետչեր է, ավելացնում է. «Մեր կարևորագույն խնդիրը անվտանգությունն է, բայց մեզ համար կարևոր է նաև երկնքում ապահովել ինքնաթիռների արագ և կարգավորված թռիչքները»։ Այսպիսով՝ ավիադիսպետչերների շնորհիվ ինքնաթիռները ոչ միայն խուսափում են բախումից, այլև կարողանում են հասնել նշանակման վայրը։
Այս ամենը նշանակում է, որ մինչ օդաչուն իր խցիկում նստած ղեկավարում է ինքնաթիռը, ներքևում՝ երկրի վրա, բազմաթիվ «աչքեր» և «ականջներ» հետևում են թռիչքի ընթացքին։ Օդաչուն ռադիոյով կանոնավորաբար կապվում է ոչ միայն թռիչքի և վայրէջքի օդանավակայանների, այլև թռիչքի երթուղում ընկած մյուս կառավարման կետերի հետ։
Արագընթաց ինքնաթիռների այս դարում անչափ կարևոր է օդային երթևեկության վերահսկողությունը։ Պատկերացրեք՝ երկու մարդատար օդանավեր թռչում են իրար հանդիպակաց։ Այն ժամանակ, երբ օդաչուները անզեն աչքով նկատեն իրար, նրանք ընդամենը մի քանի վայրկյան կունենան բախումից խույս տալու համար։ Թռիչքի անվտանգությունն ապահովող աշխատողների պատասխանատվությունն է կանխել նման իրավիճակի ստեղծումը։ Օդաչուներին բավական վաղօրոք, նախքան նրանք իրար կտեսնեն, հրահանգներ են տրվում անհրաժեշտ հեռավորություն պահպանելու միմյանց միջև։
Թռիչքի ընթացքը
Վերգետնյա ռադիոփարոսները ազդանշան են ուղարկում ինքնաթիռին և հուշում ճիշտ ուղղությունը։ Օդանավում կան սարքեր, որոնք որսում են այդ ազդանշանը և տեղեկացնում, թե կոնկրետ որտեղ է գտնվում ինքնաթիռը։ Քանի որ այդ ռադիոփարոսները տեղակայված են հատուկ վայրերում, ինքնաթիռները թռչում են մի կետից մյուսը և այդպիսով հասնում նշանակման վայր։ Փաստորեն, այս սարքերը ստեղծում են յուրօրինակ ավիաուղիներ։
Դիսպետչերները հետևում են ինքնաթիռների թռիչքին։ Նախքան մեկնումը օդաչուները ներկայացնում են թռիչքի պլանը, որտեղ նշված է թռիչքի երթուղին։ Դիսպետչերն իր ձեռքի տակ ունենում է թռիչքի ընթացքի պլանի պատճենը։ Սալվադոր Ռաֆայելը, որը օդային երթևեկության կառավարման կենտրոնի պետ է, բացատրում է, թե դա ինչով է օգտակար. «Օդային ուղիներում կան հատման կետեր։ Երբ ինքնաթիռը հասնում է հերթական կետին, օդաչուն այդ մասին տեղեկացնում է դիսպետչերին։ Վերջինս տեղեկությունը գրանցում է թռիչքի պլանում»։ Այժմ նա իր մտքում պատկերացնում է օդանավի հետագիծը։
Այս տեղեկությունները ստանալու համար ավիադիսպետչերը ունի մեկ այլ գործիք՝ ռադիո։ Նա գիտի ինքնաթիռի գտնվելու վայրը և օդաչուին հրահանգներ է տալիս, որոնց շնորհիվ վերջինս կարողանում է թևավոր մեքենան ապահով հեռավորության վրա պահել մյուս օդանավերից։ Դիսպետչերների ու օդաչուների տրամադրության տակ սովորաբար լինում են մի քանի ռադիոկայաններ և հաճախականություններ։ Եթե կապը կտրվում է, նրանք օգտվում են մյուսից։
Իսկ ի՞նչ կարելի է ասել միջազգային թռիչքների մասին, երբ օդաչուներն ու դիսպետչերները նույն լեզվով չեն խոսում։ Վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը անգլերենն ընտրել է որպես ավիացիայի ընդհանուր լեզու։ Բացի այդ, քանի որ որոշ բառեր, տառեր և թվեր ռադիոյով հնչում են միանման, ավիադիսպետչերներին սովորեցնում են կայուն բառակապակցություններ և արտասանության ձևեր, որոնք նրանք օգտագործում են օդաչուներին հրահանգներ տալիս։ Անվտանգությանը նպաստում է նաև այն, որ օդաչուներին խնդրում են կրկնել ստացված ցուցումները։
Ռադիոլոկացիոն կայանը՝ ռադարը, մեկ այլ միջոց է, որ օգտագործում են ավիադիսպետչերները։ Ռադարի ալեհավաքը որսում է ինքնաթիռներից անդրադարձող ռադիոալիքները։ Դրա շնորհիվ դիսպետչերը ռադարի էկրանին օբյեկտ է տեսնում, այսինքն՝ ինքնաթիռը։ Շատ օդանավերում կա սարքավորում, որը ռադարին ազդանշան է ուղարկում օդանավի մասին։ Երբ այս ազդանշանը մտնում է համակարգիչ, ինքնաթիռը «հայտնվում» է էկրանին։ Դրա հետ մեկտեղ հայտնվում են տվյալներ՝ թռիչքի համարը, ինքնաթիռի արագությունը, բարձրությունը և տեսակը։
Եթե ավիադիսպետչերը նկատում է, որ ինքնաթիռը կարիք ունի մանևր անելու բախումից խույս տալու համար, նա կարող է իրավիճակը կարգավորել մի քանի տարբերակով։ Դիսպետչերը կարող է հրահանգել օդաչուին փոխել 1) ուղղությունը։ Կամ կարող է հրահանգել փոխել 2) արագությունը, եթե, օրինակ, մի ինքնաթիռ հետևից մոտենում է մյուսին։ Մյուս տարբերակը, որ ավիադիսպետչերները շատ են կիրառում, 3) բարձրության փոփոխությունն է։
Բացի այդ, շատ ռադարային համակարգեր կարող են ահազանգել դիսպետչերներին, երբ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։ Օրինակ՝ եթե համակարգը «նկատում» է, որ երկու օդանավ չափազանց շատ են մոտենալու իրար, տեսանելի և լսելի ազդանշաններ է արձակում։ Մեկ այլ ազդանշան էլ տրվում է, երբ ինքնաթիռը, ըստ համակարգի, չափազանց շատ է իջնում։
Նպատակը ձեր անվտանգությունն է
Անընդհատ նոր ծրագրեր են ներդրվում օդային երթևեկության կառավարման համակարգը բարելավելու համար։ Վերգետնյա նավիգացիոն համակարգերը հաճախ ստիպում են օդանավերին թռչել որոշակի երթուղով և բարձրությամբ։ Այդ պատճառով ինքնաթիռները օդային շատ տարածքներով չեն թռչում, և նրանց երթուղին ավելի է երկարում։ Թռիչքները ղեկավարելու համար ապագայում ավելի շատ կօգտագործվեն արբանյակային համակարգեր, օրինակ՝ գլոբալ տեղորոշման համակարգերը (GPS), ինչը ավելի մեծ հնարավորություն կտա օդային երթուղիները ճկուն դարձնելու և ավելի հեշտությամբ կառավարելու օվկիանոսի վրայով կատարվող թռիչքները։
Օդային երթևեկության կառավարման մասին այս կարճ հոդվածից պարզ է դառնում, որ ինքնաթիռի օդաչուն միակը չէ, ով գիտի ժամանակի տվյալ պահին օդանավի գտնվելու վայրը։ Փաստորեն, երկրի վրա կան հատուկ մարդիկ, ովքեր հսկում են թռիչքի ընթացքը։ Կառավարման համակարգը նախատեսված է վտանգավոր իրավիճակները նվազագույնի, իսկ անվտանգությունը առավելագույնի հասցնելու համար։ Զարմանալի չէ, որ օդային մարդատար տրանսպորտում վթարների տոկոսը շատ ցածր է։
Ուստի, եթե հաջորդ անգամ ծրագրեք օդանավով թռչել, կարող եք առանձնապես չանհանգստանալ։ Հիշեք, որ օդային երթևեկության կառավարման «աչքերն» ու «ականջները» համակ ուշադրությամբ հետևում են ձեր թռիչքին։ Հարմար տեղավորվեք, թուլացեք և վայելեք հաճելի թռիչքը։
[Ծանոթագրություն]
a ԱՄՆ–ում մեկ տարվա ընթացքում օդանավերը ընդհանուր հաշվով անցել են 11 միլիարդ կիլոմետր, և յուրաքանչյուր 334 448–րդ ժամում տեղի է ունեցել ընդամենը մեկ ավիավթար։
[Նկար 22–23–րդ էջերի վրա]
ՁԵՐ ԹՌԻՉՔԻ ԸՆԹԱՑՔԸ
Օդային երթևեկության կառավարման համակարգ
Վերգետնյա ռադիոփարոսներ
Գլոբալ տեղորոշման համակարգ
Ռադիո
Ռադարի ալեհավաք
[Նկարներ 23–րդ էջի վրա]
Օդային երթևեկության կառավարման աշտարակ
Ավիադիսպետչերներ
Օդային երթևեկության կառավարման կենտրոն
[Նկար/թույլտվությամբ 23–րդ էջի վրա]
Tower and controllers: NASA Ames Research Center; control center: U. S. Federal Aviation Administration