Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/08 էջ 18–20
  • Ավելին, քան պարզապես խաղալիք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ավելին, քան պարզապես խաղալիք
  • 2008 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Տիկնիկները՝ որպես խաղալիք
  • Տիկնիկները՝ որպես ուսուցիչ
  • Արժե՛ ջանքեր ներդնել
    2011 Դիտարան
  • Խաղալիքները անցյալում և այսօր
    2005 Արթնացե՛ք
2008 Արթնացե՛ք
g 7/08 էջ 18–20

Ավելին, քան պարզապես խաղալիք

ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ պատրաստել են այն փայտյա հարթ կտորներից, ճապոնացիները՝ թղթից, գերմանացիները այն պատրաստել են ճենապակուց, իսկ էսկիմոսները՝ փոկի կաշվից։ Մարդիկ դրանից հավաքածու են ստեղծում։ Երեխաները սիրում են այն։ Ի՞նչ է դա։ Տիկնիկ։

«Ուորլդ բուք» հանրագիտարանում նշվում է. «Վաղ ժամանակաշրջաններից մեզ հասած տիկնիկանման շատ առարկաներ ոչ թե խաղալիքներ են, այլ կախարդական կամ կրոնական առարկաներ»։ Հին եգիպտացիները փայտի փոքր կտորների վրա շորեր էին նկարում և տիկնիկի մազերի փոխարեն՝ նրա գլուխը զարդարում էին թելի վրա հավաքած կավե ուլունքներով։ Նրանք այդ «տիկնիկները» դնում էին մահացած մարդկանց գերեզմաններում՝ հավատալով, որ նրանք կծառայեն մահացածներին։ Իսկ Վեստ Ինդիայում ապրող վրիժառու մարդիկ կախարդական տիկնիկների վրա գնդասեղներ էին խրում՝ հույս ունենալով, որ այդպիսով վնաս կհասցնեն իրենց թշնամիներին։

Շատ մշակույթներում տիկնիկներն օգտագործվում էին այնպիսի արարողությունների ժամանակ, որոնք առնչվում էին կանանց պտղաբերության հետ։ Օրինակ՝ հին Հունաստանում նախքան ամուսնանալը աղջիկներն իրենց տիկնիկները դնում էին Արտեմիսի՝ պտղաբերության աստվածուհու զոհասեղանին։ Այսօր Գանայում (Աֆրիկա) ապրող աշանտի ցեղի կանայք իրենց գոտկատեղում տիկնիկ են կրում՝ հավատալով, որ այն կօգնի իրենց գեղեցիկ երեխաներ ծնել։ Իսկ սիրիացի որոշ աղջիկներ իրենց տան պատուհաններից տիկնիկներ են կախում, որպեսզի ուրիշներին տեղեկացնեն, որ իրենք պատրաստ են ամուսնության։

Ճապոնիայում ամեն տարի մարտի 3–ին Հինա Մատսուրիի ծիսական տոնակատարության, կամ՝ Տիկնիկների փառատոնի ժամանակ տիկնիկներ են օգտագործվում։ Այն հայտնի է նաև որպես աղջիկների տոն, որը, ինչպես նշվում է ճապոնական մի պատկերազարդ հանրագիտարանում, «սկիզբ է առել մի շարք տարբեր սովորույթներից»։ Այնտեղ նաև նշվում է. «Դրանցից մեկը չինական մաքրման ծիսակատարությունն էր, որի ժամանակ մարդիկ մաքրվում էին։ Դա տեղի էր ունենում գետի մոտ լուսնային երրորդ ամսին։ Իսկ Հեյանի ժամանակաշրջանում (794–1185 թթ.) պալատականները երրորդ ամսվա երրորդ օրը կանչում էին գուշակողներին, որպեսզի նրանք իրենց միջից հանեին չարությունը և փոխանցեին դա թղթից պատրաստված տիկնիկներին...., որոնց նետում էին գետը կամ օվկիանոսը» («Japan—An Illustrated Encyclopedia»)։

Տիկնիկները՝ որպես խաղալիք

Ճապոնիայում Էդոյի ժամանակաշրջանում (1603–1867 թթ.) հատկապես երեխաների համար պատրաստվող տիկնիկները նման էին մարդկանց և կրում էին տարբեր ոճի հագուստներ։ Պատրաստվում էին նաև այնպիսի տիկնիկներ, որոնց կարելի էր շարժել պարանների, զսպանակների, ճախարակների կամ փայտյա ատամնավոր անիվների միջոցով։ Այսպիսի տիկնիկներից մեկը կարող էր նույնիսկ մեկ բաժակ թեյ բերել հյուրին և դատարկ բաժակով հետ գնալ։

Ինչպես նշվում է մի հանրագիտարանում, Արևմըտյան երկրներում մինչև 18–րդ դարի սկզբները «երեխաների մանկությունը այնպիսին չի եղել, ինչպիսին որ այսօր է»։ Այնտեղ նաև նշվում է. «Երեխաները համարվում էին փոքր չափահաս մարդիկ, և ակնկալվում էր, որ նրանք վարվեին մեծ մարդկանց պես»։ Տիկնիկներ պատրաստվում էին ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների համար։ Սակայն 19–րդ դարի ընթացքում մեծ կարևորություն տրվեց այն բանին, որ երեխաները խաղային տիկնիկների հետ, ինչը և նպաստում էր նրանց զարգացմանը։ Արդյունքում՝ Եվրոպայում զարգացավ տիկնիկագործության արդյունաբերությունը։

1824 թ. սկզբին գերմանացի տիկնիկագործները մի մեխանիզմ ստեղծեցին, որը հնարավորություն էր տալիս տիկնիկներին ասել «մամա» կամ «պապա»։ Ավելի ուշ այդ դարի ընթացքում նրանք ստեղծեցին քայլող տիկնիկներ։ Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ստեղծեց նույնիսկ շատ փոքր մի նվագարկիչ, որի շնորհիվ որոշ տիկնիկներ կարողանում էին խոսել։ Այդ ընթացքում ֆրանսիացիները ստեղծեցին «Բե բե գուրման» անունով մի տիկնիկ, որը կարողանում էր ուտել։ Ֆրանսիացիները նաև նորաձև տիկնիկներ պատրաստելու համբավ ունեին։ Այդ տիկնիկները վաճառվում էին շքեղ հագուստներով։ Գնորդը այդպիսի տիկնիկների համար կարող էր գնել այնպիսի պարագաներ, ինչպիսիք են՝ սանրը, մուշտակը, հովհարը և կահույքը։

20–րդ դարում աննախադեպ աճ նկատվեց տիկնիկների արտադրության մեջ։ Իսկ 1940–ականներին տիկնիկագործները պլաստմասսայից ստեղծեցին էժանագին, սակայն բարդ կառուցվածքով տիկնիկներ։ Օրինակ՝ պլաստմասսայե «Բարբի» տիկնիկը, սկսած 1959 թ.–ից՝ իր արտադրման առաջին իսկ օրից, դարձավ ամենից շատ վաճառվող տիկնիկը։ Ավելի քան մեկ միլիարդ «Բարբի» տիկնիկ է վաճառվել, իսկ միայն 1997 թ.–ին այն 1.8 միլիարդ ամերիկյան դոլարի շահույթ է բերել իր արտադրողին։

Տիկնիկները՝ որպես ուսուցիչ

Միացյալ Նահանգների հյուսիս–արևմտյան մասում ապրող պուեբլո հնդկացիները երեխաներին իրենց ցեղի աստվածների մասին սովորեցնելու նպատակով օգտագործում էին «կաչինա» կոչվող տիկնիկները, որոնք պատրաստված էին կակտուսի արմատներից կամ սոճուց։ Առանձնահատուկ մի ծիսակատարության ժամանակ նրանց ցեղի անդամներից մեկը հատուկ շորեր էր հագնում և ներկայացնում էր իրենց աստվածներից մեկին։ Հետո ծնողները այս աստծու կերպարանքով մի տիկնիկ էին տալիս երեխաներին, որպեսզի նրանք նրա հետ խաղալիս նմանվեին այդ աստծուն։

«Ուորլդ բուք» հանրագիտարանում նշվում է. «[Տիկնիկները] հնարավորություն էին տալիս երեխային արտահայտելու իր վիրավորանքը, բարկությունը և իր մյուս զգացմունքները»։ Այնտեղ նաև ասվում է. «Տիկնիկների հետ խաղալով՝ երեխաները ստանձնում են այն դերը, որը նրանք կուզենային կատարել, երբ մեծանային»։ Ամեն տարի Ճապոնիայում մայիս ամսին տեղի ունեցող Երեխաների օրվա փառատոնի ժամանակ մեկ տիկնիկ է ցուցադրվում, որը կրում է իրենց ազգային զինվորի ողջ սպառազինությունը։ Տիկնիկը օգտագործվում է երիտասարդ տղաներին քաջալերելու նպատակով, որպեսզի նրանք մեծանան ու դառնան ուժեղ և հարգված մարդիկ, ինչպես որ ընդունված է տեղի մշակույթում։

Քանի որ երեխաների և նրանց տիկնիկների միջև զգացական կապվածություն է առաջանում, իմաստուն ծնողները պետք է լրջորեն վերաբերվեն այն հանգամանքին, որ տիկնիկները կարող են ազդեցություն գործել երեխաների զարգացման վրա։ Ոմանց կարծիքով՝ որոշ տիկնիկների արտաքին տեսքը և նրանց հարուստ զգեստապահարանը կարող է վնասակար ազդեցություն թողնել աղջիկների վրա։ Մի քննադատ նշում է, որ այդպիսի տիկնիկները կարող են խրախուսել պատանի աղջիկներին, որ վերջիններս սկսեն ավելի շատ մտահոգվել իրենց արտաքին տեսքով ու հագուստով, քան այն բանով, թե ինչպիսի անձնավորություն կդառնան։

Անկասկած, նա, ով երբևէ տեսել է, թե ինչպես է երեխան խաղում տիկնիկի հետ, կհամաձայնվի, որ անկախ այն բանից, թե ինչից է պատրաստված տիկնիկը՝ կտորից, թղթից, փայտից, պլաստմասսայից, թե մեկ այլ նյութից՝ այն ավելին է, քան պարզապես խաղալիքը։ Այն մի բան է, որի հետ նրանք կարող են խաղալ, որին կարող են վստահել, և վերջապես այն մի ընկեր է, որի հետ նրանք անցկացնում են իրենց մանկությունը։

[Նկար 19–րդ էջի վրա]

Նոր հետաքրքրություն հին տիկնիկների հանդեպ

Տիկնիկների հավաքածու ունենալը դարձել է սիրած զբաղմունք։ 1970–ականներին այդ զբաղմունքը ավելի հայտնի դարձավ և արդյունքում առաջ եկավ տիկնիկների միջազգային շուկա։ Կոլեկցիոներները փնտրել են էժանագին պլաստմասսայե տիկնիկներ, որոնք ընդամենը մի քանի դոլար արժեն կամ էլ փնտրել են հազվադեպ հանդիպող այնպիսի տիկնիկներ, ինչպիսիք են՝ «Կամերը» և «Ռեյնհարդտը»։ 20–րդ դարի սկզբին Գերմանիայում պատրաստված այսպիսի տիկնիկներից մեկը աճուրդի հանվեց և 277 500 դոլարով վաճառվեց։ Ամենամեծ հավաքածուներից մեկը, որի ցուցադրումը տեղի ունեցավ Ռոչեստեր քաղաքի թանգարաններից մեկում, ընդգրկում էր 12 000 տիկնիկ («Strong National Museum of Play»)։

[Շրջանակ 20–րդ էջի վրա]

Տիկնիկներ մտահոգության առի՞թ

Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին տիկնիկների վնասակար ազդեցությունից։ «Վաշինգտոն փոստ» պարբերագիրն այս կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնում։ Այնտեղ նշվում է. «Ինչպես որ ծխախոտի, այնպես էլ զվարճությունների արդյունաբերությունը և տիկնիկներ արտադրողները ընդհանուր առմամբ չեն ընդունում, որ որևէ պատասխանատվություն են կրում, և հավանականությունը քիչ է, որ օրերից մի օր նրանք կփոխեն իրենց տեսակետը»։ Հստակ է, ուրեմն, որ այս հարցում ծնողները պետք է պատասխանատվություն կրեն։

Աստվածաշունչը պատվիրում է ծնողներին, որ նրանք ամեն օր ճիշտ ճանապարհի համաձայն կրթեն իրենց երեխաներին (Բ Օրինաց 6։6–9; Առակաց 22։6)։ Իսկ ինչպե՞ս կարող են ծնողները կրթել և պաշտպանել իրենց երեխաներին որոշ տիկնիկների վնասակար ազդեցությունից։ Մի մայր իր աղջկա համար համեստ հագուստ կրելու վերաբերյալ կարդացել է 1 Տիմոթեոս 2։9 համարը և օգնել է նրան տրամաբանել այդ հարցի շուրջ։ Նրանց միջև տեղի ունեցած զրույցը մոտավորապես այսպիսին է եղել.

Մայր —Այս տիկնիկները ո՞ւմ են նման՝ երեխայի՞, թե՞ կնոջ։

Դուստր —Կնոջ։

Մայր —Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։

Դուստր —Որովհետև նրանք կնոջ կազմվածք ունեն, բացի այդ, այդպիսի հագուստ և կոշիկներ կանայք են կրում։

Մայր —Ճի՛շտ ես։ Աստվածաշնչում այդ մասին կարդալուց հետո ի՞նչ ես կարծում, քրիստոնյաները կարո՞ղ են կրել այնպիսի հագուստ, ինչպիսին որ այս տիկնիկներն են հագել։

Դուստր —Ո՛չ։

Մայր —Ինչո՞ւ։

Դուստր —Որովհետև նրանց կիսաշրջազգեստները կարճ են, բլուզները՝ բաց...., իսկ հագուստը կպած է նրանց մարմնին։

Ինչ խոսք, որպեսզի սովորեցնեք ձեր երեխաներին Աստվածաշնչի սկզբունքների հիման վրա նման եզրահանգման գալ, պետք է ջանքեր թափեք։ Սակայն արժե՛ այդպես վարվել։ Շատ ծնողներ մեծ օգուտներ են քաղել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքից, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այս գիրքը օգնել է նրանց Աստվածաշնչի սկզբունքները արմատավորել իրենց երեխաների մեջ։

Դուք կարող եք ձեռք բերել 256 էջանոց այս պատկերազարդ գրքի մեկ օրինակ՝ կապ հաստատելով ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ։

[Նկար 18–րդ էջի վրա]

Թեյ մատուցող ճապոնական տիկնիկ

[Նկար 18–րդ էջի վրա]

Ֆրանսիական «Բրու» տիկնիկը

[Նկար/թույլտվությամբ 18–րդ էջի վրա]

Top: © SHOBEI Tamaya IX; middle: Courtesy, Strong National Museum of Play, Rochester, New York; bottom: © Christie’s Images Ltd

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը