ՊԻՏԵՐ ՀԱՄԱԴԵՅ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եհովան օգնել է մեզ իմաստուն որոշումներ կայացնել
Ծնվել եմ 1952 թ.-ին Կարլովի Վարիa փոքր քաղաքում, որը գտնվում է նախկին Չեխոսլովակիայի ծայր արևմուտքում և սահմանակից է Գերմանիային։ Ես ու մեծ եղբայրս՝ Միլանը, բնիկ գերմանացի լինելու պատճառով դպրոցում առերեսվում էինք թշնամանքի։ Ուստի մեր ընտանիքը 1966 թ.-ին տեղափոխվեց Ֆրանկֆուրտ (Գերմանիա)։
Ծնողներս Եհովայի վկաներ էին, սակայն երբ ես դեռ շատ փոքր էի, նրանք հեռացվեցին ժողովից։ Ցավոք, ճշմարտության մեջ չեմ մեծացել և ոչ մի հոգևոր նպատակ չեմ ունեցել։
Ժամանակի ընթացքում ծնողներս վերադարձան Եհովայի մոտ։ Իսկ Միլանը մեծ ուրախությամբ ընդունեց ճշմարտությունը և որոշեց Հանովերում տեղի ունենալիք համաժողովում մկրտվել։ Ես էլ որոշեցի նույն օրը մկրտվել։ Այդ ժամանակ 15 տարեկան էի։ Մկրտվելուցս շատ չանցած, սակայն, ծնողներիս համոզեցի, որ թույլ տան տեղափոխվել Բեռլին և նկարչության դասընթացներ անցնել։
Սովորելու ընթացքում ինձ երկու հարց էր մտահոգում՝ գոյություն ունի՞ Արարիչ, և արդյոք Աստվածաշունչը իսկապե՞ս Աստծու խոսքն է։ Նկարչության դասերի ժամանակ հասկացա, որ բարդ կոմպոզիցիաներով և ներդաշնակությամբ նկարները ոչինչ են բնության մեջ եղած բնօրինակների գեղեցկության համեմատ։ Եկա այն եզրակացության, որ եթե նկարները պատահականորեն չեն առաջանում, ապա բնօրինակները առավել ևս չեն կարող պատահականության արդյունք լինել։
Երկրորդ հարցիս պատասխանը գտա, երբ ուսումնասիրեցի, թե ինչպես է պատմությունը փաստում աստվածաշնչյան մարգարեությունների ճշգրտությունը։ Աստիճանաբար համոզվեցի, որ Աստվածաշնչում իսկապես Աստծու խոսքերն են գրված (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։
Իմ նկարած նկարներից մեկը, 1980 թ.
Բացի իմ անձնական փնտրտուքներից՝ ես նաև երկար զրույցներ էի ունենում մի երեցի հետ, որն ինձ իր թևի տակ էր առել։ Եհովայի հանդեպ հավատս գնալով ամրացավ, և նկարչությունն այլևս իմ կյանքում ամենակարևոր տեղը չէր զբաղեցնում։ 1972 թ.-ին կայացրի կյանքիս լավագույն որոշումներից մեկը՝ սկսեցի ռահվիրա ծառայել Բեռլինում։ Սկզբնական նպատակս էր՝ ծառայել երեք ամիս։
Ընդլայնում եմ ծառայությունս
Բեռլինում ռահվիրա ծառայելը շատ դժվար էր։ Մոտ 100 տարի էր, ինչ բարի լուրը քարոզվում էր այնտեղ, և քչերն էին արձագանքում։ Ասես հրաշք լիներ, երբ մի տղամարդու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցի։ Այդուհետ համոզված էի, որ Եհովայի օգնությամբ կկարողանամ ցանկացած տեղ քարոզել, ուստի շարունակեցի ռահվիրայությունս։
Մոտ մեկ տարի անց մասնաճյուղից հարցրին, թե արդյոք պատրաստ եմ սերբախորվաթերենb սովորել, որպեսզի քարոզեմ Գերմանիայում աշխատող հարավսլավացիներին։ Ես ուրախությամբ ընդունեցի առաջարկը և կարճ ժամանակ անց նշանակվեցի ծառայելու Ֆրանկֆուրտում։ Այնտեղ Հանս և Սոնյա Սմոդեների հետ, որոնք նոր էին ավարտել «Գաղաադ» դպրոցը, սերբախորվաթերեն սովորեցի։ Իսկ երեք ամիս անց հատուկ ռահվիրա նշանակվեցի Շտուտգարտում։ Հաջորդ երկու տարիներին՝ 1973-1975 թթ.-ին, մի քանի անգամ տեղափոխվեցի տարբեր վայրեր և հինգ ծառայակից ունեցա։
Ավելի ուշ նշանակվեցի Կարլսռուհեում ծառայելու սերբախորվաթախոս խմբում։ Այնտեղ հանդիպեցի կյանքիս ընկերոջը՝ Լենկա անունով մի քրոջ, որը ջանասեր հատուկ ռահվիրա էր։ Միանգամից սիրահարվեցի նրան, և մենք ամուսնացանք։ Կարճ ժամանակ անց՝ 1978-ին, նշանակվեցինք շրջանային ծառայություն անելու հարավսլավախոս դաշտում։
Լենկայի հետ
Դժվար որոշման առաջ ենք կանգնում
Մոտ 10 տարի այցելեցինք ողջ Եվրոպայում գտնվող տարբեր խմբեր ու ժողովներ։ Թեև այս ապրելակերպը անչափ հաճելի էր մեզ համար, բայց ժամանակի ընթացքում սկսեցինք գերհոգնել։ Լենկան ուժասպառ եղավ, բայց քանի որ մտածում էր, թե բավարար հավատ չունենալու պատճառով է դժվարանում կատարել իր հանձնարարությունը, փորձում էր ավելի շատ ջանքեր ներդնել։ Դա ճիշտ մոտեցում չէր, սակայն չգիտեինք՝ ինչ անել իրավիճակը շտկելու համար։ Մենք ջերմեռանդորեն աղոթում էինք Եհովային, որ ուղղորդի մեզ։
Շրջանային ծառայության ժամանակ
Մեր աղոթքների պատասխանը ստացանք, երբ խորհրդակցեցինք բժշկի հետ։ Նա օգնեց՝ գիտակցենք, որ մեր ֆիզիկական և էմոցիոնալ հնարավորությունները սահմանափակ են (Միքիա 6։8)։ Հասկացանք, որ պետք է հրաժարվենք շրջագայական ծառայությունից, բայց այդ իրողությունն ընդունելը դժվար էր։ Մեր իրավիճակի մասին պատմեցինք Բեթելում ծառայող մի քանի փորձառու վերակացուների։ Ի զարմանս մեզ՝ նրանք առաջարկեցին շարունակել լիաժամ ծառայությունը Ավստրիայի մասնաճյուղում որպես սերբախորվաթերենի թարգմանիչներ։ Այս փոփոխության շնորհիվ Լենկայի առողջությունը աստիճանաբար վերականգնվեց։ Իմաստուն խորհրդատուների միջոցով Եհովան օգնեց մեզ, որ խուսափենք հապճեպ որոշում կայացնելուց (Առակներ 15։22)։
Դժվար որոշումների առաջ ենք կանգնում պատերազմի ժամանակ
Վիեննայում ծառայելուց երկու տարի անց ինձ ու Լենկային նշանակեցին ծառայելու Զագրեբի մասնաճյուղում (Խորվաթիա), որը վերահսկում էր մեր գործունեությունը նախկին Հարավսլավիայում։ Նախքան 1991 թ., երբ պատերազմ բռնկվեց, շատ հարավսլավացիներ, թեև տարբեր մշակույթների ու կրոնների էին պատկանում, բայց խաղաղ ապրում էին միասին։ Հակամարտությունից մի քանի ամիս առաջ մեր երկրի կոմիտեն միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքներն էր անում, որին մասնակցելու էին Հարավսլավիայի բոլոր մասերում ապրող Եհովայի վկաները։
Լենկան Վիեննայի մասնաճյուղում (Ավստրիա) ծառայում է որպես թարգմանիչ
Մենք աղոթեցինք, քննարկեցինք իրավիճակը և որոշեցինք շարունակել նախապատրաստական աշխատանքները։ Բացի այդ՝ սերտորեն համագործակցեցինք տեղի իշխանությունների հետ՝ հավաստիանալու համար, որ տարբեր երկրներից եկող մեր հավատակիցները ապահով կլինեն։ Անչափ ուրախ էինք հյուրընկալել Կառավարիչ մարմնի հինգ անդամների։ Համաժողովի ծրագիրը հենց այն էր, ինչի կարիքը ունեին մեր եղբայրներն ու քույրերը։
Պատերազմը սկսվելուց մոտ մեկ տարի անց երկրի կոմիտեն տեղեկություն ստացավ, որ Սարաևոյում և Բոսնիայի այլ մասերում ապրող մեր հավատակիցները չունեն բավարար սնունդ, վառելանյութ և դեղորայք։ Սերբական զորքերը գրավել էին նրանց քաղաքները, և ոչ ոք չէր կարողանում օգնության հասնել։ Մենք ջերմեռանդորեն աղոթեցինք Եհովային, որ օգնի մեզ հասկանալ, թե ինչ կարող ենք անել մեր հավատակիցներին աջակցելու համար։
Չնայած վտանգներին՝ Ավստրիայի մասնաճյուղի վերահսկողությամբ օգնություն տրամադրելու գործ ձեռնարկեցինք։ 1993 թ. հոկտեմբերի 26-ին Վիեննայից բեռնատարները մեկնեցին Բոսնիա,c որպեսզի 16 տոննա հումանիտար օգնություն հասցնեն եղբայրներին ու քույրերին։
Սարաևոյի հավատակիցներին հումանիտար օգնություն տանելու ժամանակ
Առաջնագիծը հատելուց անմիջապես հետո համոզվեցինք, որ «Եհովայի ձեռքը կարճ չէ, որ չկարողանա փրկել» (Եսայիա 59։1)։ Երբեք չենք մոռանա Զենիցայից դեպի Սարաևո մեր վտանգավոր ճամփորդությունը։ Սարաևո հասնելուն ընդամենը 40 կիլոմետր (25 մղոն) էր մնացել, բայց ստիպված եղանք փոխել ճանապարհը և անտառի միջով անցնել 140 կիլոմետր (90 մղոն)։
Երբ մոտեցանք պաշարված քաղաքին, ես ցանկացա խոսել հրամանատարի հետ, որը պարզվեց՝ գեներալ էր։ Նա ասաց, որ իր կարծիքով՝ չենք կարողանա օգնությունը տեղ հասցնել։ Բայց երբ իմացավ, որ Եհովայի վկաներ ենք, հարցրեց ինձ, թե արդյոք ճանաչում եմ Հաջրուդին անունով մի եղբոր։ Ես ասացի, որ նա մեր ընկերն է։ Հրամանատարն ասաց. «Նա իմ ընկերն էլ է։ Մենք միասին ենք դպրոց գնացել։ Իսկ երբ նա դարձավ Եհովայի վկա, ավելի շատ սկսեցի սիրել նրան»։
Այդ բարձրաստիճան պաշտոնյան նաև շատ հարցեր տվեց մեր հավատալիքների վերաբերյալ և թույլ տվեց մի գաղտնի թունելով հումանիտար օգնությունը հասցնել Սարաևոյի մեր հավատակիցներին։ Նա նույնիսկ երկու գիշերով կանգնեցրեց ռազմական նշանակության բեռների փոխադրումը, որպեսզի զինվորները կարողանան հումանիտար օգնությունը նեղ թունելով անցկացնել։ Երկու գիշեր շարունակ զինվորները տեղափոխում էին ծանրոցները, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր մոտ 27 կիլոգրամ (67 ֆունտ)։ Առանց նրանց օգնության մենք երբեք դա չէինք կարողանա անել։
Բոսնիայի պատերազմի ավարտից մի քանի տարի հետո՝ Սարաևոյից մի երեցի՝ եղբայր Հալիմ Կյուրիի հետ՝ գաղտնի թունելում
Թունելի մյուս կողմում զինվորները մեր եղբայրներին օգնեցին ծանրոցները հասցնել ապահով վայր և սնունդը բաժանել հավատակիցներին ու նրանց հարևաններին։ Որոշ ոչ Վկա անհատներ այնքան տպավորվեցին, որ մեր եղբայրների հետ ծնկի եկան ու Եհովային աղոթքով շնորհակալություն հայտնեցին (2 Կորնթացիներ 9։13)։
Շատ դեպքերում մեր չեզոքությունը պաշտպանում էր մեզ, երբ անցնում էինք զինվորական անցակետերով։ Ճիշտ է, մենք մեր կրծքին քարտեր էինք կրում, որոնք մատնանշում էին, որ Եհովայի վկաներ ենք, բայց չեզոք լինելը ավելին էր նշանակում։ Մենք պետք է ջանքեր գործադրեինք, որպեսզի չեզոք մնայինք մտքով ու սրտով։ Ուստի որոշեցինք քիչ լսել լուրերը՝ հասկանալով, որ սարսափեցնող տեղեկությունները կարող են մեր մեջ նախապաշարմունք և անգամ ատելություն առաջացնել յուրաքանչյուր կողմի նկատմամբ։
1990-ականներին սկսեցի ծառայել որպես Խորվաթիայի, իսկ հետագայում Չեխիա-Սլովակիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Որոշումներ կայացնելու վերաբերյալ ի՞նչ եմ սովորել իմ ունեցած տարբեր նշանակումներում։ Օրինակ՝ այն, որ Եհովան կարող է լուծել խնդիրները ցանկացած մարդու միջոցով, այդ թվում՝ զինվորական հրամանատարի։ Նաև սովորել եմ չգերագնահատել իմ փորձը, փոխարենը վստահել Եհովայի՝ իր կազմակերպության միջոցով տված ուղղորդմանը։
Անսպասելիորեն առողջական խնդրի եմ բախվում
2023 թ.-ին հերթական ստուգման ժամանակ ինձ ագրեսիվ տեսակի քաղցկեղ ախտորոշեցին։ Քանի որ երբեք լուրջ հիվանդություն չէի ունեցել, ես ու Լենկան անորոշության զգացումով լցվեցինք, և մեզ համակեցին վախն ու մտահոգությունը։ Մենք շարունակ խնդրում էինք Եհովային, որ օգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել, և վարվում էինք մեր աղոթքների համաձայն։ Մենք փնտրտուքներ էինք անում ու խորհրդակցում բժիշկների հետ։ Եվ երբ որոշեցինք, թե ինչ բուժմեթոդ ընտրել, ներքին խաղաղություն ձեռք բերեցինք։
Նաև որոշեցինք չափից շատ չմտահոգվել վաղվա օրվա մասին (Մատթեոս 6։34)։ Իրականում մենք դրական տրամադրվածություն պահպանելու շատ պատճառներ ունենք։ Օրինակ՝ երբ պետք է բուժման համար մեկնեինք Գերմանիա, նամակ գրեցինք Բրատիսլավայի (Սլովակիա) Բեթելի մեր ընտանիքին, որպեսզի ներկայացնեինք մեր նոր հանգամանքները։ Շատ նամակներ ստացանք մեր սիրելի ընկերներից, ովքեր աղոթում էին մեզ համար և հավաստիացնում, որ սիրում են մեզ։ Մենք համոզվել ենք, որ Եհովան կարող է մեր հավատակիցների միջոցով աջակցել մեզ և խաղաղություն տալ, որը «վեր է մարդկային ամեն հասկացողությունից» (Փիլիպպեցիներ 4։7)։
Փաստն այն է, որ ցանկացած պահի յուրաքանչյուրս էլ կարող է կյանքին սպառնացող հիվանդություն ձեռք բերել կամ նույնիսկ մահանալ (Ժողովող 9։11; Հակոբոս 4։14)։ Երախտապարտ եմ Եհովային, որ օգնել է ինձ պատանի տարիքից իմաստուն որոշում կայացնել՝ ծառայել նրան՝ տալով իմ լավագույնը։ Ոչինչ չէր կարող իմ կյանքն ավելի մեծ իմաստով լցնել։d
a Կարլովի Վարին հայտնի է նաև գերմանական Կարլսբադ անունով։
b Սերբախորվաթերենը նախկին Հարավսլավիայի պաշտոնական լեզուն էր։
c Հումանիտար օգնություն տրամադրելու այս առաքելության մասին ավելին իմանալու համար կարդացեք «Օգնություն՝ Բոսնիայի մեր հավատակիցներին» հոդվածը «Դիտարանի» 1994 թ. նոյեմբերի 1-ի համարում (էջ 23-27, անգլ.)։
d Մինչ այս հոդվածը պատրաստվում էր լույսընծայման, եղբայր Համադեյը 2025 թ. հունվարի 28-ին հեռացավ կյանքից։