Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 7/1 էջ 26–29
  • Աստված ողորմած է եղել իմ հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված ողորմած է եղել իմ հանդեպ
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դաժան փորձություններ
  • Ընթացք, որի համար խորապես զղջում եմ
  • Նորից հոգևոր զորություն եմ ստանում
  • Ծառայում եմ ազատության մեջ
  • Փոխվում է նշանակումս
  • Ծառայում ենք Ավստրիայում
  • Չնայած առողջական խնդիրներին՝ շարունակում ենք ակտիվորեն ծառայել
  • Ծնողներիս օրինակը զորացրել է ինձ
    2005 Դիտարան
  • Մաս 3. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Նախ փնտրում են թագավորությունը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
2008 Դիտարան
w08 7/1 էջ 26–29

Աստված ողորմած է եղել իմ հանդեպ

Պատմում է Բոլֆենկ Մոչնիկը

«Ամո՛ւր մնա»։ Մայրս գրկեց ինձ և այս ամրապնդող խոսքերն ասաց։ Ոստիկանը բաժանեց մեզ, և դատը սկսվեց։ Ի վերջո, հայտարարվեց վճիռը. հինգ տարի բանտարկություն։ Հավանաբար շատերը կհուսահատվեին։ Սակայն ես ներքին խաղաղություն էի զգում։ Թույլ տվեք պատմել, թե ինչու։

ԱՅՍ դեպքերը տեղի ունեցան 1952 թ.–ին Սլովենիայումa։ Սակայն իրականում ամեն ինչ սկիզբ առավ ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ 1930 թ.–ին։ Այդ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողները (այսպես էին կոչվում Եհովայի վկաները) առաջին անգամ նույն օրը մի խումբ մարդկանց համար մկրտություն կազմակերպեցին։ Ծնողներս՝ Բերտա և Ֆրանս Մոչնիկները, մկրտվողների մեջ էին։ Ես վեց տարեկան էի, իսկ քույրս՝ Մայդան, չորս տարեկան էր։ Մարիբոր քաղաքի մեր տունը քրիստոնեական գործունեության կենտրոնն էր։

1933 թ.–ին Գերմանիայում իշխանության գլուխ անցավ Ադոլֆ Հիտլերը և սկսեց հալածել Վկաներին։ Բազմաթիվ գերմանացի Վկաներ տեղափոխվեցին Հարավսլավիա, որպեսզի աջակցեն քարոզչական գործին։ Ծնողներս մեծ ուրախությամբ հյուրընկալում էին այսպիսի հավատարիմ մարդկանց։ Հյուրերից մեկը, որին լավ հիշում եմ, Մարտին Փետցինգերն էր, որը հետագայում ինը տարի անցկացրեց նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Իսկ 1977–ից մինչև իր մահը՝ 1988 թ., նա ծառայեց որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։

Երբ Մարտինը այցելում էր մեզ, նա միշտ իմ անկողնում էր քնում, իսկ ես ու քույրս քնում էինք մեր ծնողների ննջասենյակում։ Նա գրպանի մի փոքր գունավոր հանրագիտարան ուներ, որն անչափ տպավորել էր ինձ։ Ես սիրում էի թերթել այդ գիրքը։

Դաժան փորձություններ

1936 թ.–ին Հիտլերի իշխանությունը ավելի ուժեղացավ։ Այդ տարի ծնողներս ներկա գտնվեցին Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում անցկացվող նշանակալից միջազգային համաժողովին։ Քանի որ հայրս ուներ հաճելի բարիտոն ձայն, նրան խնդրեցին աստվածաշնչյան թեմաներ կարդալ՝ ձայնագրելու համար։ Հետագայում ողջ Սլովենիայում այդ ձայնագրությունները օգտագործվեցին քարոզչության ժամանակ։ Այս անմոռանալի համաժողովից կարճ ժամանակ անց Եվրոպայում Վկաներին սկսեցին դաժանորեն հալածել։ Շատերը նացիստական համակենտրոնացման ճամբարներում տանջանքներ կրեցին ու մահացան։

1939 թ. սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1941 թ. ապրիլին գերմանական զորքերը գրավեցին Հարավսլավիայի որոշ մասեր։ Սլովենական դպրոցները փակվեցին։ Մեզ արգելեցին հասարակության մեջ խոսել մեր լեզվով։ Քանի որ Եհովայի վկաները չեզոքություն են պահպանում քաղաքական բոլոր ընդհարումների ժամանակ, նրանք հրաժարվեցին աջակցել պատերազմինb։ Արդյունքում շատերը ձերբակալվեցին, իսկ ոմանց մահվան դատապարտեցին։ Նրանց թվում էր նաև Ֆրանց Դռոզգ անունով մի երիտասարդ տղամարդ, որին ես լավ էի ճանաչում։ Նացիստական զինվորները մեր տանից մոտավորապես ութսուն մետր հեռավորության վրա գնդակահարում էին մարդկանց։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր մայրս շորեր խցկում ականջները, որպեսզի չլսեր կրակոցների ձայները։ Իր ընկերոջը գրած հրաժեշտի նամակի վերջում Ֆրանցը գրել էր. «Կտեսնվենք Աստծու Թագավորությունում»։

Ընթացք, որի համար խորապես զղջում եմ

Այդ ժամանակ 19 տարեկան էի։ Ինձ մեծապես տպավորել էր Ֆրանցի օրինակը, քանի որ նա ամուր դիրք էր բռնել։ Այդուհանդերձ, ես վախենում էի։ Մի՞թե ես նույնպես պետք է մեռնեի։ Իմ հավատը թուլացել էր, իսկ Եհովա Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ չունեի։ Շուտով հրաման ստացա ներկայանալու զինվորական ծառայության։ Իմ մեջ վախը ավելի ուժեղ էր, քան հավատը, ուստի զինծառայող դարձա։

Ինձ ուղարկեցին՝ ռուսական զորքերի դեմ կռվելու։ Շուտով ականատես եղա, թե ինչպես էին ընկերներս մահանում։ Պատերազմը սարսափելի էր ու դաժան։ Խիղճս ավելի ու ավելի էր ինձ տանջում։ Աղաչում էի Եհովային, որ ների ինձ և ուժ տա, որ ճիշտ ճանապարհով քայլեմ։ Երբ մեր ռազմաճակատում կատաղի հարձակումը խառնաշփոթ առաջացրեց, փախչելու հնարավորություն ունեցա։

Ես գիտեի, որ բռնվելու դեպքում ինձ մահապատժի կենթարկեին։ Հաջորդ վեց ամիսների ընթացքում տարբեր տեղերում էի թաքնվում։ Նույնիսկ որոշեցի Մայդային մի նամակ ուղարկել, որտեղ գրել էի. «Ես թողել եմ իմ գործատիրոջը և այժմ մեկ ուրիշին եմ ծառայում»։ Նկատի ունեի, որ մտադրվել եմ ծառայել Աստծուն, բայց որոշ ժամանակ պահանջվեց դրա համար։

1945 թ. օգոստոսին, երբ երեք ամիս անց Գերմանիան հանձնվեց Անտանտին, ես կարողացա վերադառնալ Մարիբոր։ Զարմանալի է, բայց իմ ամբողջ ընտանիքը՝ հայրս, մայրս և քույրս, վերապրել էին այդ սարսափելի պատերազմից։ Այդ ժամանակ կոմունիստներն անցան իշխանության գլուխ ու սկսեցին հալածել Եհովայի վկաներին։ Քարոզչական գործունեությունը պաշտոնապես արգելքի տակ էր, սակայն Վկաները գաղտնի շարունակում էին քարոզել։

1947 թ. փետրվարին երեք հավատարիմ Վկաներ՝ Ռուդոլֆ Կալեն, Դուշան Միկիչը և էդմոնդ Ստրոպնիկը մահվան դատապարտվեցին։ Հետագայում մահապատժին փոխարինեց 20–ամյա բանտարկությունը։ Լրատվական միջոցները հաճախ էին հայտնում այդ մասին և այդպիսով շատերն էին իմանում, թե ինչպիսի անարդար վերաբերմունքի էին արժանանում Վկաները։ Այդ հոդվածները կարդալիս մինչև սրտիս խորքը ցավ էի զգում։ Ես գիտեի, թե ինչ պետք է անեմ։

Նորից հոգևոր զորություն եմ ստանում

Ցավոք ուշ հասկացա, որ պետք է թիկունք կանգնեմ Աստվածաշնչյան ճշմարտություններին, և սկսեցի շատ ջանքեր թափել ծառայությանը գաղտնի մասնակցելու համար։ Քանի որ ջանադրաբար Աստվածաշունչ էի կարդում, նորից հոգևոր զորություն ստացա և կարողացա թողնել անմաքուր սովորությունները, օրինակ՝ ծխելը։

1951 թ. Աստծու հանդեպ իմ նվիրումը խորհրդանշեցի ջրի մկրտությամբ և նորից սկսեցի ապրել այն նույն կյանքով, որով ապրում էի տասը տարի առաջ։ Զգում էի, որ Եհովան իսկական հայր է՝ հավատարիմ, նվիրված և միշտ սիրող։ Թեև ոչ իմաստուն որոշումներ էի կայացրել, խորապես տպավորվել էի իմանալով, որ Աստված ինձ ներում է։ Որպես սիրող հայր՝ Եհովան շարունակ մոտենում էր ինձ «սիրոյ կապերով» (Ովսէէ 11։4)։

Այդ դժվար ժամանակներում մենք տարբեր Վկաների տներում գաղտնի ժողովի հանդիպումներ էինք անցկացնում և ոչ պաշտոնական վկայություն էինք տալիս։ Մկրտությունիցս մեկ տարի էլ չէր անցել, որ ինձ ձերբակալեցին։ Մինչև դատի սկսվելը ես կարողացա կարճ ժամանակով տեսակցել մորս։ Ինչպես նշեցի, նա գրկեց ինձ ու ասաց. «Ամո՛ւր մնա»։ Երբ որոշվեց, որ հինգ տարով բանտարկվում եմ, ես ներքին խաղաղություն զգացի ու վճռական դարձա։

Ինձ բանտարկեցին շատ փոքր մի խցի մեջ, որտեղ ուրիշ երեք բանտարկյալներ կային։ Ուստի հնարավորություն ունեցա Աստվածաշնչի ճշմարտությունների մասին խոսել այնպիսի մարդկանց հետ, որոնք այլ կերպ չէին կարող լսել բարի լուրը։ Չնայած ո՛չ Աստվածաշունչ ունեի, ո՛չ էլ աստվածաշնչյան գրականություն, սակայն զարմանում էի, թե ինչպես էի մտաբերում անձնական ուսումնասիրության ժամանակ կարդացած սուրբգրային համարները և դրանց բացատրությունները։ Շարունակ ասում էի բանտարկյալներին, որ եթե պետք է հինգ տարի ծառայեմ բանտում, Եհովան ինձ ուժ կտա։ Սակայն հնարավոր է, որ նա ավելի շուտ ինձ ազատի այստեղից։ Մտածում էի, որ եթե այդպես լինի, ապա ո՞վ կարող է նրան խանգարել։

Ծառայում եմ ազատության մեջ

1953 թ. նոյեմբերին կառավարությունը համաներում շնորհեց, և բոլոր Եհովայի վկաները ազատվեցին բանտից։ Ավելի ուշ իմացա, որ երկու ամիս առաջ մեր քարոզչական գործի վրա դրված արգելքը չեղյալ է համարվել։ Անմիջապես սկսեցինք ժողովի հանդիպումներ կազմակերպել և քարոզել։ Հանդիպումներն անցկացնում էինք Մարիբորի կենտրոնում գտնվող շինություններից մեկի ներքնահարկում։ Իսկ պատի վրա մի ցուցատախտակ էինք փակցրել և վրան գրել էինք՝ «Եհովայի վկաների Մարիբորի ժողով»։ Ազատության մեջ Եհովային ծառայելու ուրախությունը մեր սրտերը խոր երախտագիտությամբ էր լցրել։

1961 թ. սկզբներին սկսեցի ծառայել որպես ռահվիրա։ Մոտավորապես վեց ամիս հետո ինձ հրավիրեցին ծառայելու Հարավսլավիայի Եհովայի վկաների մասնաճյուղում, որը գտնվում էր Զագրեբում (Խորվաթիա)։ Այդ ժամանակ մասնաճյուղը ընդամենը մեկ սենյակ էր, որտեղ աշխատում էին երեք հոգի։ Մոտակայքում ապրող մեր հավատակիցները օրվա ընթացքում գալիս էին և օգնում էին տեղի լեզուներով «Դիտարան» պարբերագրեր պատրաստել։

Մոտակայքում ապրող քրիստոնյա կանայք նույնպես օգնում էին մեզ։ Տարբեր աշխատանքներ կատարելու հետ մեկտեղ նրանք նաև կարում էին պարբերագրերի էջերը։ Ես տարբեր աշխատանքներ էի կատարում, այդ թվում նաև սրբագրում էի, թարգմանություններ էի անում, աշխատում էի որպես ցրիչ և արձանագրություններ էի կազմում։

Փոխվում է նշանակումս

1964 թ. սկսեցի ծառայել որպես շրջագայող վերակացու. ես պետք է այցելեի բոլոր ժողովները և հոգևորապես զորացնեի մեր հավատակիցներին։ Իմ աշխատանքը անչափ շատ էի սիրում։ Ժամանակիս մեծ մասը ավտոբուսով կամ գնացքով գնում էի մի ժողովից մյուսը։ Փոքր գյուղերում ապրող Վկաներին հասնելու համար հաճախ գնում էի հեծանիվով կամ ոտքով և երբեմն մինչև կոճերս ցեխոտվում էի։

Իմ ծառայության մեջ եղել են նաև զավեշտալի իրավիճակներ։ Մի անգամ եղբայրներից մեկը ինձ սայլով ժողով տարավ։ Ուժգին հարվածից անիվներից մեկը պոկվեց իր տեղից և դուրս եկավ։ Մենք ընկանք ցեխի մեջ, իսկ ձին լայն բացված աչքերով զարմացած մեզ էր նայում։ Նույնիսկ տարիներ անց հիշում էինք այդ դեպքը և ծիծաղում։ Այս անկեղծ անհատների անշահախնդիր սերը ինձ ուրախություն էր պարգևում, որը ես միշտ թանկ կգնահատեմ։

Նովի Սադ քաղաքում ծանոթացա Մարիկայի հետ, որը ծառայում էր որպես ռահվիրա։ Աստվածաշնչի ճշմարտությունների հանդեպ նրա սերը և ծառայության մեջ նրա եռանդը այնքան տպավորեց ինձ, որ ցանկացա ամուսնանալ նրա հետ։ Որոշ ժամանակ հետո մենք ամուսնացանք և սկսեցինք միասին կատարել շրջագայական ծառայությունը։

Արգելքի տարիներին ընտանիքս բազում դժվարությունների էր բախվել։ Հորս կեղծ մեղադրանք էին ներկայացրել՝ ասելով, որ նա պատերազմի ընթացքում համագործակցել է թշնամու հետ, և հեռացրել էին աշխատանքից։ Նա երկար ժամանակ պայքարեց, բայց ոչինչ չկարողացավ ապացուցել, արդյունքում խոր հիասթափություն ապրեց, ինչն էլ թուլացրեց նրա հավատը։ Մի որոշ ժամանակ անց նա նորից ամուր հավատ զարգացրեց և սկսեց ակտիվորեն ծառայել իր ժողովում մինչև իր մահը՝ 1984 թ.–ին։ Իմ խոնարհ, հավատարիմ մայրը ավելի շուտ հեռացավ կյանքից՝ 1965 թ.–ին։ Իսկ Մայդան շարունակում է ծառայել Մարիբորի ժողովներից մեկում։

Ծառայում ենք Ավստրիայում

1972 թ.–ին Մարիկային ու ինձ հրավիրեցին Ավստրիա՝ քարոզելու հարավսլավացի գաղթականներին։ Երբ ժամանեցինք Վիեննա, մեր մտքով անգամ չէր անցնում, որ այդ քաղաքը կդառնա մեր մշտական նշանակումը։ Ժամանակի ընթացքում Հարավսլավիայում տարածված լեզուներով խոսող նոր ժողովներ ու խմբեր հաստատվեցին Ավստրիայում։

Այնուհետև սկսեցի ծառայել որպես շրջագայող վերակացու՝ այցելելով մի շարք ժողովներ և խմբեր, որոնք սփռված էին ամբողջ երկրով մեկ։ Հետագայում մեզ խնդրեցին ընդլայնել մեր ծառայությունը և գնալ նաև Գերմանիա ու Շվեյցարիա, որտեղ նույնպես հիմնվել էին այդպիսի ժողովներ։ Այդ երկրներում ես աջակցեցի մեծ համաժողովներ կազմակերպելու գործին։

Այդպիսի համաժողովներից մեկին ես հնարավորություն ունեցա հանդիպելու Մարտին Փետցինգերին (Կառավարիչ մարմնի անդամները ներկա էին լինում մեծ համաժողովներին)։ Մենք հիշեցինք մոտ 40 տարի առաջ կատարված դեպքերը, երբ նա հաճախ էր հյուրընկալվում մեր տանը։ Ես հարցրի նրան. «Հիշո՞ւմ ես, թե ինչպես էի սիրում թերթել քո գրպանի հանրագիտարանը»։

«Մեկ րոպե»,— ասաց Մարտինը և դուրս եկավ սենյակից։ Նա վերադարձավ՝ գիրքը ձեռքին, և այն ինձ տվեց։ «Վերցրու այս գիրքը որպես նվեր ընկերոջից»,— ասաց նա։ Մինչ օրս այն իմ գրադարանի արժեքավոր գրքերից մեկն է։

Չնայած առողջական խնդիրներին՝ շարունակում ենք ակտիվորեն ծառայել

1983 թ. ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Կարճ ժամանակ հետո ինձ ասացին, որ ես ծանր վիճակում եմ գտնվում։ Դրանք լարված օրեր էին, հատկապես Մարիկայի համար, սակայն նրա սիրառատ հոգատարության և մեր հավատակիցների գործնական աջակցության շնորհիվ ես շարունակում եմ ապրել հարուստ և լիարժեք կյանքով։

Մարիկան և ես շարունակում ենք մեր լիաժամ ծառայությունը Վիեննայում։ Ժամանակի մեծ մասը համագործակցում եմ մեր մասնաճյուղի հետ և թարգմանություն եմ անում, իսկ Մարիկան զբաղվում է քարոզչական գործով։ Ես անչափ ուրախանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է Ավստրիայի հարավսլավացի գաղթականների փոքր խումբը մեծացել, և այսօր քարոզիչների թիվը անցնում է 1300–ից։ Մարիկան և ես առանձնաշնորհում ենք ունեցել նրանցից շատերին սովորեցնելու աստվածաշնչյան ճշմարտությունները։

Վերջին տարիներին պատիվ ունեցա մասնակցելու նոր մասնաճյուղերի նվիրման ծրագրին Հարավսլավիայի նախկին պետություններում, դրանցից մեկը տեղի ունեցավ Խորվաթիայում 1999 թ.–ին, իսկ մյուսը՝ Սլովենիայում 2006 թ.–ին։ Ես երկար տարիներ ծառայող Վկաներից մեկն էի, որին խնդրեցին ծրագրի ժամանակ պատմել, թե ինչպես է քարոզչական գործունեությունը մոտ 70 տարի առաջ սկսվել այս երկրներում։

Եհովան իրոք սիրող հայր է և պատրաստ է առատաձեռնորեն ներելու մեզ։ Որքա՜ն երախտապարտ եմ, որ նա չի կենտրոնանում մեր սխալների վրա (Սաղմոս 130։3)։ Նա բարի և ողորմած է եղել իմ հանդեպc։

[ծանոթագրություններ]

a Այդ ժամանակ վեց հանրապետություններ, այդ թվում նաև Սլովենիան կազմում էին Հարավսլավիա պետությունը։

b Իմանալու համար, թե ինչ սուրբգրային հիմքեր կան, որ Եհովայի վկաները չեն մասնակցում պատերազմի՝ տե՛ս այս պարբերագրի «Մեր ընթերցողները հարցնում են» հոդվածը, էջ 22։

c Բոլֆենկ Մոչնիկը մահացավ 2008 թ. ապրիլի 11–ին, մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության։

[նկար 27–րդ էջի վրա]

Ձախից աջ՝ ծնողներս՝ Բերտա և Ֆրանս Մոչնիկները, Մայդան և ես (Սլովենիա, Մարիբոր, 1940–ականներին)

[նկար 29–րդ էջի վրա]

Կնոջս՝ Մարիկայի հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը