ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ
Աստվածաշնչյան ժամանակների ձկնորսական ցանցերը
Աստվածաշունչ ընթերցողներին քաջ հայտնի է, որ Հիսուսի հետևորդներից ոմանք ձկնորսներ էին (Մարկ. 1։16-20)։ Գալիլեայի ծովում ձուկ բռնելիս նրանք օգտագործում էին ձկնորսական ցանցեր։
Դրանք պատրաստում էին վուշե թելից կամ մի քանի տակ ոլորած թոկից, որոնցով հանգույցներ անելով՝ ցանց էին հյուսում։ Ցանցի չափը կախված էր նրանից, թե ինչ մեծության ձուկ էին որսալու։ Փոքր ցանցերին սովորաբար որևիցե ծանրություն՝ կապար կամ քար էր ամրացվում, որպեսզի դրանք հեշտ սուզվեին։ Մեծ ուռկանների դեպքում ծանրությունը ամրացվում էր դրանց ստորին եզրին, իսկ վերին եզրին ամրացնում էին փայտից կամ խցանափայտից լողաններ։
Ձկնորսական ցանցերը շատ թանկ էին։ Ստորջրյա ժայռերին քսվելով՝ դրանք կարող էին վնասվել կամ որսի առատությունից պատռվել (Ղուկ. 5։6)։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչը հիշատակում է, որ Հակոբոսն ու Հովհաննեսը «ցանցերն էին նորոգում», ըստ ամենայնի, դա անում էին ասեղով և վուշե թելով (Մատթ. 4։21)։ Ձկնորսները թերևս այդպիսի նորոգում անում էին ամեն օգտագործումից հետո։ Ինչպես կարդում ենք Ղուկասի արձանագրության մեջ, ձկնորսները նաև «լվանում էին» իրենց ցանցերը, որ մաքրեն դրանց վրա հավաքված տիղմն ու աղբը (Ղուկ. 5։2)։ Լվանալուց հետո ցանցերը կախում էին չորացնելու, որ դրանք չփտեն (Եզեկ. 47։10)։
Այդպիսի ցանցերով ձուկ բռնող մարդկանց Հիսուսը հրավիրեց դառնալու մարդկանց «ձկնորսներ»։