ԱՊՐԻԼԻ 6-12, 2026
ԵՐԳ 82 «Թող ձեր լույսը շողա»
Ինչպես օգնել ոչ Վկա հարազատներին
«Չհանձնվենք ու շարունակենք ճիշտն անել» (ԳԱՂ. 6։9)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչպես ոչ Վկա հարազատների հետ լավ հարաբերություններ պահպանել և հնարավորության դեպքում հոգևորապես օգնել նրանց։
1-2. Ճշմարտությունն ընդունելուց հետո ինչո՞ւ հարազատներիդ հետ քո ունեցած հարաբերությունները գուցե լարվեն։
ՄԻ ԱՌԻԹՈՎ Հիսուսը հետևյալն ասաց մի մարդու, ով ցանկանում էր նրա հետևորդը դառնալ. «Գնա տուն՝ ազգականներիդ մոտ, և նրանց պատմիր քեզ համար Եհովայի արածների.... մասին» (Մարկ. 5։19)։ Նա ասաց դա, քանի որ գիտեր, որ մարդիկ հակված են լավ լուրերը հայտնել իրենց հարազատներին։
2 Հիշո՞ւմ ես՝ ի՞նչ զգացիր, երբ լսեցիր բարի լուրը։ Հավանաբար, այնքան էիր ուրախացել, որ ցանկանում էիր հայտնել այդ լուրը բոլոր հարազատներիդ։ Սակայն նրանք գուցե լավ չարձագանքեցին, կամ էլ ճշմարտությունը հայտնելու քո ձևը լարվածություն առաջացրեց ձեր միջև։ Ուստի ի՞նչ կարող ես անել, որ պահպանես կամ վերականգնես ձեր լավ հարաբերությունները և միևնույն ժամանակ փոխզիջման չգնաս քրիստոնեական չափանիշները պահելու հարցում։
3. Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։
3 Այս հոդվածում կտեսնենք, թե 1) կարեկցանքը ինչպես կարող է մղել մեզ հետաքրքրվել մեր ոչ Վկա հարազատներով, նույնիսկ եթե նրանք չեն ցանկանում լսել բարի լուրը, 2) ինչ կարող ենք անել, երբ մեր հարազատները ասում կամ անում են բաներ, որոնք ցավ են պատճառում մեզ, 3) մեր համբերությունն ու լավատեսությունը ինչպես կարող են օգնել նրանց, որ ընդունեն ճշմարտությունը, և 4) ինչպես կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք նրանց։
ԿԱՐԵԿԻՑ ԵՂԻՐ
4. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում այն մարդկանց, ովքեր անտարբեր էին իր հայտնած լուրի հանդեպ։
4 Հիսուսը արագ հույսը չէր կտրում այն մարդկանցից, ովքեր անտարբեր էին իր հայտնած լուրի հանդեպ։ Նա իրեն համեմատեց այգեգործի հետ, ով ջանք չէր խնայում, որ մշակի անպտուղ թզենին (Ղուկ. 13։6-9)։ Երբ Հիսուսը պատմեց այս առակը, նա արդեն ավելի քան երեք տարի էր, ինչ փորձում էր օգնել հրեաներին, որ հավատան իրեն։ Ինչո՞ւ էր նա շարունակում դա անել։ Հիսուսը կարեկցում էր մարդկանց, ինչի շնորհիվ էլ համբերատար էր։
5. Ի՞նչն էր մղում Հիսուսին կարեկից լինել իր հայրենակիցների հանդեպ։
5 Հիսուսը կարեկցում էր իր հայրենակիցներին, քանի որ կրոնական առաջնորդները չէին օգնում նրանց իսկական հավատ զարգացնել Աստծու հանդեպ։ Նա տեսնում էր, որ մարդիկ «ասես հովիվ չունեցող ոչխարներ լինեն» (Մարկ. 6։34)։ Իր մահվանից կարճ ժամանակ առաջ նա անգամ լաց եղավ Երուսաղեմի համար, քանի որ գիտեր, որ դրա բնակիչների մեծ մասը հավատ չունենալու պատճառով մահանալու էր (Ղուկ. 19։41-44)։ Եթե նման ջերմ զգացումներ զարգացնենք մեր հարազատների հանդեպ, կմղվենք օգնելու նրանց։
6. Ինչո՞ւ պետք է համբերատար լինենք մեր ոչ Վկա հարազատների հանդեպ (Գաղատացիներ 6։9)։
6 Կարդա Գաղատացիներ 6։9։ Նույնիսկ եթե մեր հարազատներին դեռ չեն հետաքրքրում մեր համոզմունքները, պետք է համբերատար լինենք և «շարունակենք ճիշտն անել»։ Մենք գիտենք, որ մարդուն ժամանակ է պետք, որ հաղթահարի արմատացած նախապաշարմունքը և հավատ զարգացնի։ Գուցե մի ժամանակ դու էլ էիր այն մարդկանց նման, ովքեր «առանց հույսի և առանց Աստծու» են (Եփես. 2։12)։ Եթե այդպես է եղել, անկասկած, ինչ-որ մեկը օգնել է քեզ։ Մի՞թե դու էլ չես մղվում հնարավորության դեպքում օգնել քո ընտանիքի անդամներին, որ իմանան Եհովայի մասին։
ՁԳՏԻՐ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՆՐԱՆՔ ՀԱԿԱՌԱԿՎՈՒՄ ՔԵԶ
7. Ի՞նչն էր գուցե խանգարում Հիսուսի եղբայրներին, որ հավատան նրան։
7 Հիսուսի եղբայրները հավանաբար լսել էին Գալիլեայում նրա կատարած հրաշքների մասին (Ղուկ. 4։14, 22-24)։ Սկզբում, սակայն, նրանք հավատ չունեին նրա հանդեպ (Հովհ. 7։5)։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը չի պատասխանում այդ հարցին, սակայն հայտնում է առնվազն երկու բան, որոնք որոշ հրեաների հետ էին պահում Հիսուսի աշակերտը դառնալուց։ Ոմանք վախենում էին մերժված լինել շրջապատի կողմից (Հովհ. 9։18-22)։ Ուրիշները Հիսուսին ճանաչում էին, երբ նա դեռ երեխա էր, և չէին պատկերացնում, որ նա կարող է Աստծու ներկայացուցիչը լինել (Մարկ. 6։1-4)։ Գուցե այդպիսի մտածելակերպը ազդել էր նաև Հիսուսի եղբայրների վրա։ Իսկ հնարավո՞ր է, որ նման գործոնները ազդել են նաև մեր հարազատների վրա։
8. Ի՞նչը գուցե պատճառ լինի, որ մեր հավատը չդավանող հարազատները մեզ հետ խոսեն կամ վարվեն կոպտորեն։
8 Հասկանանք նրանց խոսքերի և գործերի դրդապատճառները։ Հիսուսի եղբայրները թերևս այն հարազատների թվում էին, ովքեր մտածեցին, թե նա «խելագարվել է» (Մարկ. 3։21)։ Ինչո՞ւ նրանք նման բան եզրակացրին։ Համատեքստից տեսնում ենք, որ Հիսուսն այնքան զբաղված էր, որ անգամ հաց ուտելու ժամանակ չուներ (Մարկ. 3։20)։ Նրա հարազատները հնարավոր է՝ մտածում էին, որ նա մոլեռանդ է։ Մեր հարազատներն էլ գուցե կարծեն, թե մենք չափից շատ ենք տարված մեր կրոնով։ Եթե այդպես է, լավ կլինի՝ մեր գործերով ցույց տանք, որ իրականում ողջամիտ ենք։
9. Ի՞նչը մեր հարազատներին թերևս օգնի փոխել մեր մասին իրենց կարծիքը (1 Պետրոս 3։1, 2; տես նաև նկարները)։
9 Թող քո վարքը խոսի քո փոխարեն։ Մեր բարի խոսքերն ու գործերը կարող են մղել մեր հարազատներին փոխելու իրենց կարծիքը մեր մասին (կարդա 1 Պետրոս 3։1, 2)։ Ոչ Վկա ամուսինը գուցե իրեն անտեսված է զգում կամ նեղսրտում է, երբ իր կինը գնում է ժողով կամ ծառայության։ Կինը, չցանկանալով, որ ամուսինն այդպիսի զգացում ունենա, թերևս փոփոխություն անի հոգևոր գործերի իր գրաֆիկում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի նրա հետ։ Օրինակ՝ նա կարող է ծառայության գնալ այն ժամանակ, երբ ամուսինը զբաղված է կամ էլ տանը չէ։ Ճկուն և ողջամիտ լինելով՝ քրիստոնյա կինը հնարավոր է՝ օգնի ամուսնուն փոխել կարծիքը Վկաների մասին։
Մեր բարի խոսքերն ու արարքները կարող են փոխել մեր հավատը չդավանող կողակցի կարծիքը Վկաների մասին (տես պարբերություն 9)f
10. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին, երբ մեզ քննադատում են։
10 Պարտավորված մի՛ զգա արձագանքելու քննադատական ամեն մի խոսքի։ Երբ Հիսուսին անհիմն մեղադրեցին որկրամոլ ու գինեմոլ լինելու մեջ, նա չարդարացավ։ Փոխարենը մարդկանց հորդորեց ուշադրություն դարձնել փաստերին (Մատթ. 11։19)։ Նա նաև իր օրինակով ցույց տվեց, որ կյանքի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունի (համեմատիր Հովհաննես 2։2, 6-10)։ Դու էլ պարտավորված մի՛ զգա արձագանքելու յուրաքանչյուր քննադատությանը, այլ գործերով ցույց տուր հարազատներիդ, որ հավասարակշռված և ուրախ մարդ ես, ու թող նրա՛նք եզրակացություններ անեն։ Արդյունքում նրանք ըստ ամենայնի կհասկանան, որ մեր մասին իրենց լսած տեղեկությունները սուտ են։
ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՎ ԼԱՎԱՏԵՍ ԵՂԻՐ
11. Հիսուսն ինչպե՞ս էր վերաբերվում իր եղբայրներին։
11 Ավետարաններից տեսնում ենք, որ Հիսուսը համբերատար էր իր եղբայրների հանդեպ։ Օրինակ՝ երբ նա Կանայում գործեց իր առաջին հրաշքը, նրանք ակներևաբար նույնպես այնտեղ էին (Հովհ. 2։11, 12)։ Ինչպես արդեն նշվեց, Հիսուսի եղբայրները չէին հավատում, որ նա Մեսիան է։ Սակայն նա չխզեց կապերը նրանց հետ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ այդ հրաշքից մոտ երեք տարի հետո էլ նա իր եղբայրների հետ բարությամբ էր խոսում (Հովհ. 7։5-8)։
12. Ի՞նչը կօգնի մեզ չկորցնել մեր հույսը այն բանի հանդեպ, որ մեր հարազատներից ոմանք մի օր կսկսեն ծառայել Եհովային։
12 Եթե խորությամբ հասկանանք, թե որքան գթասիրտ է Եհովան, չենք կորցնի մեր լավատեսությունը։ Կեղծ կրոնի կործանումից հետո մեր հարազատները թերևս հիշեն այդ իրադարձության մասին մեր ասածները (Հայտն. 17։16)։a Մեծ նեղությունը սկսվելուց հետո նրանք գուցե անգամ որոշեն մեզ հետ պաշտել Եհովային։ Բայց մինչ այդ մենք մեր ձեռքից եկածը կանենք, որ մեր հարազատների կողքին լինենք, երբ նրանք դժվարությունների բախվեն։ Տեսնելով, որ անկեղծորեն սեր ու բարություն ենք դրսևորում իրենց հանդեպ, նրանք հնարավոր է՝ ավելի հակված լինեն ընդունել աստվածաշնչյան ճշմարտությունը։
ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ
13. Թեև շատ բան ունենք անելու Եհովայի գործում, ո՞ր հարցում պետք է ուշադիր լինենք։
13 Նույնիսկ եթե շատ բան ունենք անելու Եհովայի գործում, չենք ցանկանում այնպիսի տպավորություն թողնել մեր հարազատների վրա, թե ժամանակ չունենք նրանց համար կամ այլևս չենք սիրում նրանց (Մատթ. 7։12)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ նրանք կարևոր են մեզ համար։ Նկատի առնենք մի քանի առաջարկ։
14-15. Ո՞րն է ոչ Վկա հարազատների հանդեպ սեր դրսևորելու կերպերից մեկը։ Բեր օրինակ։
14 Կապ պահիր նրանց հետ և արտահայտիր քո սերը։ Հարազատների հանդեպ սեր դրսևորած կլինենք, եթե հաճախ խոսենք նրանց հետ և պատմենք մեր առօրյայից։ Օրինակ՝ կարող ենք տեքստային հաղորդագրություններ ուղարկել նրանց, ինչպես նաև այն նկարները, որ արել ենք արձակուրդի, ճամփորդության կամ ընկերական հավաքույթի ժամանակ։ Անգամ մի համեստ նվերը կամ ջերմ նամակը կարող է նպաստել, որ ավելի լավ հարաբերություններ ունենանք նրանց հետ։ Եթե նախաձեռնություն վերցնենք ու նման բաներ անենք, մեր հարազատներին կհավաստիացնենք, որ սիրում ենք նրանց։
15 Նկատի առնենք Աննա անունով մի քրոջ օրինակը, ով ապրում է Հայաստանում։ Նրա ընտանիքը միասին շատ ժամանակ է անցկացնում, հատկապես ծննդյան տարեդարձներին ու տոներին։ Երբ Աննան ընդունեց ճշմարտությունը, նրա հարազատները սկսեցին անհանգստանալ, որ նրա նոր հավատը կազդի իրենց հարաբերությունների վրա։ Նրանց նաև մտահոգում էր այն, թե Վկա դառնալը ինչպես կանդրադառնա Աննայի ապագայի վրա։ Ինչպե՞ս է քրոջը հաջողվում փարատել նրանց մտահոգությունները։ Աննան ասում է. «Երբ այցելում եմ հարազատներիս, պատմում եմ, թե ինչ է տեղի ունենում իմ կյանքում, և թե ինչով եմ զբաղված։ Նաև նրանց հրավիրում եմ իմ տուն և ծանոթացնում ընկերներիս հետ։ Արդյունքում հարազատներիս մեծ մասը ճանաչում է իմ մտերիմներին և լավ է զգում նրանց շրջապատում»։ Քույրը ավելացնում է. «Հարազատներիցս շատերը ասել են, որ տեսնում են, թե որքան երջանիկ եմ, և այլևս չեն անհանգստանում ինձ համար»։
16. Ինչպե՞ս Հիսուսը անձնական հետաքրքրություն ցույց տվեց իր եղբայր Հակոբոսի հանդեպ (տես նաև ծանոթագրությունը)։
16 Հետաքրքրվիր նրանցով։ Հարություն առնելուց հետո Հիսուսը ցույց տվեց, որ հետաքրքրված է իր եղբայր Հակոբոսով՝ անձամբ երևալով նրան (1 Կորնթ. 15։7)։ Պատկերացրու, թե ինչ զգաց Հակոբոսը, երբ հասկացավ, որ Հիսուսը հույսը չի կտրել իրենից։ Ըստ ամենայնի, այդ ժամանակ էր, որ նա համոզվեց, որ Հիսուսը Մեսիան է։ Այդ հանդիպումից հետո Հակոբոսը հավանաբար օգնեց իր ընտանիքի մյուս անդամներին ճիշտ եզրահանգման գալ Հիսուսի ինքնության վերաբերյալ (Գործ. 1։14)։b
17. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Հռոմեացիներ 12։15-ում գրված սկզբունքը (տես նաև նկարը)։
17 Կարդա Հռոմեացիներ 12։15։ Եթե մեր հարազատների թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերին հետաքրքրվենք նրանցով, թերևս նրանք փոխեն մեր հանդեպ իրենց վերաբերմունքը։c Օրինակ՝ երբ նրանց ընտանիքում երեխա է ծնվում, կարող ենք շնորհավորել և նվեր տալ՝ ցույց տալով, որ ուրախանում ենք նրանց հետ։ Իսկ երբ նրանք հարազատ են կորցնում, կարող ենք մխիթարական խոսքեր ասել նրանց, գործնական օգնություն առաջարկել կամ ցավակցական բացիկ ուղարկել։ Եվ, ինչ խոսք, լավ կլինի կանոնավորաբար հետաքրքրվել նրանցով, հատկապես երբ դժվարությունների միջով են անցնում։
Եթե հետաքրքրվես քո հարազատներով, երբ դրա կարիքը շատ ունենան, նրանք գուցե փոխեն իրենց վերաբերմունքը քո և քո հավատի հանդեպ (տես պարբերություն 17)g
18. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Անդրեաս աշակերտին։
18 Ծանոթացրու հավատակիցներիդ հետ։ Երբ Անդրեասը հասկացավ, որ Հիսուսը Մեսիան է, իր եղբորը՝ Պետրոսին, ոգևորությամբ ծանոթացրեց Հիսուսի հետ (Հովհ. 1։40-42)։ Մենք նրան ընդօրինակած կլինենք, եթե ժամանակ առ ժամանակ մեր հարազատին հրավիրենք ժողով կամ մեր ընկերների հետ ճաշելու։ Երբ նրան ծանոթացնենք մեր հավատակիցների հետ, նա կտեսնի, որ Վկաները պարկեշտ, նորմալ մարդիկ են։
19. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր հարազատներին, նույնիսկ եթե նրանք լիովին չեն հասկանում որոշ հավատալիքներ (1 Պետրոս 3։15)։
19 Կարդա 1 Պետրոս 3։15։ Մեր ընտանիքի անդամները գուցե լիովին չհասկանան, թե ինչու ենք հրաժարվում որոշ բաներից, բայց միշտ կհիշեն մեր դրսևորած բարությունն ու հարգանքը։ Թեև նրանց հետ այլևս չենք մասնակցում հակասուրբգրային տոներին ու արարողություններին, սակայն նրանք կուրախանան, երբ տեսնեն, որ դրա փոխարեն ձգտում ենք այլ առիթներով նրանց հետ ժամանակ անցկացնել, հյուր գնալ, միասին ճաշել և նվերներ տալ։
ԵՐԲԵՔ ՀՈՒՅՍԴ ՄԻ՛ ԿՏՐԻՐ ՔՈ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑ
20. Ինչո՞ւ է Հակոբոսի օրինակը քաջալերական մեզ համար։
20 Հակոբոսը բաց թողեց ծառայության մեջ Հիսուսին ուղեկցելու հնարավորությունը, բայց ի վերջո դարձավ նրա աշակերտը (Գաղ. 1։18, 19; 2։9)։ Թեև նա Հիսուսի ծառայության ընթացքում նրա աշակերտը չէր եղել, սակայն նրա սովորեցրածներն ակներևաբար իր սրտում էր պահել։ Օրինակ՝ սուրբ ոգու ներշնչմամբ նա գրեց մի նամակ, որում մի քանի անգամ հղում արեց Լեռան քարոզին։d
21. Ինչո՞ւ չպետք է մեր հույսը կտրենք մեր ոչ Վկա հարազատներից։
21 Որքան էլ շատ ջանք թափենք մեր ոչ Վկա հարազատներով հետաքրքրվելու համար, նրանք գուցե չցանկանան իմանալ ճշմարտությունը կամ լավ հարաբերություններ ունենալ մեզ հետ։ Մենք չպետք է հուսահատվենք, քանի որ երբ ամեն անգամ բարություն ենք դրսևորում նրանց հանդեպ, ընդօրինակում ենք մեր գթառատ Հայր Եհովային և նրա Որդուն՝ Հիսուսին (Ղուկ. 6։33, 36)։ Ժամանակի ընթացքում մեր դրսևորած սերը թերևս մղի նրանց փոխել իրենց վերաբերմունքը մեր հանդեպ։ Նրանք գուցե նույնիսկ հիշեն, թե մեր հավատալիքների մասին ինչ ենք խոսել իրենց հետ։ Եթե մեր հույսը չկտրենք մեր սիրելի հարազատներից, հնարավոր է՝ մի օր նրանցից ոմանք միանան մեզ մաքուր երկրպագության մեջ, և մենք մեծ ուրախություն ապրենք։
ԵՐԳ 60 Նրանք կապրեն, եթե լսեն
a Տես «Ի՞նչ գիտենք Եհովայի գալիք դատաստանների մասին» հոդվածը 2024 թ. մայիսի համարում (էջ 11, պրբ. 11-13)։
b Հիսուսի եղբայրներից առնվազն երկուսը ընդունեցին ճշմարտությունը նրա մահից և հարությունից հետո։
c Տես «Մասնակցե՞լ ոչ Վկա հարազատի հարսանիքին կամ թաղմանը, թե՞ ոչ» շրջանակը։
d Համեմատիր Հակոբոս 1։2-ը Մատթեոս 5։11, 12-ի հետ, Հակոբոս 1։19-ը Մատթեոս 5։22-ի հետ, Հակոբոս 1։22; 2։24-ը Մատթեոս 7։21-ի հետ, Հակոբոս 2։13-ը Մատթեոս 5։7; 6։14, 15-ի հետ։
e Նման իրավիճակներում ճիշտ վարվելու վերաբերյալ տեղեկություն կգտնես «Դիտարանի» 2002 թ. մայիսի 15-ի և 2007 թ. նոյեմբերի 15-ի «Ընթերցողների հարցերը» հոդվածներում։
f ՆԿԱՐ։ Նախքան ծառայության գնալը քույրը ուտելիք է պատրաստում ամուսնու համար։
g ՆԿԱՐ։ Նույն քույրը նաև ժամանակ է տրամադրում, որ այցելի իր ոչ Վկա սկեսրոջը։