Հարցերի արկղ
◼ Ինչպիսի՞ վտանգներ կան, երբ Ինտերնետի միջոցով հաղորդակցվում ենք մեզ անծանոթ անձնավորության հետ։
Բազմաթիվ վեբ կայքեր են նախատեսված այն նպատակով, որ մարդիկ Ինտերնետի միջոցով հաղորդակցվեն իրար հետ։ Այդ կայքերից շատերը հնարավորություն են տալիս մարդկանց տեղադրելու իրենց տվյալները, ինչպես օրինակ՝ նկարներ կամ անձնական այլ տեղեկություններ։ Այս տվյալներին ծանոթանալուց հետո մարդիկ սկսում են կապ հաստատել իրար հետ։ Նման վեբ կայքերից օգտվելը շատ տարածված է հատկապես երիտասարդների շրջանում, և ժողովներում որոշ երիտասարդ քրիստոնյաներ հենց այդ ճանապարհով են ծանոթանում նրանց հետ, ովքեր ներկայանում են որպես Եհովայի վկաներ։
Այն անհատը, ում հետ ծանոթացել ենք Ինտերնետի միջոցով, հեշտությամբ կարող է թաքցնել իր ով լինելը, իր մղումները, ինչպես նաև կարող է սխալ տեղեկություններ հայտնել իր հոգևոր վիճակի մասին (Սաղ. 26։4)։ Նա, ով ներկայանում է որպես Եհովայի վկա, իրականում գուցե մեր հավատակիցը չէ, այլ ընկերակցությունից զրկված մեկն է կամ էլ հավատուրաց է, որի նպատակն է շեղել քրիստոնյաներին (Գաղ. 2։4)։ Տեղեկությունների համաձայն՝ շատ մանկապիղծներ հենց այս վեբ կայքերի միջոցով են գտնում իրենց զոհերին։
Նույնիսկ եթե մենք համոզված ենք, որ հաղորդակցվում ենք ժողովում լավ համբավ ունեցող քրիստոնյայի հետ, միևնույնն է, մեր զրույցները հեշտությամբ կարող են վերածվել անվայել խոսակցության։ Սովորաբար մարդիկ իրենց ավելի անկաշկանդ են զգում այն ժամանակ, երբ հաղորդակցվելիս իրար չեն տեսնում։ Նրանք նաև Ինտերնետով հաղորդակցվելը համարում են հարմար միջոց անձնական զրույցների համար՝ հասկանալով, որ ինչ էլ որ խոսեն, այդ մասին ուրիշները չեն իմանա, ինչպես ասենք՝ իրենց ծնողները կամ երեցները։ Ցավալի է, բայց քրիստոնյա ընտանիքներում մեծացած շատ երիտասարդներ ընկնում են այս ծուղակը և անվայել զրույցների մեջ են ներքաշվում (Եփես. 5։3, 4; Կող. 3։8)։ Ուրիշներն էլ համակարգիչներում իրենց իսկ ցանկահարույց նկարներն են տեղադրում, ներկայանում են անպարկեշտ մականուններով կամ էլ այնպիսի բովանդակությամբ երաժշտական տեսահոլովակներ են ձայնագրում, որոնք սեռական անբարո վարք են խրախուսում։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ծնողները պետք է խորհուրդ տան իրենց երեխաներին, թե ինչ նպատակով է հարկավոր օգտվել համակարգչից (Առակ. 29։15)։ Ինչպես որ վտանգավոր է անծանոթ մեկին տուն հրավիրելը կամ նրան մեր երեխաների հետ մենակ թողնելը, այնպես էլ մեր երեխաների և մեզ համար վտանգավոր է Ինտերնետի միջոցով անծանոթների հետ ընկերական կապեր հաստատելը, նույնիսկ եթե նրանք ներկայանում են որպես Եհովայի վկաներ (Առակ. 22։3)։