Ինչո՞ւ ենք մենք կրկին ու կրկին այցելում
1. Ի՞նչ հարց է ծագում մեր քարոզչական գործի հետ կապված։
1 Շատ վայրերում մենք բավականին հաճախ ենք մշակում մեր տարածքները։ Մենք շարունակում ենք նորից ու նորից գնալ նույն տները, չնայած հնարավոր է, որ տանտերը մեզ ասել է, որ իրեն չի հետաքրքրում մեր հաղորդած լուրը։ Ուստի ինչո՞ւ ենք մենք շարունակում այցելել այն մարդկանց, ովքեր նախկինում դրականորեն չեն արձագանքել։
2. Ո՞րն է գլխավոր պատճառը, որ մենք հաստատակամորեն շարունակում ենք ծառայել։
2 Սեր Եհովայի և մարդկանց հանդեպ։ Գլխավոր պատճառը, որ մենք հաստատակամորեն շարունակում ենք մեր ծառայությունը, Եհովայի հանդեպ սերն է։ Մեր սրտերը մղում են մեզ պատմել ուրիշներին մեր հզոր Աստծու մասին (Ղուկ. 6։45)։ Եհովայի հանդեպ սիրուց մղված է, որ մենք հնազանդվում ենք նրա պատվիրաններին և ուրիշներին էլ ենք օգնում նույնը անել (Առակ. 27։11; 1 Հովհ. 5։3)։ Այն, որ մենք շարունակում ենք հավատարմորեն կատարել այս գործը, կախված չէ մարդկանց արձագանքից։ Երբ առաջին դարի քրիստոնյաները հալածանքի ենթարկվեցին, միևնույնն է, նրանք շարունակեցին «առանց դադարի» քարոզել (Գործեր 5։42)։ Այսօր մենք էլ թույլ չենք տալիս, որ մարդկանց բացասական արձագանքը վհատեցնի մեզ, այլ մնում ենք հաստատուն՝ մեր խոր սերն ու նվիրվածությունը դրսևորելով Եհովայի հանդեպ։
3. Ինչպե՞ս է մարդկանց հանդեպ սերը օգնում մեզ շարունակել մեր քարոզչությունը։
3 Մենք հաստատակամորեն շարունակում ենք ծառայել նաև այն պատճառով, որ սիրում ենք մեր մերձավորին (Ղուկ. 10։27)։ Եհովան չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի (2 Պետ. 3։9)։ Նույնիսկ հաճախակի մշակվող տարածքներում մենք դեռ գտնում ենք մարդկանց, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային։ Օրինակ՝ Գվադելուպայում, որտեղ 56 բնակիչներից մեկը Եհովայի վկա է, անցյալ տարի մկրտվեց 214 հոգի։ Գրեթե 20 000 մարդ ներկա գտնվեց Հիշատակի երեկոյին, այսինքն՝ այդ կղզում ապրող 22 բնակչից մեկը։
4. Հնարավոր է ի՞նչ փոփոխություններ տեղի ունենան մեր տարածքներում։
4 Փոփոխություններ տարածքներում։ Մեր տարածքներում մշտապես փոփոխություններ են տեղի ունենում։ Երբ հերթական անգամ այցելում ենք այն բնակարանը, որտեղ նախկինում մերժել են մեզ, հնարավոր է դուռը բաց անի ընտանիքի մեկ ուրիշ անդամ, որը երբեք առիթ չի ունեցել մեզ հետ զրուցելու, և լսի մեր պատգամը։ Կամ գուցե մենք նոր բնակիչների հանդիպենք, որոնք կհետաքրքրվեն մեր լուրով։ Կամ էլ գուցե Թագավորության լուրը ցանկանան լսել այն երեխաները, որոնց ծնողները ժամանակին արգելել են նրանց, սակայն այժմ նրանք առանձին են ապրում։
5. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ մարդիկ սկսեն դրականորեն արձագանքել։
5 Մարդիկ նույնպես փոխվում են։ Մի ժամանակ Պողոս առաքյալը «հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ էր» (1 Տիմոթ. 1։13)։ Նույն ձևով էլ, շատերը, ովքեր այսօր ծառայում են Եհովային, նախկինում չեն հետաքրքրվել ճշմարտությամբ։ Նրանցից ոմանք նույնիսկ հակառակվել են բարի լուրին։ Մինչ աշխարհում տիրող իրավիճակները փոխվում են, մեր հակառակորդներից ոմանք, կամ նրանք, ովքեր անտարբեր են եղել, հնարավոր է ուզենան լսել։ Ուրիշներն էլ գուցե սկսեն դրականորեն արձագանքել այն բանից հետո, երբ իրենց կյանքում ինչ–որ դժբախտ դեպք է պատահում, օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկն է մահանում, աշխատանքն է կորցնում, ֆինանսական դժվարություններ կամ առողջական խնդիրներ են ծագում։
6. Ինչո՞ւ պետք է շարունակենք եռանդորեն քարոզել։
6 Իրերի այս համակարգը իր ավարտին է մոտենում, սակայն քարոզելու և ուսուցանելու մեր գործը արագորեն առաջ է ընթանում (Ես. 60։22)։ Ուստի մենք շարունակում ենք եռանդորեն քարոզել և փորձում ենք դրական տրամադրվածություն պահպանել՝ մտածելով, որ հաջորդ անձնավորությունը, որին մենք կքարոզենք, գուցե լսի մեզ։ Մենք պետք է շարունակենք խոսել մարդկանց հետ։ «Սա անելով՝ կփրկենք և՛ մեզ, և՛ մեզ լսողներին» (1 Տիմոթ. 4։16)։