Օգտվո՞ւմ ես «Աստված պահանջում է» գրքույկից՝ ուսումնասիրություններ սկսելու համար
1 Գիտե՞ս, որ եթե որևէ մեկի հետ կանոնավորապես, թեպետև կարճ, աստվածաշնչային թեմաներ ես քննարկում ուսումնասիրության համար նախատեսված գրականություններից որևէ մեկով, նշանակում է՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում։ Այո, դա այդպես է, եթե նույնիսկ ուսումնասիրությունն անցկացվում է դռան առջև կանգնած կամ հեռախոսով։ Ինչո՞ւ հատուկ ջանքեր չգործադրել՝ «Աստված պահանջում է» գրքույկով մայիս և հունիս ամիսներին այսպիսի ուսումնասիրություններ սկսելու։
2 Նախօրոք պատրաստվիր, որ հաջողության հասնես։ «Աստված պահանջում է» գրքույկն առաջարկելիս նախօրոք որոշիր, թե որ թեման ես ցանկանում քննարկել։ Եթե վերայցելություն ես կատարում, հիշիր, թե ինչի մասին ես զրուցել նախորդ անգամ։ Հարցրու ինքդ քեզ. «Գրքույկի ո՞ր պարբերությունների վրա հրավիրեմ նրա ուշադրությունը, որպեսզի կարողանամ շարունակել քննարկումը և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել»։ Եթե պատրաստվում ես տնից տուն ծառայության դուրս գալ, մտածիր, թե ինչ թեմաներ կհետաքրքրեն երիտասարդներին, մեծահասակներին, տղամարդկանց ու կանանց։ Վերանայիր գրքույկում քննարկվող դասերը և յուրաքանչյուրի համար համապատասխան թեմա ընտրիր։ Այնուհետև այդ թեմաները փորձիր ներկայացնել մի քանի անգամ։ Սա հաջողության հասնելու միջոցներից մեկն է։
3 2002 թ. հունվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում «Աստված պահանջում է» գրքույկն առաջարկելու ութ մատուցումներ են բերվում։ «Ուղղակիորեն դիմելը» շրջանակում ցույց է տրվում, թե ինչպես օգտագործել գրքույկը՝ ուսումնասիրություններ սկսելու համար։ Օրինակ՝ կարող ես առաջին մատուցումը հետևյալ կերպ ներկայացնել.
◼ «Գիտե՞ք, որ ընդամենը մի քանի րոպեում կարող եք գտնել Աստվածաշնչի վերաբերյալ ցանկացած կարևոր հարցի պատասխան։ Օրինակ՝ ինչո՞ւ են այսպես կոչված քրիստոնեական կրոններն այդքան շատ։ Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ»։ Պատասխանը լսելուց հետո բացիր 13–րդ դասը և քննարկիր առաջին երկու պարբերությունները։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարդա մեկ կամ երկու սուրբգրային մեջբերում և մեկնաբանիր։ Այնուհետև կարդա վերնագրի տակ բերված վերջին հարցը և ասա. «Շարունակության մեջ խոսվում է ճշմարիտ կրոնը բնորոշող հինգ առանձնահատկությունների մասին։ Կցանկանայի կրկին հանդիպել ձեզ և դրանք միասին քննարկել»։
4 Եղիր հաստատակամ։ Ամեն հնարավորություն օգտագործիր՝ «Աստված պահանջում է» գրքույկով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու։ Եհովայից խնդրիր իր օրհնությունը (Մատթ. 21։22)։ Հաստատակամորեն շարունակելով ջանքեր ներդնել՝ կճաշակես այն ուրախությունը, որ ստանում ենք մարդկանց օգնելիս՝ բարի լուրն ընդունելու։