Մեր հավատը մեզ բարի գործերի է մղում
1 Նոյի, Մովսեսի և Ռախաբի հավատը նրանց մղեց գործերի։ Նոյը տապան կառուցեց։ Մովսեսը հրաժարվեց փարավոնի արքունիքի ժամանակավոր հաճույքներից։ Ռախաբը թաքցրեց լրտեսներին և, հնազանդվելով նրանց տված հրահանգներին, իր ընտանիքի հետ փրկվեց (Եբր. 11։7, 24–26, 31)։ Իսկ մեր հավատը ի՞նչ բարի գործերի է մղում մեզ այսօր։
2 Վկայություն տալ։ Հավատը մղում է մեզ խոսելու մեր հրաշալի Աստծո և նրա գործերի մասին, որ նա արել է մեր հավիտենական երջանկության համար (Բ Կորնթ. 4։13)։ Թերևս երբեմն նվազի վկայություն տալու մեր ցանկությունը։ Բայց եթե ‘Եհովային դնենք մեր առաջին ամեն ժամանակ’, մենք ուժ կստանանք, և բացասական զգացումները տեղի կտան (Սաղ. 16։8)։ Այդ ժամանակ մեր հավատը կմղի մեզ ամեն հարմար առիթով բարի լուրը հայտնելու մեր հարազատներին, հարևաններին, աշխատակիցներին, դասընկերներին և այլոց (Հռովմ. 1։14–16)։
3 Մեկտեղ հավաքվել։ Հավատից բխող մեկ այլ բարի գործ է քրիստոնեական հանդիպումներին կանոնավորաբար ներկա լինելը։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպես վարվելով՝ ցույց ենք տալիս մեր համոզվածությունն այն բանում, որ այդ հանդիպումներին Աստծո սուրբ ոգու միջոցով մեզ հետ ներկա է Հիսուսը (Մատթ. 18։20)։ Նաև երևում է մեր ցանկությունը՝ լսելու, ինչ որ «Հոգին ասում է եկեղեցիներին» (Յայտն. 3։6)։ Մենք լուրջ ենք վերաբերվում մեզ տրված կրթությանը, քանի որ հավատի աչքերով տեսնում ենք, որ մեզ կրթողը մեր Մեծ Խրատողն է՝ Եհովան (Ես. 30։20, ՆԱ)։
4 Ճիշտ ընտրություն կատարել։ Խորին համոզվածությունն այնպիսի բաներում, որոնք անտեսանելի են, մեզ մղում է կյանքում առաջնահերթությունը տալ հոգևորին (Եբր. 11։1)։ Երբեմն սա կարող է նյութական որոշ զոհողություններ պահանջել։ Օրինակ՝ մի երեց հրաժարվեց շահութաբեր աշխատանքից, քանի որ այդ դեպքում ստիպված կլիներ բաց թողնել ժողովի հանդիպումները, ընտանիքից հեռու գտնվել և դադարեցնել ռահվիրայական ծառայությունը։ Եկեք մենք էլ լիովին վստահենք Աստվածաշնչի հավաստիացմանը, որ Եհովան հոգ կտանի բոլոր նրանց, ովքեր կշարունակեն «նախ խնդրե[լ] Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը» (Մատթ. 6։33)։
5 Այն, թե հավատն ինչ ազդեցություն է թողնում մեր կյանքերի վրա, ուրիշների կողմից աննկատ չի մնում։ Իրոք, մեր հավատը հայտնի է ողջ աշխարհով մեկ (Հռովմ. 1։8)։ Ուրեմն՝ թող որ մեզանից յուրաքանչյուրը իր բարի գործերով ցույց տա, որ իր հավատը կենդանի է (Յակ. 2։26)։