Մարդկանց կյանքը վտանգի տա՛կ է
1 Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ Եհովայի կամքն է, «որ բոլոր մարդիկ փրկուեն»։ Այնուամենայնիվ, միլիարդավոր մարդկանց ապագան կախված է նրանից, թե ինչպիսի դիրք կբռնեն անձամբ իրե՛նք Եհովա Աստծո և նրա Թագավորության հանդեպ, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Իսկ պատշաճ դիրքը կարող է հիմնված լինել միմիայն «ճշմարտութեան գիտութեան» վրա (Ա Տիմոթ. 2։3, 4)։ Մեզ հայտնի է, որ շուտով երկիրը կմաքրվի ամեն տեսակ չարությունից և ճանապարհ կհարթվի Աստծո արդար նոր աշխարհի համար։ Դրա հետ կապված՝ մեզ հանձնարարված է կատարել այն գործը, որը կենսական կարևորություն ունի (Մատթ. 24։14; 28։19, 20; Հռովմ. 10։13–15)։
2 Ինչո՞ւ այդպես հրատապ։ Հիսուսը նախազգուշացրեց, որ մի «մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից» (Մատթ. 24։21)։ Այդ մեծ նեղությունն իր բարձրակետին կհասնի Արմագեդոն պատերազմով (Յայտն. 16։16)։ Մեծ թվով մարդկանց ոչնչացում է սպառնում, եթե դրական արձագանք չտան բարի լուրին։ Այդ մարդկանց թվին են պատկանում նաև մեր ոչ քրիստոնյա հարազատները, հարևանները, աշխատակիցները, համադասարանցիներն ու ծանոթները։ Սակայն, մենք ցանկանում ենք բարի լուրը հաղորդել ‘բոլոր մարդկանց’ և դրանով ընդօրինակում ենք Եհովային, որն, ի սեր ամբողջ մարդկության, փրկանք տվեց իր Որդի Հիսուս Քրիստոսին (Յովհ. 3։16)։ Մենք ջանում ենք օգնել բոլոր մարդկանց, որպեսզի Աստծո ապահով «ապաստանը» փախչեն։ Քարոզչության մեջ լրիվ մասնակցություն ունենալով՝ մենք արյունապարտ չենք լինի (Եզեկ. 33։1–7; Ա Կորնթ. 9։16)։
3 Ո՞րն է մեր նպատակը։ Աստծո Խոսքում ամենուրեք շեշտվում է, թե որքան կարևորություն ունի այսօր քարոզչական գործը։ Ինչպես նշեց Պողոսը, «Քրիստոսի սէրն ստիպում է մեզ» անխոտոր ընթանալ Աստծո ճանապարհներով (Բ Կորնթ. 5։14)։ Նաև, «Դիտարան» պարբերագրում է հաճախակի շեշտվում քարոզելու մեր պարտականության մասին։ Իսկ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը շարունակ ուղղություն է տալիս մեզ քարոզչությունն առաջ տանելու համար։ Իրենց հերթին երեցները կազմակերպում են քարոզչական աշխատանքը և քաջալերում մեզ մասնակցություն ունենալ. հավատակիցները հրավիրում են համագործակցել իրենց հետ։ Մենք անընդհատ խորհուրդներ ենք ստանում մատուցումներ նախապատրաստելու, պարբերագրեր և ուրիշ գրականություն առաջարկելու, վերայցելություններ կատարելու, Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու, ինչպես նաև քարոզելու համար ամեն առիթ օգտագործելու վերաբերյալ։ Այս բոլորը օգնում են մեզ, որ ի կատար ածենք մեր նպատակը. այն է՝ փրկել մարդկանց կյանքը (Ա Կորնթ. 9։22, 23; Եփես. 1։13)։