Հարստանում ենք Եհովայի օրհնություններով
1 Հաճախ մարդու հաջողությունը չափվում է նրա գրպանի «լայնությամբ»։ Այդ պատճառով շատերը գտնում են, որ հարուստներն ամենաերջանիկ ու կյանքից մեծագույն բավականություն ստացող մարդիկ են։ Բայց այն մարդիկ, որոնք կարծում են, թե երջանկությունը կարելի է փողով գնել, չարաչար սխալվում են (Ժող. 5։12)։ Նրանք, «ովքեր հարստանալ են ուզում» նյութապես, տևական ուրախություն չեն վայելում (Ա Տիմոթ. 6։9)։ Մինչդեռ, Եհովայի ծառաների համար կարելի է ասել, որ նրանք իսկապես աշխարհի ամենաուրախ ու հարուստ մարդիկ են (Առակ. 10։22; Յայտն. 2։9)։ Ինչպե՞ս հասկանալ դա։
2 Ինչի՞ց է երևում մեր հարուստ լինելը։ Մենք՝ քրիստոնյաներս, հարուստ ենք նրանով, որ հասկանում և խորապես ըմբռնում ենք Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Եհովան իր երկրային կազմակերպության միջոցով շարունակաբար ուսուցանում է մեզ իր և իր Որդու մասին, ինչը տևական օգուտներ է բերում։ Ճշգրիտ հասկացողության շնորհիվ մենք մոտենում ենք Եհովային և մտերիմ փոխհարաբերություններ հաստատում նրա հետ (Յակ. 4։8)։ Տարբերելով լավը վատից և հետևելով Աստծո օրենքներին՝ մենք խուսափում ենք որոշ հիվանդություններից ու վտանգներից։ Մենք վստահ ենք, որ Եհովան հոգ կտանի մեր մասին, և դրա գիտակցումը մեզ բավարարվածության զգացում ու մտքի խաղաղություն է պարգևում (Մատթ. 6։33)։
3 Աստծո ոգու պտուղները զարգացնելը օգնում է մեզ հավատակիցների հետ միասնություն և խաղաղություն վայելել։ Մենք միացած ենք սիրո ամուր կապերով և դժբախտության պահին մեզ երբեք լքված չենք զգա Եհովա Աստծո կամ մեր եղբայրների կողմից (Գաղ. 6։10)։
4 Մեր կյանքն իրական իմաստ և նպատակ ունի։ Աշխարհածավալ քարոզչությանը մասնակցելը մեծ առանձնաշնորհում է մեզ համար։ Մենք մնայուն ուրախություն ենք ստանում՝ օգնելով մարդկանց Աստծո հետ բարեկամանալ և մաքուր երկրպագության մեջ մեզ միանալ։ Մեր անգին ծառայությունը պատիվ է բերում Եհովային, իսկ մեզ բավականություն է պատճառում նրա բարձրյալ անունը սրբացնելը։ Վստահ լինելով, որ ապագայի վերաբերյալ մեր տածած հույսը շուտով կիրականանա՝ մենք դրական մտայնություն ենք պահպանում։
5 Ցույց տանք մեր գնահատանքը։ Եկեք միշտ գնահատենք Եհովայի օրհնությունները, որոնց շնորհիվ մենք իսկապես աշխարհի ամենահարուստ մարդիկ ենք (Առակ. 22։4)։ Մեր ունեցածի շուրջը խորհրդածելուն ամեն օր ժամանակ հատկացնելը կմղի մեզ երախտագիտության զգացումով լցվել Եհովայի հանդեպ իր մեծ սիրո համար և բացարձակ նվիրվածությամբ շարունակել մեր ընթացքը։