Ո՞վ հավանաբար կցանկանա Աստվածաշունչն ուսումնասիրել
1 Ամովս մարգարեի նախազգուշացմամբ Իսրայելում սով էր լինելու. «Ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու» (Ամովս 8։11)։ Որպես օգնություն հոգևորապես «սոված» և «ծարավ» անհատներին՝ Եհովայի կազմակերպությունն ամբողջ աշխարհով մեկ մեծ քանակությամբ աստվածաշնչային գրականություն է տարածում։
2 Մինչև հիմա տպագրվել է «Գիտություն» գրքի 70 միլիոն և «Աստված պահանջում է» բրոշյուրի 91 միլիոն օրինակ։ Ճշմարտությունը սովորեցնելիս համոզվել ենք, որ այդ հրատարակությունները բավականին պարզ են և արդյունավետ։ Սակայն մեծ թվով մարդիկ, որոնք վերցնում են մեր գրականությունը, դեռ չեն ուսումնասիրում Աստվածաշունչը։ Այդպիսի դեպքերում ինչպե՞ս վարվել։
3 Գրականություն վերցնող յուրաքանչյուր անհատ պոտենցիալ ուսումնասիրող է։ Մի քարոզիչ առաջին այցելության ժամանակ տանտիրուհու հետ զրուցելիս առաջարկում է Աստվածաշունչն ուսումնասիրել։ Տանտիրուհին անմիջապես ընդունում է առաջարկը։ Հետագայում նա պատմում է. «Դուք առաջին անձնավորությունն էիք, որ առաջարկեցիք ինձ ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Քո տարածքում գրականություն վերցնող քանի՞ մարդ հնարավոր է, որ նման խոսքեր ասի։ Յուրաքանչյուր անհատին գրականություն թողնելիս հնարավորություն է ստեղծվում կրկնակի այցելություններ կատարելու և Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու։
4 Քանի որ հաճախ ենք հանդիպում այնպիսի անհատների, որոնք արդեն ունեն մեր գրականությունից, ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց՝ իմանալու դրանց պարունակությունը։ Տնից տուն ծառայության ժամանակ Վկաներից մեկը տանտիրուհուն անմիջապես հարցնում է, թե չունի՞ արդյոք Աստվածաշնչի վերաբերյալ որևէ հարց. թեև նա բացասական պատասխան է տալիս, այնուամենայնիվ, քույրը շարունակում է. «Անշուշտ, կունենաք»։ Նա չի սխալվում. տանտիրուհին տալիս է իրեն հետաքրքրող հարցը, ապա ուսումնասիրություն է սկսվում։ Ինչո՞ւ քարոզելիս չհարցնել տանտիրոջը, թե չի՞ ցանկանում իմանալ ինչ–որ հարցի կամ հենց իրեն հուզող որևէ հարցի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը։ Իսկ եթե տանտերը հրաժարվի հարց տալ, այդ դեպքում ինքդ պատրաստ եղիր դա անելու։ Այսպիսի քննարկումները կարող են ճանապարհ հարթել Աստվածաշնչի ճշմարտությունների վրա հիմնված կանոնավոր ուսումնասիրության համար։
5 Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու գործը մեր ծառայության ամենակարևոր մասն է։ Քանի որ մենք նախապես չենք կարող որոշել, թե հատկապես ո՛վ կընդունի Աստվածաշունչն ուսումնասիրելու առաջարկը, այդ պատճառով մի՛ վարանիր քեզ հանդիպած ցանկացած անհատին ուսումնասիրություն առաջարկել։ Եթե խնդրես այդ մասին Եհովային և գործես աղոթքներիդ համաձայն, շուտով կտեսնես, որ այդ անհատներից գոնե մեկը կընդունի առաջարկդ (Ա Յովհ. 5։14, 15)։