Հատուկ մեկօրյա նոր համաժողովի ծրագիրը
1999 թ. սեպտեմբերին սկսվող հատուկ մեկօրյա համաժողովի վերնագիրն է՝ «Քննենք Աստծո խորունկ բաները» (Ա Կորնթ. 2։10, Արևմ. Աստ.)։ Ինչպիսի՞ արժեքավոր բաներ կարող ենք սովորել այդ համաժողովից։
Շատ մարդկանց չի գոհացնում այն, ինչը նրանց տվել են գիտության բնագավառում իրենց արած որոնումները։ Իսկ Աստվածաշունչը մեզ զորացնում է, ինչպես ցույց կտա շրջանային վերակացուի՝ «Աստծո Խոսքը քննարկելը կազդուրիչ է» վերնագրով ելույթը։ Ապա հրավիրված զեկուցողը ցույց կտա ‘Աստծո խորունկ բաները’ քննելու և բարի լուրը քարոզելու միջև գոյություն ունեցող կապը՝ առաջ քաշելով «Ինչպե՞ս եք նկատում Թագավորության քարոզչությունը» հարցը։
Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց զավակներին փնտրտուքներ անել Աստծո Խոսքի մեջ։ Այս հարցի վերաբերյալ գործնական խորհուրդներ կտրվեն համաժողովի հաջորդ մասում, որն անվանված է՝ «Ձեր երեխաների մեջ սերմանեք Աստծո Խոսքը»։ Երիտասարդ քրիստոնյաների վրա բարենպաստ ազդեցություն կարող է գործել ժողովում հոգևորապես հասուն անհատների ընկերակցությունը։ «Երիտասարդները սովորում են մեծահասակներից» ելույթում օրինակներ կբերվեն այն մասին, թե ինչպես են երիտասարդները լավ ազդեցության ենթարկվում։
Ինչո՞ւ պետք է այսօր ժրաջանորեն «ծածուկ գանձեր փնտրենք»։ Եհովան գաղտնիքներ Հայտնող է։ Հրավիրված զեկուցողն իր ելույթում, որի վերնագիրն է «Եհովան աստիճանաբար հայտնում է իր խորունկ բաները», կբացատրի, թե ինչ է Եհովան հայտնել նախկինում և ինչ է հայտնում այսօր։ Սա ավելի վճռական կդարձնի մեզ, որպեսզի շարունակենք ‘քննել Աստծո խորունկ բաները’։
Հիմա իսկ պլանավորիր ներկա գտնվել այդ համաժողովին։ Այն անհատները, ովքեր ցանկանում են իրենց նվիրումը Եհովային խորհրդանշել մկրտությամբ, պետք է նախագահող վերակացուին տեղեկացնեն այդ մասին որքան հնարավոր է շուտ։ Համաժողովի ծրագրի ընթացքում մեր ստացած տեղեկությունը ավելի կամրացնի Աստծո Խոսքը քննելու մեր անկեղծ ցանկությունը։ Ուստի, ամեն կերպ աշխատիր բաց չթողնել հոգևոր ուսուցման այս հատուկ օրը։