Ինչպե՞ս կզրուցես բուդդայականի հետ
1 Շատ երկրներում մկրտվող անհատների կեսից ավելին ի ծնե բուդդայական են։ Հետաքրքիր է, ի՞նչն է նրանց մղում դեպի ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարող ես բարի լուրը բուդդայականին հաղորդել։
2 Անկեղծ հետաքրքրություն ցույց տուր։ Շատ անհատներ, ովքեր նախկինում բուդդայական են եղել, խոստովանում են, որ ճշմարտությունն ընդունելու պատճառը ոչ թե խորիմաստ տրամաբանությունն է եղել, այլ, ավելի շուտ, իրենց հանդեպ ցույց տրված անկեղծ, անձնական հետաքրքրությունը։ Միացյալ Նահանգներում ապրող մի ասիացի կին այնպես է տպավորվում իրեն այցելած քրոջ վերաբերմունքից, որ համաձայնվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Այդ կինը անգլերեն լեզվին լավ չի տիրապետում, սակայն նրան ուսուցանող քույրը մեծ համբերատարություն է ցուցաբերում։ Այդ կինը պատմում է, որ երբ ինքը հոգնած էր լինում կամ որևէ այլ պատճառով ուսումնասիրությունը չէր կայանում, քրոջ այցը վերածվում էր բարեկամական շփման, և հետո նա պայմանավորվում էր հաջորդ անգամվա համար։ Ի վերջո, այդ կինը, նրա երկու որդիներն ու ծեր մայրը մկրտվում են։ Նա վերադառնում է իր ծննդավայրը և օգնում ուրիշներին ճշմարտությունն ընդունելու։ Այդ կնոջ որդիներից մեկն այժմ ծառայում է Բեթելի մասնաճյուղերից մեկում։ Ահա թե ինչպիսի արդյունքներ կարող է տալ Եհովայի «քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնն» արտացոլելը (Տիտոս 3։4)։
3 Բուդդայականների կարծիքը։ Բուդդայականներն, ընդհանուր առմամբ, հանդուրժողաբար են վերաբերվում ուրիշ գաղափարներին, սակայն նրանք չեն գտնում, որ հարկավոր է որոշակի դոգմաներից կառչել։ Հետևաբար, նրանց համոզմունքները տարբերվում են անհատից անհատ։ Բուդդայական ուսմունքի ճյուղերից մեկը սովորեցնում է, որ կյանքը տառապանքով լի է, բայց պայծառացման միջոցով անհատը կարող է դադարեցնել չգոհացնող կյանքի առաջնորդող վերածննդի շարունակական ցիկլը։ Այդ ցիկլից ազատվելու համար անհատը պետք է հասնի նիրվանային՝ մի վիճակի, որը հնարավոր չէ նկարագրել, քանի որ այն ինչ–որ վայր կամ իրադարձություն չէ, այլ՝ առանց տառապանքի ու չարության մի դատարկ տարածություն (տե՛ս «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» բրոշյուրը, էջ 9, 10)։ Ի՞նչ է ասում մեզ այս տեղեկությունը. այն, որ ոչ մի արդյունքի չենք հասնի՝ վեճի բռնվելով բուդդայական փիլիսոփայության կողմնակիցների հետ։ Փոխարենը, լավ կլինի քննարկել համընդհանուր խնդիրներ, որոնք բոլորին են մտահոգում։
4 Խոսիր ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին։ Քանի որ բուդդայականներն ընդհանրապես երկրային կյանքը հավասարեցնում են տառապանքին, ուստի, հավիտենական կյանքի գաղափարը նրանք կարող են մերժել՝ համարելով այն անհեթեթ։ Մինչդեռ, մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է երջանիկ ընտանեկան կյանք վայելել, տեսնել տառապանքը վերջացած և հասկանալ կյանքի իմաստը։ Նկատի առ, թե ինչ կերպերով կարելի է այս համընդհանուր կարիքների մասին շեշտել։
5 Փորձիր գործածել հետևյալ առաջաբանը.
◼ «Այսօր մենք ձեզ հետ ապրում ենք մի աշխարհում, որը լի է մեր աչքերի առջև տառապող շատ անմեղ մարդկանցով։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է անհրաժեշտ տառապանքին ու դժբախտությանը վերջ դնելու համար [թույլ տուր պատասխանել]։ Դարեր առաջ մի խոստում է տրվել, որը շատ սփոփիչ է ինձ համար [կարդա Յայտնութիւն 21։4]։ Իհարկե, այդ ժամանակը դեռ չի եկել, բայց երբ գա, մենք կուզենայինք տեսնել այն, այնպես չէ՞»։ Ապա առաջարկիր որևէ հրատարակություն, որտեղ բացատրվում է, թե ինչպես է տառապանքին վերջ դրվելու։
6 Տարեց մարդուն կարող ես ասել.
◼ «Հավանաբար, ձեզ էլ, ինչպես ինձ, մտահոգում է տեղացող այլասերված գաղափարների հսկա տարափը, որը կամա, թե ակամա իր ազդեցությունն է բանեցնում մեր երեխաների վրա։ Ինչո՞ւ է անբարոյության այսպիսի աճ նկատվում երիտասարդության շրջանում [թույլ տուր պատասխանել]։ Գիտեի՞ք, որ այդ մասին նախագուշակվել է մի գրքում, որի գրությունը սկսվել է մահմեդականության, քրիստոնեության և հնդուականության հիմնադրումից դեռևս շատ առաջ [կարդա Բ Տիմոթեոս 3։1—3]։ Նկատեք, որ, չնայած մեր օրերում մարդիկ լավ կրթություն են ստանում, սակայն այդպիսի իրավիճակներ են տիրում [կարդա 7–րդ համարը]։ Այս հրատարակությունը օգնել է ինձ իմանալ ճշմարտությունը, որը շատերը երբեք չեն լսել։ Չէի՞ք ցանկանա արդյոք այն կարդալ»։ Առաջարկիր որևէ հարմար գիրք կամ բրոշյուր։
7 Ընդհանրապես, բուդդայականները հարգանքով են վերաբերվում Աստվածաշնչին՝ համարելով այն սուրբ գրություն։ Ուստի, լավ կլինի անմիջապես Աստվածաշնչից կարդալ (Եբր. 4։12)։ Եթե անհատին դուր չի գալիս Արևմտյան կուլտուրայի ազդեցությունը, ակնարկիր նրան, որ Աստվածաշնչի բոլոր գրողներն էլ ասիացիներ են եղել։
8 Ո՞ր հրատարակություններն են համարվում ամենաարդյունավետը։ Բուդդայականների համար հատուկ տպագրվել է «Տառապանքը երբևիցե վերջ կունենա՞» թերթիկը թաի, ճապոներեն, չինարեն և սինհալերեն լեզուներով։ Ի հավելումն դրանց, շատ քարոզիչներ հաջողությամբ գործածել են հետևյալ գրականությունը՝ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը», «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» (անգլ.) և «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» (ռուս.) գրքերը. «Ահա ամեն բան նոր եմ անում» և «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» բրոշյուրները և, եթե դեռևս մատչելի է, «Թագավորության լուրը» № 35 թերթիկը՝ «Բոլոր մարդիկ երբևէ կսիրե՞ն միմյանց» վերնագրով։ Ներկայումս ճշմարտությունն ուսումնասիրող շատ բուդդայականներ ուսումնասիրությունը սկսում են «Աստված պահանջում է» բրոշյուրից, ապա անցնում «Գիտություն» գրքին։
9 Թեպետ կարծիքներ կան, որ բուդդայական միսիոներները Աթենք են ժամանել այդ քաղաքում Պողոսի քարոզելուց մոտ 400 տարի առաջ, սակայն հայտնի չէ՝ արդյոք Պողոսը հանդիպե՞լ է այնպիսի անհատի, որի հայացքների վրա իր ազդեցությունն է թողել բուդդայականությունը, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, թե ինչպես էր Պողոսը վերաբերվում քարոզչությանը ցանկացած տիպի մարդու հանդիպելիս։ Նա իր անձը դրեց «բոլորի ծառայութեան համար», որպեսզի կարողանար ‘ամեն գնով ոմանց փրկել’ (Ա Կորնթ. 9։19—23, Նկ–ի նոր աշխ. թարգմ.)։ Մենք էլ կարող ենք այդպես վարվել՝ քարոզելու ժամանակ մեզ հանդիպած յուրաքանչյուր անհատի հանդեպ անձնական հետաքրքրություն ցույց տալով և մեր ունեցած հույսը նրանց հետ կիսելով։