Աստված փոխո՞ւմ է իր մտադրությունը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ Աստծու մասին գրված է. «Նա չի փոխվում փոփոխվող ստվերի պես»։ Աստված նույնպես իր մասին ասել է. «Ես Տէրս չեմ փոփոխուիլ» (Հակոբոս 1։17; Մաղաքիա 3։6)։ Եհովան բոլորովին նման չէ այն մարդկանց, ովքեր հաճախ են փոխում իրենց մտադրությունը և այդ պատճառով կորցնում են դիմացինի վստահությունը։
Սակայն Աստվածաշունչ ընթերցողներից շատերին հետաքրքրում է, թե արդյոք Աստված երբևէ փոխել է իր մտադրությունը։ Օրինակ՝ մի ժամանակ Եհովան քրիստոնյաներին օժտել էր հրաշքներ անելու զորությամբ, սակայն այսօր նա այդպիսի կարողություն չի տալիս իր ծառաներին։ Հնում Աստված հանդուրժում էր բազմակնությունը, իսկ հիմա չի ընդունում դա։ Իսրայելացիներին Շաբաթը պահելու մասին օրենք էր տվել, սակայն այսօր նման բան չի պահանջում։ Այս օրինակներից կարելի՞ է եզրակացնել, որ Աստված փոխել է իր միտքը։
Նախևառաջ պետք է հիշել, որ Աստված երբեք չի փոխում սիրո և արդարության իր չափանիշները։ Թագավորության միջոցով մարդկությանը օրհնելու իր «հավիտենական նպատակը» նույնպես անփոփոխ է (Եփեսացիներ 3։11)։ Այդուհանդերձ, երբ հանգամանքները փոխվում են, Եհովան փոխում է իր մտադրությունը այնպես, ինչպես որ երբեմն ինքներս ենք մտքափոխ լինում։
Աստված նաև կարող է փոխել իր հրահանգները՝ կախված այն բանից, թե ինչ իրավիճակում են իր ծառաները կամ ինչի կարիք ունեն։ Բացատրենք օրինակով։ Ենթադրենք՝ էքսկուրսավարը վտանգ է տեսնում և զբոսաշրջիկներին առաջարկում է փոխել ճանապարհը։ Սակայն դա չի նշանակում, որ նա փոխել է իր միտքը և զբոսաշրջիկներին չի տանի այն վայրը, ուր պետք է գնային։ Այժմ եկեք քննենք վերը նշված երեք դեպքերը և տեսնենք՝ Աստված իսկապես փոխե՞լ է իր մտադրությունը։
Ինչո՞ւ հրաշքներ այլևս չեն լինում
Ի՞նչ նպատակով էր Աստված առաջին դարի քրիստոնյաներին օժտել հրաշքներ անելու զորությամբ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնանք Իսրայելի պատմությանը։ Իսրայելը Աստծու ընտրյալ ազգն էր, և Եհովան հաճախ էր հրաշքների միջոցով ցույց տվել, որ այդ ազգը ունի իր հավանությունը։ Այն, որ Մովսեսի միջոցով Աստված ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսից և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր, նույնպես հրաշք էր։ Ցավոք, իսրայելացիները հավատ չդրսևորեցին Եհովայի հանդեպ։ Երբ Աստված վերջնականապես մերժեց նրանց և հիմնեց քրիստոնեական ժողովը, նա առաքյալներին և մյուս աշակերտներին հրաշքներ անելու կարողություն տվեց։ Օրինակ՝ Պետրոս և Հովհաննես առաքյալները բուժեցին մի անձնավորության, որը ի ծնե կաղ էր, իսկ Պողոսը հարություն տվեց մի մարդու (Գործեր 3։2–8; 20։9–11)։ Նրանց կատարած հրաշքների շնորհիվ շատերն ընդունեցին քրիստոնեությունը։ Իսկ ինչո՞ւ հրաշքներ այլևս չեն լինում։
Պողոս առաքյալը օրինակի միջոցով լուսաբանում է այս հարցը։ Նա գրել է. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ տղամարդ դարձա, այդ մանկական բաներին վերջ տվեցի» (1 Կորնթացիներ 13։11)։ Ինչպես որ ծնողն է տարբեր ձևերով վերաբերվում իր փոքր երեխային ու չափահաս երեխային, այնպես էլ Եհովան փոխեց իր վերաբերմունքը քրիստոնեական ժողովի նկատմամբ, երբ այն այլևս «մանուկ» չէր։ Պողոսը բացատրեց, որ այնպիսի պարգևներն, ինչպիսիք են՝ օտար լեզուներով խոսելու կարողությունը կամ մարգարեանալը «կանհետանան» (1 Կորնթացիներ 13։8)։
Ինչո՞ւ էր բազմակնությունը թույլատրելի
Հիսուսը ցույց տվեց, որ Աստված ամուսնության համար կոնկրետ չափանիշ է սահմանել՝ ասելով. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն» (Մատթեոս 19։5)։ Փաստորեն, ամուսնությունը պետք է հարատև միություն լիներ երկու անհատների միջև։ Սակայն նախքան Եհովան իսրայելացիներին մեծ ազգ կդարձներ և Օրենք կտար նրանց, բազմակնությունը դարձավ ընդունելի սովորություն։ Ու թեև Աստված չէր պատվիրել շատ կանայք ունենալ, այդուհանդերձ, նա օրենքներ սահմանեց դրա վերաբերյալ։ Իսկ երբ ձևավորվեց քրիստոնեական ժողովը, Եհովան արգելեց բազմակնությունը (1 Տիմոթեոս 3։2)։
Եհովա Աստված հանդուրժում է որոշ բաներ, սակայն ժամանակին շտկում է իրավիճակը (Հռոմեացիներ 9։22–24)։ Հիսուսը նշեց, որ Աստված ժամանակավորապես հանդուրժեց ամուսնության հետ կապված անպատշաճ սովորությունները իսրայելացիների կարծրասրտության պատճառով (Մատթեոս 19։8; Առակաց 4։18)։
Ինչո՞ւ էր Շաբաթը պահելու օրենքը ժամանակավոր
Եգիպտոսի գերությունից իսրայելացիներին ազատելուց հետո Աստված հաստատեց Շաբաթը պահելու օրենքը։ Հետագայում այն դարձավ Մովսիսական օրենքի մի մասը (Ելից 16։22–30; 20։8–10)։ Պողոս առաքյալը բացատրեց, որ Հիսուսը տվեց իր մարմինը որպես զոհ և «վերացրեց .... հրամանագրերից բաղկացած պատվիրանների Օրենքը» ու «ջնջեց .... ձեռքով գրված փաստաթուղթը» (Եփեսացիներ 2։15; Կողոսացիներ 2։14)։ Փաստորեն, Շաբաթը պահելու օրենքը նույնպես «վերացվեց» և «ջնջվեց»։ Աստվածաշնչում կարդում ենք. «Թող ոչ ոք չդատի ձեզ ուտելու կամ խմելու համար, տոների, նորալուսինը նշելու կամ շաբաթը պահելու համար» (Կողոսացիներ 2։16)։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Աստված կարևոր համարում Օրենքը։
Պողոս առաքյալը գրում է. «Օրենքը մեր դաստիարակը եղավ»։ Այնուհետև ավելացնում է. «Բայց հիմա, երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի հսկողության տակ չենք» (Գաղատացիներ 3։24, 25)։ Փաստորեն, Աստված ոչ թե փոխեց իր մտադրությունը, այլ Շաբաթը պահելու վերաբերյալ ժամանակավոր օրենքի միջոցով սովորեցրեց իր ժողովրդին կանոնավորաբար ժամանակ հատկացնել հոգևոր բաների շուրջ խորհրդածելուն։ Ու թեպետ այդ օրենքը ժամանակավոր բնույթ էր կրում, սակայն ցույց էր տալիս, որ ապագայում մարդկությունը մեկընդմիշտ ազատվելու է բոլոր խնդիրներից (Եբրայեցիներ 4։10; Հայտնություն 21։1–4)։
Վստահելի և սիրող Աստված
Աստվածաշնչային վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ Եհովա Աստված տարբեր ժամանակներում համապատասխան հրահանգներ է տվել։ Սակայն դա չի նշանակում, որ նա փոխել է իր մտադրությունը։ Ընդհակառակը՝ տարբեր հանգամանքների ներքո հոգ է տարել իր ժողովրդի կարիքների մասին հանուն նրանց բարօրության։ Եհովան չի փոխվել։ Նա նույնն է նաև այսօր։
Քանի որ Եհովայի չափանիշներն անփոփոխ են, մենք գիտենք, թե ինչ պետք է անենք նրան հաճեցնելու համար։ Դեռ ավելին, մենք կարող ենք համոզված լինել, որ Աստծու բոլոր խոստումները շուտով կիրականանան։ Եհովան ասել է. «Անում եմ իմ բոլոր ուզածը .... ես որոշել եմ, անելու էլ եմ» (Եսայիա 46։10, 11)։
[Մեջբերում 21–րդ էջի վրա]
Աստված երբեք չի փոխում սիրո և արդարության իր չափանիշները
[Մեջբերում 22–րդ էջի վրա]
Պողոսը բացատրեց, որ ժամանակի ընթացքում պարգևները «կանհետանան»
[Մեջբերում 23–րդ էջի վրա]
Ամուսնությունը պետք է հարատև միություն լինի երկու անհատների միջև