Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/1 էջ 24–25
  • Ճամփորդություն մինչև աշխարհի ծայրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճամփորդություն մինչև աշխարհի ծայրը
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կորալային խութեր՝ ամպերի մեջ
    2010 Դիտարան
2009 Դիտարան
w09 6/1 էջ 24–25

Նամակ Ռուսաստանից

Ճամփորդություն մինչև աշխարհի ծայրը

ՄԵՐ փոքր ինքնաթիռը վեր բարձրացավ Յակուտսկից։ Ներքևում Տույմադա հովիտն էր։ Հետևում թողնելով բազմաթիվ սառած լճակներ՝ անցանք Վերխոյանսկի լեռնաշղթայի վրայով։ Տեսարանը սքանչելի էր. ձյունածածկ գագաթները ողողվել էին արևի լույսով։ 900 կիլոմետր անցնելուց հետո մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Դեպուտատսկի գյուղում։ Այսպես սկսվեց իմ ճանապարհորդությունը։

Յակուտիան (Սախա Հանրապետություն) մի ընդարձակ գեղեցիկ երկիր է, որը Արևմտյան Եվրոպայից ավելի մեծ է։ Ամռանն այստեղ ջերմաստիճանը հասնում է 40°C–ի, իսկ ձմռանը՝ -70°C–ի։ Թեև տարիներ են անցել, բայց հիշողություններս այնքան թարմ են, ասես երեկ էի այնտեղ. փոքրիկ քաղաքներ՝ պատված մառախուղի թանձր շերտով, հյուսիսափայլ, Յակուտիայի կենսուրախ և դիմացկուն մարդիկ։

Դեպուտատսկին մեր վերջին կանգառը չէր։ Ես ու ընկերս պետք է այցելեինք նաև այլ գյուղեր։ Նախ գնացինք Խայիռ, որը գտնվում էր 300 կիլոմետր դեպի հյուսիս՝ Լապտևների ծովի մոտ՝ Սիբիրի հյուսիսային մասում։ Ինչո՞ւ այդքան հեռու։ Մի Եհովայի վկա այցելել էր այս գյուղերը, և շատերն էին ցանկացել Աստվածաշունչ ուսումնասիրել։ Թեև գտնվում էինք Յակուտսկում (1 000 կիլոմետր հեռու), բայց ամենամոտը մենք էինք Վկաներից, որ կարող էինք այցելել նրանց։ Այդ մարդիկ օգնության կարիք ունեին։

Երբ ժամանեցինք Դեպուտատսկի, մի մարդու հանդիպեցինք, որն ուղևորվում էր դեպի Խայիռ։ Նա համաձայնվեց քիչ փողով տեղ հասցնել մեզ։ Բայց երբ տեսանք, որ նրա սովետական հին մեքենան շատ վատ վիճակում է, մի պահ տարակուսեցինք։ Այդուհանդերձ, որոշեցինք նրա հետ գնալ. գիշերով ճանապարհ ընկանք։ Դեռ չգիտեինք մեր գլխի գալիքը։

Մեքենայի նստատեղերը տունդրայի հողի պես քարացած էին ու սառը։ Շուտով հասկացանք, որ դրանք այդպես սառն են մնալու։ Առաջին իսկ հնարավորության դեպքում խնդրեցինք կանգնեցնել մեքենան և սկսեցինք քրքրել մեր պայուսակները՝ բրդյա շորեր գտնելու համար։ Դրանք նույնպես գցեցինք մեզ վրա, սակայն դա էլ չօգնեց։

Ցուրտն ամենևին չէր անհանգստացնում մեր կոփված վարորդին, որը կենսուրախ մարդ էր։ Ճանապարհին նա մեզ հարցրեց. «Դուք հյուսիսափայլ տեսե՞լ եք»։ Երբ իմացավ, որ չեմ տեսել, կանգնեցրեց մեքենան։ Մենք դուրս եկանք։ Գլուխս վեր բարձրացրի ու քարացա։ Հյուսիսափայլը երփներանգ վարագույրի պես տարուբերվում էր իմ գլխավերևում։ Թվում էր՝ մի փոքր էլ ու կբռնեմ մութ երկնքում ծածանվող ճաճանչափայլ վարագույրի ծայրը։ Ես բոլորովին մոռացել էի ցրտի մասին։

Շարունակեցինք մեր ճանապարհը։ Շուրջն անծայրածիր տունդրան էր։ Վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, մեր մեքենան խրվեց ճանապարհի եզրի ձյան հաստ շերտի մեջ։ Դուրս հանեցինք մեքենան ու շարունակեցինք ճանապարհը, սակայն նախքան Խայիռ հասնելը մի քանի անգամ նորից մտանք ձների մեջ։ Երբ օրը լուսացավ, գլխի ընկա, որ «ճանապարհները» իրականում սառած գետեր են։ Կեսօրին՝ Դեպուտատսկիից դուրս գալուց 16 ժամ անց, վերջապես հասանք Խայիռ։ Ինձ թվում էր, թե կհիվանդանանք։ Սակայն հաջորդ առավոտ, երբ արթնացանք, մեզ շատ լավ էինք զգում։ Միայն ոտքիս մատներն էին մի փոքր թմրած. հավանաբար ցրտահարվել էին։ Գյուղացիներն արջի ճարպ տվեցին, որ քսեմ մատներիս։

Սովորաբար մենք ենք այցելում մարդկանց բարի լուրը նրանց հայտնելու համար։ Սակայն Խայիռում գյուղացիներն էին գալիս մեզ լսելու։ Երկուսուկես շաբաթ ամեն օր, երբեմն առավոտից մինչև ուշ գիշեր Աստվածաշունչ էինք ուսումնասիրում տեղացիների հետ։ Մենք շատ էինք տպավորվել՝ տեսնելով այդքան ջերմ և հյուրասեր մարդկանց, որոնց հետաքրքրում էր Աստծու Խոսքը։ Հիշում եմ մի քանի տատիկների խոսքերը. «Այո՛, Աստված կա։ Հենց այն, որ դուք հասել եք այստեղ՝ աշխարհի ծայրը, դրա ապացույցն է»։

Մեզ տպավորել էին նաև տեղի սովորությունները։ Օրինակ՝ մարդիկ սառույցի կտորները վառելափայտի պես դիզում են տան բակում ու երբ ջուր է պետք լինում, մի կտոր ներս են բերում, դնում են մեծ կաթսայի մեջ ու հալեցնում։ Տեղացիները մեզ հյուրասիրեցին արկտիկական սիգ։ Այդ նույն ձկով պատրաստվում է նաև ստրոգանինա կոչվող ուտելիքը. ձուկը սառեցնում են անմիջապես բռնելուց հետո, այնուհետև բարակ շերտերի են բաժանում, թաթախում են աղի ու պղպեղի խառնուրդի մեջ և միանգամից սկսում են ուտել։ Գյուղացիները պատմում էին, որ հողի շերտերում հսկա կենդանիների բազմաթիվ բրածոներ կան, և իրենց կողմերում հաճախ են հայտնաբերում մամոնտների ժանիքներ և սառած ծառերի մնացորդներ։

Խայիռից հարյուրավոր կիլոմետրեր անցա ինքնաթիռով, որ հասնեմ Յակուտիայի այլ գյուղեր՝ այցելելու հետաքրքրվող անձանց։ Որքա՜ն ջերմ ու բարեհամբույր էին նրանք։ Մի անգամ հանդիպեցի մի տղայի։ Երբ իմացավ, որ վախենում եմ ինքնաթիռով թռչելուց, նա որոշեց քաջալերել ինձ. մի բացիկ նվիրեց, որի վրա նկարել էր երկու ճնճղուկ և ինքնաթիռ։ Բացիկի մեջ գրել էր. «Սա՛շա, երբ թռչես ինքնաթիռով, չվախենաս ընկնելուց։ Մատթեոս 10։29»։ Ես անչափ շոյվել էի, երբ կարդացի համարը։ Այնտեղ գրված էին Հիսուսի խոսքերը ճնճղուկների մասին. «Նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության»։

Այս ամենն ընդամենը մի քանիսն են իմ հիշողություններից։ Այդ ցուրտ երկիրն ինձ միշտ կհիշեցնի այն ջերմ ժողովրդին, որ ապրում է «աշխարհի ծայրին»։

[նկարներ 25–րդ էջի վրա]

Ջերմ և հյուրասեր յակուտները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը