Հասկանանք ու գնահատենք Մեծ Դավթի ու Մեծ Սողոմոնի դերը
«Ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ» (ՄԱՏԹ. 12։42)։
1, 2. Մարդկային տեսանկյունից՝ ինչո՞ւ է զարմանալի, որ Աստված Սամուելին պատվիրեց օծել Դավթին։
ՆԱ ՆՄԱՆ չէր թագավորի։ Սամուել մարգարեի համար նա ընդամենը մի պատանի հովիվ էր։ Ավելին, նրա ծննդավայրը՝ Բեթլեհեմը, առանձնապես աչքի ընկնող քաղաք չէր։ Բեթլեհեմը «փոքր էր Հուդայի հազարավորների մեջ» (Միք. 5։2)։ Այդուհանդերձ, այս հասարակ պատանին՝ Դավիթը, որ ապրում էր մի փոքրիկ քաղաքում, Սամուել մարգարեի կողմից օծվելու էր որպես Իսրայելի ապագա թագավոր։
2 Նա Հեսսեի առաջին որդին չէր, որին հայրը ներկայացրեց մարգարեին։ Եվ ոչ էլ երկրորդ կամ երրորդ որդին էր։ Դավիթը՝ Հեսսեի ութերորդ և վերջին որդին, նույնիսկ տանը չէր, երբ մարգարեն եկավ այդ հավատարիմ մարդու տղաներից մեկին օծելու որպես երկրի հաջորդ թագավոր։ Ինչևէ, Եհովան Դավթին էր ընտրել, և կարևորը նրա՛ կատարած ընտրությունն էր (Ա Թագ. 16։1–10)։
3. ա) Ի՞նչն է Եհովայի համար ամենից կարևորը, երբ նա քննում է անհատին։ բ) Ի՞նչ եկավ Դավթի վրա, երբ նա օծվեց։
3 Եհովան տեսնում էր այն, ինչ Սամուելը չէր կարող տեսնել։ Աստված կարող էր տեսնել Դավթի սիրտը, և այն, ինչ նա տեսավ նրա սրտում, հաճելի էր իրեն։ Եհովան չի նայում արտաքինին. նրա համար կարևորը մարդու ներքինն է, այն, թե ինչպիսին է նրա էությունը (կարդա՛ Ա Թագաւորաց 16։7)։ Ուստի երբ Սամուելը իմացավ, որ Եհովան չի ընտրել Հեսսեի ներկայացրած յոթ որդիներից և ոչ մեկին, խնդրեց, որ մարդ ուղարկեն ամենակրտսերի հետևից, որը արոտավայրում էր։ Կարդում ենք. «[Հեսսեն] մարդ ուղարկեց, եւ [Դավթին] բերել տուաւ. եւ նա կարմիր էր եւ գեղեցիկ աչքերով, եւ դէմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տէրն ասեց. Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է։ Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ» (Ա Թագ. 16։12, 13)։
Դավիթը նախապատկերում է Քրիստոսին
4, 5. ա) Ի՞նչ նմանություններ կան Դավթի ու Հիսուսի միջև։ բ) Ինչո՞ւ կարելի է Հիսուսին կոչել Մեծ Դավիթ։
4 Հիսուսը, ինչպես որ Դավիթը, ծնվեց Բեթլեհեմում՝ նրանից մոտ 1100 տարի անց։ Շատերի աչքերում Հիսուսը նույնպես նման չէր թագավորի։ Նա իսրայելացիների ակնկալած առաջնորդը չէր։ Այդուհանդերձ, Դավթի պես՝ նա էր Եհովայի ընտրությունը։ Դավթի նման՝ Հիսուսը սիրելի էր Աստծուն (Ղուկ. 3։22)a։ Բացի այդ, «Եհովայի ոգին եկավ» նաև Հիսուսի վրա։
5 Դավթի ու Հիսուսի միջև ուրիշ զուգահեռներ էլ կան։ Օրինակ՝ Դավթին դավաճանեց նրա խորհրդական Աքիտոփելը, իսկ Հիսուսին՝ նրա առաքյալ Հուդա Իսկարիովտացին (Սաղ. 41։9; Հովհ. 13։18)։ Թե՛ Դավիթը, թե՛ Հիսուսը նախանձախնդիր էին Եհովայի երկրպագության վայրի հանդեպ (Սաղ. 27։4; 69։9; Հովհ. 2։17)։ Հիսուսը Դավթի ժառանգն էր։ Հիսուսի ծնվելուց առաջ հրեշտակը նրա մորն ասել էր. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը» (Ղուկ. 1։32; Մատթ. 1։1)։ Այդուհանդերձ, քանի որ Մեսիայի մասին բոլոր մարգարեությունները կատարվում են Հիսուսի վրա, նա Դավթից շատ ավելի մեծ է։ Նա Մեծ Դավիթն է՝ երկար սպասված Մեսիական Թագավորը (Հովհ. 7։42)։
Հետևենք Հովիվ–Թագավորին
6. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Դավիթը լավ հովիվ էր։
6 Հիսուսը նաև հովիվ է։ Ի՞նչ հատկություններ են բնորոշ լավ հովվին։ Նա նվիրված է իր հոտին, հոգ է տանում նրան, արածեցնում և քաջաբար պաշտպանում է ոչխարներին (Սաղ. 23։2–4)։ Պատանի ժամանակ Դավիթը հովիվ էր և հիանալի կերպով հոգ էր տանում իր հոր հոտին։ Եթե ոչխարներին սպառնում էր առյուծը կամ արջը, նա, իր կյանքը վտանգելով, անվախորեն պաշտպանում էր նրանց (Ա Թագ. 17։34, 35)։
7. ա) Ի՞նչը Դավթին նախապատրաստեց ստանձնելու թագավորի պարտականությունները։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը Բարի Հովիվ է։
7 Այն տարիները, որ Դավիթն անցկացրեց դաշտերում և բլուրներում՝ արածեցնելով ոչխարների հոտը, նախապատրաստեցին նրան լուրջ պատասխանատվության՝ հովվելու Իսրայել ազգը (Սաղ. 78։70, 71)b։ Հիսուսը նույնպես հիանալի հովիվ է։ Նա իր «փոքր հոտը» և «ուրիշ ոչխարներին» հովվելու համար զորություն և առաջնորդություն է ստանում Եհովայից (Ղուկ. 12։32; Հովհ. 10։16)։ Այո՛, Հիսուսը Բարի Հովիվ է։ Նա այնքան լավ է ճանաչում իր գառներին, որ նրանցից յուրաքանչյուրին անունով է կանչում։ Նա այնքան շատ է սիրում իր հոտը, որ հանուն նրա բարօրության՝ պատրաստակամորեն տվեց իր կյանքը (Հովհ. 10։3, 11, 14, 15)։ Որպես Բարի Հովիվ՝ նա անում է այն, ինչ Դավիթը երբեք չէր կարող անել։ Նրա քավիչ զոհը մարդկանց հնարավորություն է տալիս ազատվելու մահից։ Ոչինչ չի կարող խանգարել նրան, որ փոքր հոտին առաջնորդի անմահ կյանքի՝ երկնքում, իսկ «ուրիշ ոչխարներին»՝ հավիտենական կյանքի՝ արդար նոր աշխարհում, աշխարհ, որտեղ չեն լինի «գայլեր» (կարդա՛ Հովհաննես 10։27–29)։
Հետևենք հաղթող Թագավորին
8. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Դավիթը հաղթող թագավոր էր։
8 Դավիթ թագավորը քաջ ռազմիկ էր։ Նա պաշտպանեց Իսրայելը՝ Աստծու ժողովրդի երկիրը, Եհովան էլ «յաջողութիւն էր տալիս [«պահպանում էր», ՆԱ] Դաւիթին ուր որ էլ նա գնում էր»։ Դավթի օրոք Իսրայելի սահմանները ձգվում էին Եգիպտոսի գետից մինչև Եփրատ գետը (Բ Թագ. 8։1–14)։ Եհովայի զորությամբ նա դարձավ ամենահզոր կառավարիչը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ» (Ա Մնաց. 14։17)։
9. Բացատրիր, թե ինչպես էր Հիսուսը՝ ապագա Թագավորը, հաղթող։
9 Դավիթ թագավորի պես՝ Հիսուսը՝ ապագա Թագավորը, անվախ էր։ Նա ցույց տվեց, որ իշխանություն ունի դևերի վրա, երբ նրանց զոհերին ազատեց նրանց ճիրաններից (Մարկ. 5։2, 6–13; Ղուկ. 4։36)։ Նույնիսկ նրա ոխերիմ թշնամին՝ Բանսարկու Սատանան, ոչ մի իշխանություն չի ունեցել և չունի նրա վրա։ Եհովայի աջակցությամբ Հիսուսը հաղթեց Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհին (Հովհ. 14։30; 16։33; 1 Հովհ. 5։19)։
10, 11. Ի՞նչ է անում Հիսուսը երկնքում՝ որպես Ռազմիկ–Թագավոր։
10 Հիսուսի մահից և հարությունից մոտ 60 տարի անց Հովհաննես առաքյալին մարգարեական տեսիլք տրվեց. նա տեսավ Հիսուսին երկնքում՝ որպես Ռազմիկ–Թագավորի։ Հովհաննեսը գրեց. «Ահա մի սպիտակ ձի, ու նա, որ նստել էր նրա վրա, մի աղեղ ուներ, և նրան մի պսակ տրվեց, ու նա դուրս գնաց հաղթելով և իր հաղթանակը ավարտին հասցնելու համար» (Հայտն. 6։2)։ Սպիտակ ձիու վրա նստածը Հիսուսն է։ 1914 թ.–ին «նրան մի պսակ տրվեց». այդ տարի նա սկսեց թագավորել երկնային Թագավորությունում։ Դրանից հետո Հիսուսը «դուրս գնաց հաղթելով»։ Այո՛, Դավթի նման՝ նա հաղթող Թագավոր է։ Իր թագադրումից կարճ ժամանակ անց Հիսուսը հաղթեց Սատանային և նրան ու նրա դևերին գցեց երկրի վրա (Հայտն. 12։7–9)։ Նա իր հաղթական արշավը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև որ «իր հաղթանակը ավարտին հասցնի», այսինքն՝ հիմնովին կործանի Սատանայի ամբարիշտ համակարգը (կարդա՛ Հայտնություն 19։11, 19–21)։
11 Հիսուսը, սակայն, Դավթի պես նաև կարեկից թագավոր է և Արմագեդոնի ժամանակ կպաշտպանի «մեծ բազմությանը» (Հայտն. 7։9, 14)։ Բացի այդ, Հիսուսի և նրա 144 000 ժառանգակիցների իշխանության ներքո կլինի «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն» (Գործ. 24։15)։ Երկրի վրա հարություն առած մարդիկ հավիտյան ապրելու հեռանկար կունենան։ Ի՜նչ հիանալի ապագա է սպասում նրանց։ Թող որ բոլորս վճռենք շարունակել «բարիք անել», որպեսզի հնարավորություն ունենանք լինելու Մեծ Դավթի արդար ու երջանիկ հպատակներ (Սաղ. 37։27–29)։
Սողոմոնը իմաստություն է խնդրում
12. Ի՞նչ խնդրեց Սողոմոնը։
12 Դավթի որդի Սողոմոնը նույնպես նախապատկերում է Հիսուսինc։ Երբ նա դարձավ թագավոր, Եհովան նրան երազում ասաց, որ կտա այն ամենը, ինչ որ խնդրի իրենից։ Սողոմոնը Աստծուց կարող էր խնդրել մեծ հարստություն, իշխանություն կամ երկար կյանք։ Բայց նա Եհովային ասաց. «Ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ. որովհետեւ ո՞վ պիտի դատէ [«կրնայ դատել», ԱԱ] քո այս մեծ ժողովուրդը» (Բ Մնաց. 1։7–10)։ Եհովան պատասխանեց Սողոմոնի աղոթքին (կարդա՛ Բ Մնացորդաց 1։11, 12)։
13. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Սողոմոնն ամենաիմաստուն մարդն էր, և ո՞վ էր նրան իմաստություն տվել։
13 Քանի դեռ Սողոմոնը հավատարիմ էր Եհովային, նրա պես իմաստուն մարդ չկար։ Նա «երեք հազար առակ խօսեց» (Գ Թագ. 4։30, 32, 34)։ Դրանց մի մասը տեղ է գտել Աստվածաշնչում և մինչև օրս բարձր է գնահատվում իմաստություն փնտրողների կողմից։ Սաբայի թագուհին անցավ 2 400 կիլոմետր, որպեսզի «խրթին հարցմունքներով փորձէ» Սողոմոնի իմաստությունը։ Թագուհին անչափ տպավորվեց՝ լսելով նրան և տեսնելով Իսրայելի բարօրությունը (Գ Թագ. 10։1–9)։ «Բոլոր երկիրը փափաքում էր Սողոմոնի երեսին, որ լսէ նորա այն իմաստութիւնը, որ Աստուած տուել էր նորա սրտին»։ Այո՛, Եհովան էր Սողոմոնին տվել այդպիսի իմաստություն (Գ Թագ. 10։24)։
Հետևենք իմաստուն Թագավորին
14. Ինչպե՞ս է Հիսուսը «Սողոմոնից էլ մեծ»։
14 Մարդկանցից միայն մեկը իմաստությամբ գերազանցեց Սողոմոնին՝ Հիսուս Քրիստոսը։ Նա իր մասին ասաց, որ «Սողոմոնից էլ մեծ» է (Մատթ. 12։42)։ Հիսուսը «հավիտենական կյանքի խոսքեր» է ասել (Հովհ. 6։68)։ Լեռան քարոզում նա սովորեցրեց բաներ, որոնք ավելի մանրամասնորեն են ներկայացնում Սողոմոնի որոշ առակների էությունը։ Սողոմոնը նշել էր, թե ինչն է Եհովայի երկրպագուներին երջանկություն բերում (Առակ. 3։13; 8։32, 33; 14։21; 16։20)։ Հիսուսը շեշտեց, որ իսկական երջանկությունը բխում է այն ամենից, ինչը կապ ունի Եհովայի երկրպագության և նրա խոստումների կատարման հետ։ Նա ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթ. 5։3)։ Ովքեր կիրառում են այն, ինչ ուսուցանել է Հիսուսը, ավելի են մոտենում Եհովային՝ «կյանքի աղբյուրին» (Սաղ. 36։9; Առակ. 22։11; Մատթ. 5։8)։ Քրիստոսը «Աստծու իմաստության» մարմնավորումն է (1 Կորնթ. 1։24, 30)։ Մեսիական Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, ունի «իմաստութեան.... հոգին» (Ես. 11։2)։
15. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ ստանալ աստվածային իմաստությունից։
15 Ինչպե՞ս կարող ենք մենք՝ Մեծ Սողոմոնի հետևորդներս, օգուտներ ստանալ աստվածային իմաստությունից։ Քանի որ Եհովայի իմաստությունը ամփոփված է նրա Խոսքում, այն ստանալու համար պետք է ջանադրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, մասնավորապես՝ Հիսուսի ասածները, և խորհրդածենք կարդացածի շուրջ (Առակ. 2։1–5)։ Բացի այդ, իմաստություն ստանալու համար պետք է միշտ աղոթենք Աստծուն։ Նա իր Խոսքում հավաստիացնում է, որ կպատասխանի մեր անկեղծ աղոթքներին (Հակ. 1։5)։ Սուրբ ոգու օգնությամբ Աստվածաշնչում կգտնենք անգին գոհարներ, որոնց շնորհիվ կկարողանանք դժվարությունները հաղթահարել, ինչպես նաև իմաստուն որոշումներ կայացնել (Ղուկ. 11։13)։ Սողոմոնը, որ ուներ նաև «Ժողովող» անունը, «ժողովրդին գիտութիւն սովորեցրեց» (Ժող. 12։9, 10)։ Հիսուսը՝ քրիստոնեական ժողովի Գլուխը, նույնպես ժողովում է իր ժողովրդին (Հովհ. 10։16; Կող. 1։18)։ Ուստի մենք պետք է միշտ ներկա լինենք ժողովի հանդիպումներին, որտեղ «գիտություն ենք սովորում»։
16. Ինչո՞վ են նման Սողոմոնն ու Հիսուսը։
16 Սողոմոնը շատ գործունյա թագավոր էր։ Ամբողջ երկրով մեկ նա ծավալուն շինարարական աշխատանքներ ձեռնարկեց. կառուցվում էին պալատներ, ճանապարհներ, ջրամատակարարման համակարգեր, շտեմարանների քաղաքներ, կառքերի և ձիավորների քաղաքներ (Գ Թագ. 9։17–19)։ Նրա շինարարական ծրագրերը օգուտ էին բերում բոլորին։ Հիսուսը նույնպես շինարար է։ Նա «ժայռի» վրա կառուցել է քրիստոնեական ժողովը (Մատթ. 16։18)։ Նաև, ապագայում Քրիստոսը կղեկավարի այն մեծածավալ շինարարական աշխատանքները, որ կկատարվեն նոր աշխարհում (Ես. 65։21, 22)։
Հետևենք խաղաղության Իշխանին
17. ա) Ինչո՞վ էր աչքի ընկնում Սողոմոնի իշխանությունը։ բ) Սողոմոնը ի՞նչ չէր կարող անել իր հպատակների համար։
17 «Սողոմոն» անունը ծագում է մի բառից, որը նշանակում է «խաղաղություն»։ Սողոմոն թագավորի նստավայրը Երուսաղեմ քաղաքն էր։ «Երուսաղեմ»՝ նշանակում է «ունենալ կրկնակի խաղաղություն»։ Իսրայելը երբեք այնպիսի խաղաղություն չէր վայելել, ինչպես Սողոմոնի 40–ամյա իշխանության ընթացքում։ Աստվածաշունչը այդ տարիներն այսպես է նկարագրում. «Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ Սողոմոնի բոլոր օրերումը» (Գ Թագ. 4։25)։ Այնուամենայնիվ, իր ողջ իմաստությամբ հանդերձ, Սողոմոնը չէր կարող իր հպատակներին ազատել հիվանդության, մեղքի ու մահվան կապանքներից։ Իսկ Մեծ Սողոմոնը ի զորու է դա անելու (կարդա՛ Հռոմեացիներ 8։19–21)։
18. Ի՞նչ օրհնություններ ենք վայելում քրիստոնեական ժողովում։
18 Լինելով քրիստոնեական ժողովում՝ մենք արդեն այսօր խաղաղություն ենք վայելում։ Այո՛, մենք գտնվում ենք իսկական հոգևոր դրախտում և խաղաղ փոխհարաբերություններ ունենք Աստծու ու մերձավորի հետ։ Եսայիան ներկայիս օրհնությունների մասին մարգարեացել էր. «Նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Ես. 2։3, 4)։ Գործելով սուրբ ոգուն ներդաշնակ՝ մենք ավելի ենք գեղեցկացնում հոգևոր դրախտը։
19, 20. Ուրախ լինելու ի՞նչ պատճառներ ունենք։
19 Սակայն ապագան ավելի լավն է լինելու։ Հիսուսի կառավարման ներքո հնազանդ մարդիկ աննախադեպ խաղաղություն կվայելեն, աստիճանաբար «ազատ կարձակվեն ապականության ծառայությունից» և կհասնեն կատարելության (Հռոմ. 8։21)։ Հազարամյա Իշխանության ավարտին անցնելով վերջնական փորձությունը՝ «խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղ. 37։11; Հայտն. 20։7–10)։ Այո՛, Հիսուս Քրիստոսի իշխանությունը աներևակայելիորեն կգերազանցի Սողոմոնի իշխանությունը։
20 Մովսեսի, Դավթի և Սողոմոնի օրոք իսրայելացիները ուրախություն էին վայելում։ Սակայն մենք Քրիստոսի իշխանության ներքո շատ ավելի մեծ ուրախություն կվայելենք (Գ Թագ. 8։66)։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ մեզ համար զոհեց իր միածին Որդուն, որը Մեծ Մովսեսը, Մեծ Դավիթը ու Մեծ Սողոմոնն է։
[ծանոթագրություններ]
a «Դավիթ» անունը հավանաբար նշանակում է «սիրելի»։ Հիսուսի մկրտության և այլակերպության ժամանակ Եհովան, երկնքից խոսելով, նրա մասին ասաց. «Իմ սիրելի Որդին» (Մատթ. 3։17; 17։5)։
b Միևնույն ժամանակ Դավիթը նման էր մի գառնուկի, որը վստահում է իր հովվին։ Նա պաշտպանություն և առաջնորդություն ակնկալում էր Մեծ Հովվից՝ Եհովայից։ «Տէրն [«Եհովան», ՆԱ] է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ»,— լիակատար համոզվածությամբ ասաց նա (Սաղ. 23։1)։ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին անվանեց «Աստծու Գառ» (Հովհ. 1։29)։
c Հետաքրքիր է, որ Սողոմոնի երկրորդ անունն էր «Հեդիդեա», որը նշանակում է «Յահի սիրելի» (Բ Թագ. 12։24, 25)։
Կարո՞ղ ես բացատրել
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը Մեծ Դավիթն է։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը Մեծ Սողոմոնն է։
• Ի՞նչն է քո սիրտը լցնում երախտագիտության զգացումով Հիսուսի՝ Մեծ Դավթի և Մեծ Սողոմոնի հանդեպ։
[նկար 31–րդ էջի վրա]
Սողոմոնի աստվածատուր իմաստությունը նախապատկերում էր Մեծ Սողոմոնի իմաստությունը
[նկար 32–րդ էջի վրա]
Հիսուսի իշխանությունը աներևակայելիորեն կգերազանցի Սողոմոնի ու Դավթի իշխանությունը