Մի՞թե երկրագունդը շուտով կկործանվի
Ձեր կարծիքով՝ ստորև բերված հարցերից ո՞ր տարբերակն է ճիշտ։
Մոտ ապագայում երկրի վրա պայմանները
ա) կբարելավվե՞ն
բ) նո՞ւյնը կմնան
գ) ավելի կվատանա՞ն
ԵՐԲ մտածում եք ապագայի մասին, փորձո՞ւմ եք լավատես լինել։ Իրականում, լավատես լինելը շատ օգուտներ է բերում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավատես մարդիկ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումով ավելի առողջ են, իսկ կյանքում էլ հաջողակ։ Ըստ մի երկարատև ուսումնասիրության արդյունքների՝ հավանականությունը քիչ է, որ լավատես մարդիկ սրտանոթների հիվանդություն կունենան։ Այս մտքին թիկունք է կանգնում Աստվածաշնչում դարեր առաջ գրված հետևյալ միտքը. «Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դէղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կ’չորացնէ» (Առակաց 17։22)։
Սակայն շատերի համար դժվար է ուրախ և լավատես լինել, քանի որ գիտնականները վատ ապագա են կանխատեսում երկրագնդի համար։ Տեսնենք, թե ինչ աղետալի իրադարձությունների մասին է խոսվում լրատվական միջոցներում։
Երկիր մոլորակը վտանգի մեջ է
2002 թ.–ին շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող Ստոկհոլմի ինստիտուտը զգուշացնում է. «Եթե հանուն տնտեսական զարգացման ամեն ինչ շարունակվի ընթանալ նույն ձևով, ապա, ըստ ամենայնի, տեղի կունենան այնպիսի դեպքեր, որոնք կարող են հիմնովին փոխել երկրագնդի կլիման և էկոհամակարգը»։ Նույն տեղեկագրության մեջ նշվում է նաև, որ համաշխարհային մասշտաբով տարածված չքավորությունը, անարդարությունը և շրջակա միջավայրի ռեսուրսների քայքայումը կարող են պատճառ դառնալ, որ «շրջակա միջավայրը և հասարակությունը ընկնի մեկ այլ ճգնաժամի մեջ»։
2005 թ.–ին ՄԱԿ–ը լույս ընծայեց մի զեկույց, որը Երկրագնդի շրջակա միջավայրի չորսամյա համաշխարհային ուսումնասիրություն էր։ Այս աշխատանքի մեջ ընդգրկված էին 1 360 մասնագետներ 95 երկրներից։ Զեկույցում նշված էր. «Մարդկանց արարքների հետևանքով երկրագնդի բնական ռեսուրսները հազիվ են դիմակայում, ուստի չենք կարող ակնկալել, որ մոլորակի էկոհամակարգը կարող է ինչ–որ բանով ապահովել հետագա սերունդներին»։ Ինչպես նշվում է զեկույցում, այս աղետը կանխելու համար անհրաժեշտ է «նշանակալից փոփոխություններ անել քաղաքականության, հիմնարկների և մարդկանց գործելակերպի մեջ, ինչը ներկայումս չի արվում» («Millennium Ecosystem Assessment Synthesis Report»)։
Աննա Թիբայուկան, որը ՄԱԿ–ի բնակավայրերի կենտրոնի գործադիր տնօրենն է, հայտնում է, թե ինչ են մտածում այս առումով շատ հետազոտողներ։ Նա ասում է. «Եթե մենք շարունակենք անել այն, ինչ անում ենք այսօր, ապա աղետալի ապագա է սպասվում»։
Կարո՛ղ ենք լավատես լինել
Եհովայի վկաները, ովքեր հրատարակում են այս պարբերագիրը, հավատում են, որ մոտ ապագայում մեծ փոփոխություններ են լինելու երկրի վրա։ Սակայն նրանք համոզված են, որ դրանց շնորհիվ երկրի վրա աննախադեպ լավ պայմաններ են լինելու։ Ինչո՞ւ են նրանք լավատես։ Քանի որ վստահում են Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի խոստումներին։ Նկատի առնենք այդ խոստումներից մեկը։ «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ։ Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։10, 11)։
Դա իրակա՞ն հույս է, թե պարզապես երազանք։ Նախքան այս հարցին պատասխանելը մտածեք հետևյալի շուրջ. դեռևս հազարավոր տարիներ առաջ Աստվածաշնչում կանխագուշակվել էր այն գլոբալ խնդիրների մասին, որոնք այսօր մեծ վնաս են հասցնում երկրագնդին և ցավ են պատճառում մարդկանց։ Դուք կարող եք կարդալ հաջորդ հոդվածում մեջբերված սուրբգրային համարները և տեսնել, թե ինչ կապ գոյություն ունի այնտեղ գրվածի ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Այդպիսով Աստվածաշնչի հանդեպ ձեր վստահությունը կմեծանա, և դուք կհամոզվեք, որ այդ գիրքը իսկապես կարող է ճշգրտորեն կանխագուշակել ապագա իրադարձությունները։