Չափազանց դժվար ժամանակներ մեր օրերում
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ կանխագուշակել էր, որ մարդիկ կապրեն «չափազանց դժվար ժամանակներում»։ Այդ ժամանակաշրջանը նկարագրվում է որպես «վերջին օրեր» (2 Տիմոթեոս 3։1–5; 2 Պետրոս 3։3–7)։ Հիսուս Քրիստոսը խոսեց այս նույն ժամանակամիջոցի մասին, երբ աշակերտները «իրերի համակարգի վախճանի» վերաբերյալ հարց տվեցին նրան (Մատթեոս 24։3)։ Արդյո՞ք մենք վերջին օրերում ենք ապրում։ Ստորև նշված վերջին տվյալները դուք կարող եք համեմատել Աստվածաշնչում կանխագուշակված դեպքերի հետ։ Դրանից կարող եք որոշակի եզրահանգման գալ։
Ինչ է Աստվածաշունչը կանխագուշակել. համաշխարհային պատերազմներ (Ղուկաս 21։10; Հայտնություն 6։4)։
Ինչ են տեղեկացնում վերջին հաղորդագրությունները. «20–րդ դարի պատերազմներում երեք անգամ ավելի շատ մարդ է զոհվել, քան մինչ այդ՝ սկսած Քրիստոսի ծննդից» («Վորլդվոչ» ինստիտուտի հաղորդագրություններից)։
Ինչ է Աստվածաշունչը կանխագուշակել. սովեր և հիվանդություններ (Ղուկաս 21։11; Հայտնություն 6։5–8)։
Ինչ են տեղեկացնում վերջին հաղորդագրությունները. 2004 թ.–ին մոտավորապես 863 միլիոն մարդ՝ 2003 թ.–ի համեմատ 7 միլիոն մարդ ավել, տառապել է թերսնումից (ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն)։
Մոտ մեկ միլիարդ մարդ ապրում է խարխլված տներում, 2,6 միլիարդ մարդ չունի հիմնական սանիտարական պայմաններ, իսկ 1,1 միլիարդ մարդ խմելու ջուր չունի («Վորլդվոչ» ինստիտուտ)։
500 միլիոն մարդ տառապում է մալարիա հիվանդությամբ, 40 միլիոն մարդ վարակված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ով։ 2005 թ.–ին տուբերկուլյոզը խլել է 1,6 միլիոն մարդու կյանք (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն)։
Ինչ է Աստվածաշունչը կանխագուշակել. երկրի կործանում (Հայտնություն 11։18)։
Ինչ են տեղեկացնում վերջին հաղորդագրությունները. Մարդու գործունեության հետևանքով կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակներ կործանման եզրին են։ Երկրի էկոհամակարգի մոտ երկու երրորդ մասը վատանում է, մինչդեռ այն պետք է նպաստի կյանքի պահպանմանը («Millennium Ecosystem Assessment»)։
«Մարդու կողմից ստեղծված ջերմոցային գազերը աղետալի վիճակի են հասցրել երկրագնդի կլիման, ինչի հետևանքով հնարավոր է, որ երկիրը մեծ վտանգի ենթարկվի» (ՆԱՍԱ, Տիեզերքի ուսումնասիրությամբ զբաղվող Գոդարդի անվան ինստիտուտ)։
Ինչ է Աստվածաշունչը կանխագուշակել. Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզվելու է ամբողջ աշխարհում (Մատթեոս 24։14; Հայտնություն 14։6, 7)։
Ինչ են տեղեկացնում վերջին հաղորդագրությունները. 2007 թ. ընթացքում Եհովայի վկաների բարձրագույն թիվը կազմել է 6 957 854, նրանք ավելի քան 1,4 միլիարդ ժամ են տրամադրել 236 երկրներում Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելու համար («Եհովայի վկաների տարեգիրք», 2008 թ.)։
Ինչպես արդեն նշվեց, Աստվածաշունչը կանխագուշակել է նաև, որ չնայած բոլոր այդ վատ լուրերին՝ մենք ունենալու ենք լավատես լինելու պատճառ։ Այս առնչությամբ Հիսուսը խոսեց Աստծու Թագավորության «բարի լուրի» մասին։ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։ Ինչո՞ւ է այդ Թագավորությունը մարդկանց ավելի լավ ապագայի հույս տալիս։ Եվ ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ձեզ վրա Աստծու Թագավորությունը։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Աստվածաշնչի կանխագուշակած իրադարձությունները տեսնում ենք այսօր