«Հիանում էի նրա աներևակայելի վճռականությամբ»
ԳԵՐՄԱՆԱՑԻ գրող Գյունտեր Գրասը, որը 1999 թ.–ին Նոբելյան մրցանակի արժանացավ գրականության բնագավառում, 2006 թ.–ին հրատարակեց իր կենսագրությունը։ Նա պատմում է այն ժամանակների մասին, երբ զորակոչվել էր ծառայելու Գերմանիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունում։ Նույն գրքում նա պատմում է մի մարդու մասին, որն իրեն տպավորել էր այնքան, որ անգամ 60 տարի անց չէր մոռացել նրան։ Այդ մարդը միակն էր, ով հալածանքի ներքո չհրաժարվեց իր հավատից։
«Ֆրակֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» օրաթերթին տված հարցազրույցում Գրասը նշեց այդ արտասովոր մարդու մասին, որը հրաժարվել էր զենք վերցնել։ Գրողը պատմեց, որ այդ մարդը «որևէ գերիշխող գաղափարախոսության կողմնակից չէր. ո՛չ նացիստ էր, ո՛չ կոմունիստ և ո՛չ էլ սոցիալիստ։ Նա Եհովայի վկա էր»։ Գրասը չէր հիշում այդ Վկայի անունը, ուստի նրան անվանեց այսպես. «Մենք չենք անում այդպիսի բաներ»։ Ըստ Եհովայի վկաների պատմությունն ուսումնասիրողների՝ այդ մարդը Յոակիմ Ալֆերմանն է եղել։ Նա բազմիցս ծեծի ու նվաստացման է ենթարկվել, այնուհետև տարվել է մեկուսարան։ Սակայն Ալֆերմանը անկոտրում է մնացել և այդպես էլ զենք չի վերցրել։
«Ես հիանում էի նրա աներևակայելի վճռականությամբ,— ասաց Գրասը։— Հարցնում էի ինքս ինձ. «Ինչպե՞ս է նա դիմանում այդ ամենին... Ինչպե՞ս»»։ Չնայած համառ ջանքերին՝ նացիստներին չհաջողվեց կոտրել Ալֆերմանի անարատությունը Աստծու հանդեպ։ Ի վերջո, 1944 թ. փետրվարին նրան ուղարկեցին Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբար։ 1945 թ. ապրիլին նա ազատ արձակվեց, այնուհետև պատերազմն ավարտվեց։ Յոակիմ Ալֆերմանը մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց Եհովային։ Նա մահացավ 1998 թ.–ին։
Ալֆերմանը մեկն էր այն 13 400 Եհովայի վկաներից, որոնք Գերմանիայում և նացիստների կողմից գրավված երկրներում հալածանքներ կրեցին հանուն իրենց հավատի։ Նրանք հետևում էին քաղաքական չեզոքություն պահելու և զենք չկրելու մասին Աստվածաշնչի պատվերին (Մատթեոս 26։52; Հովհաննես 18։36)։ Համակենտրոնացման ճամբարներ է տարվել մոտ 4 200 Վկա, որոնցից 1 490–ը մահացել է։ Նույնիսկ այսօր նրանց դիրքորոշումը տպավորում է շատերին, ովքեր, չլինելով նրանց հավատակիցները, հիանում են այդ մարդկանց հաստատակամությամբ։
[նկար 32–րդ էջի վրա]
Յոակիմ Ալֆերման