Ուրախ ենք՝ «Գառան հետ նրա տարած հաղթանակի համար»
ՀԱԶԱՐ ինը հարյուր յոթանասունմեկ թվականին իր նամակներից մեկում Քերի Բարբերը, անդրադառնալով ծառայության մեջ անցկացրած իր 50 տարիներին, գրեց. «Եհովային ծառայելու այս տարիները աննկարագրելի են եղել։ Նրա ժողովրդի հետ ընկերակցելը, Սատանայի աշխարհի չարագործներից պաշտպանված լինելը, Գառան՝ Հիսուս Քրիստոսի հետ միասին հաղթանակ տանելու հեռանկարը և Եհովայի սիրո ապացույցը իմ մեջ առաջացնում են խաղաղության հաճելի զգացում և ներքին բավարարվածություն, որոնք պահպանում են սիրտս ու վերջնական հաղթանակի հաստատուն հույս տալիս»։
Դրանից վեց տարի հետո եղբայր Բարբերը, որն օծյալ քրիստոնյա էր, սկսեց ծառայել որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։ Այդ նշանակման մեջ անցկացրած 30 տարիների ընթացքում նա շարունակեց անձկագին սպասել «Գառան հետ միասին հաղթանակ տանելուն»։ Եղբայր Բարբերը իր այդ նպատակին հասավ՝ հավատարիմ մնալով մինչև մահ։ Նա իր երկրային կյանքի ընթացքն ավարտեց 101 տարեկանում, 2007 թ. ապրիլի 8–ին՝ կիրակի օրը (1 Կորնթացիներ 15։57)։
Քերի Բարբերը ծնվել է Անգլիայում 1905 թ.–ին և մկրտվել է Վինիպեգում (Կանադա) 1921 թ.–ին։ Երկու տարի հետո նա և իր երկվորյակ եղբայրը՝ Նորմանը, տեղափոխվեցին Բրուքլին (Նյու Յորք)՝ մասնակցելու մի նոր նախագծի։ Այդ օրերին էր, որ Եհովայի ժողովուրդը ինքնուրույն սկսեց գրքեր տպագրել «ամբողջ բնակեցված երկրով մեկ» Թագավորության բարի լուրը տարածելու համար (Մատթեոս 24։14)։ Եղբայր Բարբերի առաջին նշանակումներից մեկը եղել է տպամամլիչ աշխատեցնելը։ Տպագրվող առարկաներից էին՝ իրավական հարցերին առնչվող հաղորդագրությունները, քանի որ այդ օրերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը քննում էր կազմակերպությանն առնչվող գործեր։ Ժամանակի ընթացքում եղբայր Բարբերը սկսեց աշխատել Ծառայողական բաժնում՝ կենտրոնանալով ժողովի հետ կապված հարցերի և ամբողջ երկրում կատարվող քարոզչական գործի վրա։
Այդ բաժնում ունեցած փորձի շնորհիվ եղբայր Բարբերը շատ լավ կարողացավ կատարել իր հետագա նշանակումը, երբ 1948 թ.–ին հանձնարարություն ստացավ ծառայելու որպես շրջագայող վերակացու։ Նա պետք է այցելեր Միացյալ Նահանգների արևմտյան մասում գտնվող բոլոր ժողովներն ու համաժողովները։ Եղբայր Բարբերի խոսքերով՝ նա հատկապես սիրել է քարոզչական ծառայությունը։ Շրջագայական ծառայության ընթացքում եղբայր Բարբերը շատ եղբայրների ու քույրերի հետ է առնչվել։ Նրա սուր միտքն ու ծառայության հանդեպ եռանդը շատ օգտակար եղան, երբ հետագայում նա հաճախեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 26–րդ դասարանը։ Դասերի ընթացքում նա ծանոթացավ կանադացի մի քրոջ՝ Սիդնի Լի Բրյուերի հետ։ Դպրոցն ավարտելուց հետո նրանք ամուսնացան։ Մեղրամիսը տևեց շատ կարճ. դա այն ժամանակահատվածն էր, երբ նրանք Նյու Յորքից հասան Չիկագո։ Այնտեղ եղբայր Բարբերը պետք է այցելեր Իլինոյսի ժողովները։ Քույր Բարբերն անգին ընկեր և աջակցության մշտական աղբյուր է եղել նրանց շրջագայական ծառայության երկու տասնամյակներին։
Նրանք, ովքեր ծանոթացել են ու ճանաչել են եղբայր Բարբերին նրա՝ մարզային, շրջագայական ծառայության տարիներին, կամ որպես Կառավարիչ մարմնի անդամ ծառայելու և ճանապարհորդելու 30 տարիներին, դեռ երկար կհիշեն նրա ելույթներն ու տպավորիչ մեկնաբանությունները։ Մենք ամեն պատճառ ունենք ուրախանալու «Գառան հետ միասին նրա տարած հաղթանակի» համար։