Արժե՞ խոնարհ լինել
ՇԱՏԵՐՆ այն կարծիքին են, որ խոնարհ մարդը այս աշխարհում տեղ չունի։ Թվում է, որ կյանքում հաջողությունների են հասնում նրանք, ովքեր ամեն գնով ձգտում են լինել առաջինը, մեծամիտ են և հաշվի չեն առնում ուրիշներին։ Հասարակությունն ընդհանուր առմամբ նախանձում է ոչ թե խոնարհների ու համեստների, այլ հարուստների և ճանաչվածների ապրելակերպին։ Վերջիններս սովորաբար գլուխ են գովում, թե ամեն բանին հասել են սեփական խելքով ու ջանքերով։ Առանց «ավելորդ» համեստության՝ նրանք միայն իրենց են մեծարում բոլոր հաջողությունների համար։
Ինչպես նշում է կանադացի մի հետազոտող, իր երկրում «սեփական եսը առաջ տանելու տենդենց է սկսվել»։ Նաև նկատելի է, որ ժամանակակից հասարակությունը բարձր է գնահատում հաճույքի համար ապրող և ոչ թե պատասխանատու անհատներին։ Այսօր մարդիկ գնալով ավելի եսակենտրոն են դառնում։ Պարզ է, որ այսպիսի աշխարհում խոնարհությունը չի կարող ցանկալի հատկություն լինել։
Ինչ խոսք, քչերը կասեն, թե չեն սիրում, երբ ուրիշները խոնարհ են։ Չէ՞ որ նման մարդկանց հետ հեշտ է ապրել։ Սակայն մրցակցության ոգով տոգորված այս աշխարհում ոմանք մտավախություն ունեն, որ խոնարհություն դրսևորելու դեպքում թույլ անձնավորություն կհամարվեն։
Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, կանխագուշակել էր, որ մեր օրերում մարդիկ կլինեն «մեծամիտ [և] գոռոզ» (2 Տիմոթեոս 3։1, 2)։ Համաձայն չե՞ք, որ այս մարգարեությունը իսկապես կատարվում է։ Իսկ դուք խոնարհությունը ցանկալի՞ հատկություն եք համարում, թե՞ կարծում եք, որ այն կարող է դիտվել որպես թուլության նշան և ուրիշներին առիթ տալ ձեզ շահագործելու։
Իրողությունն այն է, որ Աստվածաշունչը լուրջ հիմքեր է տալիս գնահատելու և զարգացնելու խոնարհությունը։ Աստծու Խոսքն օգնում է հավասարակշռված և դրական տեսակետ ունենալ այդ հատկության վերաբերյալ ու ցույց է տալիս, որ իսկական խոնարհությունը ոչ թե թուլության նշան է, այլ ուժի։ Իսկ թե ինչու, կքննարկվի հաջորդ հոդվածում։
[նկար 3–րդ էջի վրա]
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր հաջողություններին