Խոր ու երկարատև ցավ
ՎԵՐՋԵՐՍ մի հետազոտող ցանկացավ իմանալ, թե ինչպես է ժամանակն ազդում այն մարդկանց զգացմունքների վրա, ովքեր հարազատ են կորցրել։ Նա հարցաթերթիկ ուղարկեց մի քանի ծնողների, որոնց երեխաները տարիներ առաջ մահացել էին։ Ոչ բոլոր ծնողներն ուղարկեցին իրենց պատասխանները։ Վլադիմիր անունով մի հայր, որն արդեն հինգ տարի է, ինչ կորցրել է որդուն, ասաց, որ իր համար դեռևս դժվար է խոսել որդու մասին։a
Երկարատև վիշտը անսովոր բան չէ երեխա կորցրած ծնողների համար։ Ուիլյամը, որի որդին տասը տարի առաջ (այդ ժամանակ նա 18 տարեկան էր) խեղդվեց ջրում, գրում է. «Ես դեռ զգում եմ կորստի ցավը և քանի դեռ կենդանի եմ, կզգամ այն»։ Հինգ տարի առաջ Լյուսիի որդին անսպասելի հիվանդության հետևանքով մահացավ։ Նա գրում է. «Առաջին մի քանի օրերին մտածում էի. «Սա չի կարող իրականություն լինել»։ Ինձ թվում էր, թե վատ երազ եմ տեսնում և շուտով արթնանալու եմ։ Որոշ ժամանակ անց սկսեցի գիտակցել, որ որդուս մահը իրականություն է, և որ նա այլևս տուն չի վերադառնալու։ Նա մահացել է հինգ տարի առաջ, սակայն մինչև հիմա էլ, երբ մենակ եմ մնում, ես արտասվում եմ նրա համար»։
Ինչո՞ւ են երեխա կորցրած ծնողները, ինչպես օրինակ՝ Վլադիմիրը, Ուիլյամը և Լյուսին, այսքան խոր ու երկարատև ցավ զգում։ Եկեք խոսենք մի քանի պատճառների մասին։
Ինչո՞ւ այդքան մեծ վիշտ
Երբ ընտանիքում երեխա է ծնվում, ծնողները այնպիսի զգացումներ են ունենում, որը համեմատելի չէ որևէ ուրիշ զգացումի հետ։ Պահելով մանկանը իրենց ձեռքում, դիտելով, թե ինչպես է նա քնում կամ տեսնելով նրա լայն ժպիտը՝ ծնողները խորը երջանկություն և բավականություն են զգում։ Սիրառատ ծնողները թանկ են գնահատում իրենց զավակներին։ Նրանք դաստիարակում են երեխային և սովորեցնում լինել քաղաքավարի (1 Թեսաղոնիկեցիներ 2:7, 11)։ Երբ երեխաները սկսում են վարվել իրենց ծնողների ակնկալիքների համաձայն, վերջիններս հպարտություն են զգում և մեծ հույսեր փայփայում նրանց առնչությամբ։
Հոգատար ծնողները ջանասիրաբար աշխատում են, որպեսզի հոգան իրենց զավակների կարիքները։ Նրանք գուցե կանոնավորաբար որոշ գումար են մի կողմ դնում կամ նյութական բարիքներ հավաքում, որպեսզի օգնեն երեխաներին ապագայում հիմնել իրենց սեփական ընտանիքը (2 Կորնթացիներ 12:14)։ Այն, որ ծնողներն անչափ սիրում են իրենց երեխաներին և ժամանակ, ջանք ու դրամ չեն խնայում նրանց համար, փաստում է, որ նրանք ուզում են, որ իրենց երեխաները ապրե՛ն և ոչ թե մահանան։ Երբ երեխան մահանում է, նրան մեծացնելու գործը կիսատ է մնում, և ծնողների հույսերը խափանվում են։ Նրանք այլևս չեն կարող իրենց ջերմ սերն ու գորովանքը դրսևորել երեխայի հանդեպ։ Այն տեղը, որ նրանց որդին կամ դուստրը զբաղեցրել է իրենց ընտանիքում, դատարկ է մնում։ Ծնողները խորը ցավ են զգում, որը դժվարությամբ է անցնում։
Աստվածաշնչում նշվում են դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ երեխա կորցրած ծնողները հոգեկան մեծ տառապանքներ են կրում։ Օրինակ՝ նահապետ Հակոբը, երբ լսեց, որ իր որդի Հովսեփը սպանվել է, «պատառեց իր հանդերձները, եւ քուրձ հագաւ իր մէջքի վերայ եւ իր որդու համար շատ օրեր սուգ արաւ: Եւ նորա բոլոր որդիները եւ նորա բոլոր աղջկերքը վեր կացան նորան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարուիլը, եւ ասեց. Ես սուգով կ’իջնեմ գերեզմանը իմ որդու մօտ»։ Տարիներ անց Հակոբը դեռ սգում էր՝ մտածելով թե Հովսեփը մեռած է (Ծննդոց 37:34, 35; 42:36–38)։ Աստվածաշնչում կարդում ենք նաև մի հավատարիմ կնոջ՝ Նոեմիի մասին, որի երկու որդիները մահացան։ Նա այնքան խորը տխրություն էր զգում, որ ուզում էր իր «Նոյեմի» անունը, որը նշանակում էր «հաճելի», փոխել ու դարձնել «Մարա», որը նշանակում է «դառը» (Հռութ 1:3–5, 20, 21)։
Սակայն Աստվածաշնչում չի նշվում միայն, որ ծնողները մեծ վիշտ են զգում՝ երեխա կորցնելով։ Այնտեղ նաև ասվում է, որ Եհովա Աստված զորացնում է վշտահարներին։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչպես է Աստված մխիթարում սգավոր մարդկանց։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։