Ադրիանայի երազանքը
ԱԴՐԻԱՆԱՆ՝ վեցամյա մի աղջիկ, որն ապրում է ԱՄՆ–ի Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում, մի երազանք ուներ։ Նրա այդ երազանքը նման էր սաղմոսերգու Դավթի ունեցած մեծ փափագին, որն ասաց. «Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ» (Սաղմոս 27։4)։
Երբ Ադրիանան ընդամենը վեց ամսական էր, բժիշկները ախտորոշեցին, որ նա նեյրոբլաստոմա հիվանդությունն ունի։ Դա չարորակ ուռուցք է, որ առաջանում է նյարդային համակարգի տարբեր մասերում։ Այս մահացու հիվանդության պատճառով նրա երկու ոտքերը անզգայացել էին։ Բժիշկները շատ վիրահատություններ էին արել և մեկ տարի բուժել էին նրան քիմիաբուժությամբ։
Ադրիանայի հայրը, որը չի ընդունում իր դստեր և կնոջ կրոնական համոզմունքները, դիմեց մի բարեգործական կազմակերպության և խնդրեց, որ իր դուստրը այցելի զվարճալիքների աշխարհահռչակ մի զբոսայգի։ Այդ խնդրանքը կատարելու համաձայնություն տալուց առաջ կազմակերպության ներկայացուցիչները զրուցեցին Ադրիանայի հետ։ Աղջիկը շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցույց տրված ուշադրության համար, սակայն ասաց, որ նա կնախընտրեր այցելել Բեթել՝ Եհովայի վկաների համաշխարհային գործունեության կենտրոնը, որը գտնվում է Նյու Յորքում։ Իմանալով, որ իր հայրն էր դիմել այդ կազմակերպությանը՝ Ադրիանան աղոթեց Եհովային, որ նա հնարավորություն տա իրեն Բեթել այցելելու։ Թեև սկզբում այդ կազմակերպության ներկայացուցիչները մտածեցին, թե դա երեխայի համար հետաքրքիր ու զվարճալի չի լինի, սակայն երբ տեսան, որ նրա հայրը չառարկեց, որ իր դուստրը այցելի Բեթել, համաձայնություն տվեցին, որ նրա երազանքը կատարվի։
Ադրիանան իր մոր, քրոջ և ընկերուհու հետ ուղևորվեց Նյու Յորք՝ առաջին անգամ Բեթել այցելելու։ «Եհովան պատասխանեց ինձ,— ասում է նա։— Ես գիտեի, որ նա իմ առջև բաց կանի Բեթելի դռները։ Ես տեսա, թե ինչպես են պատրաստում գրքերը, պարբերագրերը և Աստվածաշնչերը։ Բեթել գնալը ավելի լավ էր, քան զվարճալիքների զբոսայգի»։
Ադրիանան «Տիրոջ գեղեցիկ փառքը» տեսավ։ Նա նաև տեսավ, թե ինչպես է գործում այսօր Եհովայի ժողովրդի գործունեության կենտրոնը։ Ձեզ նույնպես հրավիրում ենք այցելել Բեթել։ Նյու Յորքում գտնվող՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից բացի՝ մասնաճյուղեր կան աշխարհի տարբեր մասերում։