Հաշմանդամ, բայց պատրաստ ծառայելու
ԵՐԲ տեսնեք Լեոնարդոյին, երբեք չեք մտածի, որ նա կարող է շինարար լինել։ Նախկինում իր աշխատավայրում տեղի ունեցած մի վթարի ժամանակ նա կորցրել է իր երկու ձեռքերը։ Սակայն չնայած իր այդ վիճակին՝ Լեոնարդոն ժրաջանորեն մասնակցում էր Սալվադորի Ակախուտլա քաղաքում անցկացվող մի շինարարական գործի, ինչպես տեսնում եք նկարում։
Այդ շինարարական ծրագրին մասնակցելու համար Լեոնարդոն իր համար գործիքներ պատրաստեց։ Նա իր աջ թևը մտցնում է բահի կոթին ամրացված մետաղյա օղակի մեջ և հմտորեն ավազը լցնում է սայլակի մեջ։ Սայլակի բռնակներին նույնպես օղակներ է ամրացրել, այնպես որ կարողանում է հրել սայլակը։ Ի՞նչը մղեց նրան մասնակցելու այս շինարարական գործին։
Լեոնարդոն ցանկանում էր մասնակցել Եհովայի վկաների տեղի ժողովի երկրպագության վայրի՝ Թագավորության սրահի շինարարությանը։ Նրա համար շատ պատճառներ կային այդ շինարարական գործին չմասնակցելու համար։ Նա աշխատում էր լրիվ աշխատանքային օրով, հաշմանդամ էր և ծառայում էր ժողովում որպես ծառայող օգնական։ Սակայն նա ցանկանում էր իր կարողության չափով ծառայել Եհովային՝ նաև շինարարական գործին մասնակցելով։
Իսկ դուք Եհովային ծառայելիս պատրաստակամության այդպիսի ոգի դրսևորո՞ւմ եք։ Փոխանակ իր հաշմանդամությունը որպես արդարացում օգտագործելու՝ Լեոնարդոն գործի դրեց իր մտային կարողությունները և պատրաստեց գործիքներ, որպեսզի կարողանար կատարել այն գործը, որն այլապես անհնարին բան կլիներ իր համար։ Նա Աստծուն ծառայում էր իր «ամբողջ մտքով» (Մատթեոս 22:37)։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների Թագավորության սրահների շինարարությանը մասնակցողները՝ լինեն նրանք հաշմանդամ, թե՝ ոչ, պատրաստակամության ոգի են դրսևորում։ Նրանց հանդիպումներին կարող են ներկա լինել բոլորը, ուստի ձեզ էլ ենք հրավիրում։