Ընթերցողների հարցերը
Պե՞տք է քրիստոնյան հրաժարվի կոֆեին պարունակող ըմպելիքներից ու սննդից։
Աստվածաշունչը չի արգելում քրիստոնյաներին կոֆեին պարունակող սուրճ, թեյ, շոկոլադ, մատե կամ զովացուցիչ ջրեր օգտագործել։ Այնուամենայնիվ, Գրություններում կան սկզբունքներ, որոնք կարող են մեզ օգնել իմաստուն որոշումներ կայացնել։ Նախևառաջ եկեք քննենք, թե ինչու են որոշ մարդիկ հրաժարվում կոֆեին պարունակող ըմպելիքներից ու սննդից։
Հիմնական պատճառներից մեկն այն է, որ կոֆեինը կարող է համարվել տրամադրությունը փոփոխող նյութ, որը խթանիչ ազդեցություն է թողնում ուղեղի վրա։ Այն կարող է նաև կախվածություն առաջացնել։ Դեղագործների համար նախատեսված մի ձեռնարկում նշվում է. «Կոֆեինի երկարաժամկետ և մեծ քանակությամբ օգտագործումը կարող է առաջացնել օրգանիզմի հանդուրժողականություն և հոգեբանական կախվածություն։ Կոֆեինի ընդունումը կտրուկ դադարեցնելու դեպքում կարող են առաջանալ գլխացավ, դյուրագրգռություն, նյարդայնություն, անհանգստության զգացում և գլխապտույտ»։ Մտային խանգարումների ախտորոշման և վիճակագրության վերաբերյալ մի ձեռնարկում, որտեղ նշված են, թե ինչ հիվանդագին երևույթներ են լինում դեղանյութերի ընդունումը դադարեցնելու հետ կապված, քննարկվում են նաև կոֆեինի օգտագործումը դադարեցնելու հետ կապված հիվանդագին երևույթները («Diagnostic and Statistical Manual of Mental Disorders»)։ Ուստի, հասկանալի է, թե ինչու որոշ քրիստոնյաների գուցե մտահոգի կոֆեինի գործածության հարցը. նրանք չեն ցանկանում կախման մեջ լինել որևէ բանից և ուզում են ինքնատիրապետում պահպանել (Գաղատացիներ 5:23)։
Ոմանք այն կարծիքին են, թե կոֆեինը կարող է ազդել անհատի, ինչպես նաև մոր արգանդում գտնվող երեխայի առողջության վրա։ Քրիստոնյաները սիրում են Աստծուն «ամբողջ հոգով», ուստի չեն անում այնպիսի բան, որը կկարճացնի իրենց կյանքը։ Բացի այդ, քանի որ պատվեր է տրված սիրել դրացուն, նրանք հեռու են մնում այնպիսի բաներից, որոնք կարող են վնաս հասցնել չծնված երեխային (Ղուկաս 10:25–27)։
Հիմնավո՞ր են առողջության մասին նրանց անհանգստությունները։ Կարծիքները տարբերվում են այն հարցում, թե արդյոք կապ գոյություն ունի կոֆեինի օգտագործման և որոշակի հիվանդությունների միջև։ Հետազոտողներից ոմանք ասում են, որ սուրճն օգտակար է։ 2006 թ.–ին «Թայմ» հանդեսում նշվեց. «Դատելով առաջին ուսումնասիրություններից՝ կարելի էր եզրակացնել, որ [կոֆեինը] կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի, արյան բարձր ճնշման և առաջացնել այլ հիվանդություններ։ Վերջին ուսումնասիրությունների արդյունքում ոչ միայն հերքվեցին այդ պնդումներից շատերը, այլև հայտնաբերվեց, որ կոֆեինի գործածումը զգալի օգուտներ է տալիս։ Կոֆեինը, ըստ ամենայնի, որոշ չափով պաշտպանում է լյարդի վնասվածքից, Պարկինսոնյան հիվանդությունից, շաքարախտից, Ալցհեյմերի հիվանդությունից, լեղապարկի քարերի առաջացումից, դեպրեսիայից և, հնարավոր է, քաղցկեղի որոշ տեսակներից»։ Մի լրագրում կոֆեինի օգտագործման վերաբերյալ ասվում է. «Ամենակարևորը, անշուշտ, չափավորությունն է»։
Յուրաքանչյուր քրիստոնյա անձամբ պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ՝ հիմնվելով և՛ այն բանի վրա, թե ինչպես է ինքը հասկանում կոֆեինի մասին այժմ առկա տեղեկությունները, և՛ Աստվածաշնչի այն սկզբունքների վրա, որոնք, հնարավոր է, առնչվում են այս հարցին։ Օրինակ՝ եթե քրիստոնյա կինը հղի է, գուցե որոշի կոֆեին չընդունել հղիության ընթացքում, եթե կարծում է, որ այն վնաս կհասցնի պտղին։ Կամ՝ թերևս քրիստոնյային խորհուրդ տրվի գոնե ժամանակավորապես հրաժարվել կոֆեինի գործածումից, եթե նա տեսնում է, որ ինքը, կոֆեինի կանոնավոր ընդունումից հրաժարվելով, իրեն վատ է զգում կամ հեշտությամբ նյարդայնանում (2 Պետրոս 1:5, 6)։ Մյուս քրիստոնյաները պետք է հարգեն այդ որոշումը և չպնդեն իրենց տեսակետը։
Ինչպիսի որոշում էլ որ կայացնես՝ կապված կոֆեին պարունակող ըմպելիքների և սննդի հետ, հիշիր Պողոս առաքյալի խորհուրդը. «Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթացիներ 10:31)։