Ինչպես կարող եք ունենալ հաջողություն
ՃԻՇՏ ինչպես ծնողներն են հոգ տանում իրենց երեխաների մասին և ցանկանում են, որ նրանք հաջողության հասնեն, այնպես էլ մեր երկնային Հայրն է քնքշորեն հոգում մեր մասին և ցանկանում է, որ մենք հաջողություն ունենանք։ Ցույց տալով իր հոգատարությունը՝ նա հայտնում է, թե ինչը կարելի է համարել հաջողություն, և ինչը՝ ոչ։ Աստծու խոսքերին հնազանդվող անհատի մասին Աստվածաշունչը վստահորեն ասում է. «Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։3)։
Եթե այդպես է, ապա ինչո՞ւ շատերը չեն ապրում հաջող, երջանիկ և բավարարվածություն բերող կյանքով։ Ուշադրությամբ քննելով վերոհիշյալ սաղմոսը՝ կգտնենք այդ հարցի պատասխանը և կիմանանք, թե ինչպես մենք էլ կարող ենք հաջողություն ունենալ։
‘Ամբարիշտների խորհուրդը’
Սաղմոսերգուն նախազգուշացնում է, որ «ամբարիշտների խորհրդի մէջ» քայլելը վտանգավոր է (Սաղմոս 1։1)։ Ամենամեծ ամբարիշտը՝ ‘չարը’, Բանսարկու Սատանան է (Մատթէոս 6։13)։ Գրությունները հայտնում են, որ նա «այս աշխարհքի իշխան[ն]» է, և որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում», այսինքն՝ Չարի իշխանության տակ է գտնվում (Յովհաննէս 16։11; Ա Յովհաննէս 5։19)։ Ուստի զարմանալի չէ, որ շատ խորհուրդներ, որ լսում ենք աշխարհում, արտացոլում են այդ չար անձնավորության մտածելակերպը։
Ինչպիսի՞ խորհուրդներ են առաջարկում ամբարիշտները։ Ընդհանուր առմամբ, ամբարիշտները հարգանք չեն դրսևորում Աստծու հանդեպ (Սաղմոս 10։13)։ Ամենուրեք լսում ենք նրանց կողմից եկող խորհուրդները, որոնք արհամարհանք կամ անարգանք են արտահայտում Աստծու հանդեպ։ Այսօրվա հասարակությունը խրախուսում է «մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը» (Ա Յովհաննէս 2։16)։ Զանգվածային լրատվական միջոցները հեղեղված են նյութապաշտական մի գաղափարով, որն, ըստ էության, հետևյալն է խրախուսում՝ «կյանքից վերցրու այն ամենը, ինչ կարող ես»։ Ամբողջ աշխարհում ընկերությունները տարեկան 500 միլիարդ ամերիկյան դոլար են ծախսում գովազդների վրա, որպեսզի համոզեն մարդկանց գնելու իրենց ապրանքները՝ անկախ այն բանից՝ նրանք ունեն դրանց կարիքը, թե՝ ոչ։ Եվ այս գովազդները ոչ միայն փոխել են մարդկանց՝ գնումներ կատարելու սովորությունները, այլ աղավաղել են հաջողության վերաբերյալ ամբողջ աշխարհի տեսակետը։
Ուստի շատերը, ունենալով իրեր, որոնց մասին տարիներ առաջ կարող էին միայն երազել, անհագ ցանկություն ունեն ավելի շատ նյութական իրեր ձեռք բերելու։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե մարդ չունենա այդ իրերը, ապա չի կարող երջանիկ կամ հաջողակ լինել։ Դա սխալ տեսակետ է. այն «Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է» (Ա Յովհաննէս 2։16)։
Մեր Արարիչը գիտի, թե ինչն է մեզ իրականում հաջողակ դարձնում։ Նրա տված խորհուրդները տարբերվում են ‘ամբարիշտների խորհուրդներից’։ Հետևաբար, եթե անհատը ցանկանում է Աստծու հաճությանն արժանանալ և միևնույն ժամանակ ձգտում է հաջողության հասնել աշխարհի առաջարկած ձևով, ապա նա նմանվում է մի մարդու, որը փորձում է միաժամանակ քայլել երկու տարբեր ճանապարհներով։ Դա պարզապես անհնար է։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչը Հռովմայեցիս 12։2–ում հետևյալ նախազգուշացումն է տալիս մեզ՝ «մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը», կամ ինչպես նշվում է մեկ այլ թարգմանության մեջ, «այս աշխարհի չափանիշներով» («Today’s English Version»)։
Թույլ մի տվեք, որ աշխարհը ձևավորի ձեր տեսակետը
Սատանայի ազդեցության տակ գտնվող աշխարհը փորձում է ստեղծել այն տպավորությունը, թե հետաքրքրվում է մեր բարօրությամբ։ Սակայն մենք պետք է զգույշ լինենք։ Հիշեք, որ Սատանան, եսասիրական մղումներ ունենալով, մոլորեցրեց առաջին կնոջը՝ Եվային, որ վերջինս նրա շահերն առաջ տանի։ Այնուհետև նա նրան օգտագործեց, որպեսզի Ադամին էլ դրդի մեղք գործելու։ Այսօր Սատանան նույնպես օգտագործում է մարդկանց՝ իր չար խորհուրդները տարածելու համար։
Օրինակ՝ Դեյվիդը, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, պետք է արտաժամ աշխատեր և հաճախ գործուղումների մեկներ։ «Ես պետք է մեկնեի երկուշաբթի վաղ առավոտյան և վերադառնայի հինգշաբթի երեկոյան»,— ասում է նա։ Նրա անկեղծ ընկերները, ընտանիքի անդամները և գործընկերները, մտածելով, որ այդպիսի զոհողություններն անհրաժեշտ են հաջողության հասնելու համար, խրախուսում էին նրան՝ ասելով. «Մի թող այդ աշխատանքը հանուն քո ընտանիքի»։ Նրանք կարծում էին, որ Դեյվիդը այդ ծանր գրաֆիկով աշխատելու էր ընդամենը մի քանի տարի, մինչև որ հիմնավորվեր։ Դեյվիդը պատմում է. «Նրանք ասում էին, որ դա օգուտ կբերեր իմ ընտանիքին, քանի որ ես կարող էի ավելի շատ գումար վաստակել և ավելի մեծ հաջողությունների հասնել։ Թեև ես իմ ընտանիքի կողքին չէի, սակայն ընկերներս հավաստիացնում էին ինձ, որ այդպես իրականում ավելի շատ բան էի անում ընտանիքիս համար»։ Դեյվիդի նման՝ շատ անհատներ ծանր աշխատում են, որպեսզի իրենց ընտանիքներին ապահովեն այն ամենով, ինչի կարիքը, իրենց կարծիքով, նրանք ունեն։ Սակայն արդյո՞ք այդպիսի խորհրդի հետևելը հաջողություն է բերում։ Իրականում ինչի՞ կարիք ունի ընտանիքը։
Այն, թե ինչի կարիքն ուներ իր ընտանիքը, Դեյվիդը հասկացավ իր գործուղումներից մեկի ժամանակ։ Նա պատմում է. «Երբ հեռախոսով զրուցում էի աղջկաս՝ Անջելիկայի հետ, նա ասաց ինձ. «Հայրի՛կ, ինչո՞ւ չես ուզում մեզ հետ մնալ տանը»։ Դա ինձ մեծ ցավ պատճառեց»։ Դստեր խոսքերը նրան ավելի մեծ վճռականությամբ լցրեցին՝ թողնելու այդ աշխատանքը։ Դեյվիդը որոշեց իր ընտանիքի անդամներին տալ այն, ինչի կարիքը նրանք իրականում ունեին՝ իր ներկայությունը, ժամանակը և ուշադրությունը։
Աստծու խորհուրդները կիրառելը հաջողություն է բերում
Ինչպե՞ս կարող եք դիմադրել մոլորեցուցիչ պրոպագանդային, որը շատ տարածված է այս աշխարհում։ Սաղմոսերգուն ասում է, որ հաջողակ և երջանիկ անհատը նա է, որի «կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում», կամ՝ կիսաձայն կարդում (Սաղմոս 1։2)։
Երբ Աստված Հեսուին նշանակեց լինելու Իսրայել ազգի առաջնորդը, նրան հետևյալ պատվերը տվեց. «Գիշեր եւ ցերեկ [Աստծու Խոսքի] վերայ մտածես [«կիսաձայն կարդաս», ՆԱ]»։ Այո՛, Աստծու Խոսքը կարդալը և դրա շուրջ խորհրդածելը կարևոր է, սակայն Հեսուից ակնկալվում էր նաև, որ նա «պահ[եր] եւ կատար[եր] բոլոր նորա միջի գրուածի պէս»։ Ինչ խոսք, Աստվածաշունչը կարդալը ձեզ մեխանիկորեն հաջողակ չի դարձնի։ Դուք պետք է կիրառեք այն, ինչ կարդում եք։ Հեսուին նաև ասվեց. «Այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես» (Յեսու 1։8)։
Պատկերացրեք մի երեխայի, որը նստած է իր ծնողի գիրկը, և նրանք միասին կարդում են իրենց համար մի սիրելի պատմվածք։ Անկախ նրանից, թե նախկինում քանի անգամ են կարդացել այդ պատմվածքը՝ նրանց համար դա հաճելի ժամանակ է։ Նմանապես, Աստծուն սիրող անհատը Աստվածաշունչը հաճույքով է ամեն օր ընթերցում, և դա իր երկնային Հոր հետ շփվելու հաճելի ժամանակ է։ Եհովայի խորհրդին և առաջնորդությանը հետևելով՝ այդպիսի անհատը «ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։3)։
Սաղմոսերգուի կողմից նկարագրված ծառը չի աճում ինքն իրեն։ Այն խնամքով տնկվել է ջրի աղբյուրի մոտ, և այգեպանը խնամք է տանում նրա մասին։ Նմանապես, մեր երկնային Հայրը շտկում և ուղղում է մեր մտածելակերպը Գրություններում տրված խորհուրդների միջոցով։ Արդյունքում՝ մենք, այսպես ասած, «ծաղկում ենք» և աստվածահաճո պտուղներ տալիս։
Սակայն «այսպէս չեն ամբարիշտները»։ Ճիշտ է, միգուցե մեզ թվա, թե այդ մարդիկ բարգավաճում են ինչ–որ ժամանակ, սակայն ի վերջո նրանք վատ վախճան են ունենում։ Նրանք «չեն կանգնիլ դատաստանի մէջ»։ Ընդհակառակը՝ «ամբարիշտների ճանապարհը կ’կորչի» (Սաղմոս 1։4–6)։
Ուստի թույլ մի տվեք, որ աշխարհը ձևավորի ձեր նպատակներն ու արժեքները։ Գուցե դուք ունենաք լավ ունակություններ, ինչպես նաև մեծ հնարավորություն այս աշխարհում հաջողությունների հասնելու, սակայն զգույշ եղեք այն հարցում, թե ինչպես եք օգտագործում ձեր ունակությունները կամ թե որ չափով եք թույլ տալիս, որ աշխարհը օգտագործի դրանք։ Անարդյունք, նյութական ձգտումները կարող են պատճառ լինել, որ անհատը, այսպես ասած, «թառամի»։ Իսկ Աստծու հետ լավ փոխհարաբերությունները իսկական հաջողություն և երջանկություն են բերում։
Ինչպես կարող եք հաջողություն ունենալ
Ինչո՞ւ ենք ասում, որ անհատը իր արած բոլոր գործերում հաջողություն կունենա, եթե հետևի Աստծու խորհուրդներին։ Սաղմոսերգուն չէր խոսում այս աշխարհում հաջողություն ունենալու մասին։ Աստծու հաճությունն ունեցող անհատի հաջողությունը կապված է Աստծու կամքը կատարելու հետ, իսկ Աստծու կամքը կատարելը միշտ հաջողություն է բերում։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք հաջողությունների հասնել՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։
Ընտանիք. Աստվածաշունչը խրախուսում է ամուսիններին, որ «սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները», իսկ քրիստոնյա կնոջը պատվիրում է, որ «վախենայ իր մարդիցը [«խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ», ՆԱ]» (Եփեսացիս 5։28, 33)։ Ծնողներին հորդոր է տրվում ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ, ծիծաղել նրանց հետ և սովորեցնել նրանց կյանքի կարևոր բաների մասին (Բ Օրինաց 6։6, 7; Ժողովող 3։4)։ Աստծու Խոսքում նաև հետևյալ խորհուրդն է տրվում ծնողներին. «Մի բարկացնէք ձեր որդկանցը»։ Երբ ծնողները կիրառում են այս խորհուրդը, երեխայի համար ավելի հեշտ է լինում հնազանդվել նրանց ու պատվել իր հորը և մորը (Եփեսացիս 6։1–4)։ Այս խորհուրդներին հետևելով՝ մենք հաջող ընտանեկան կյանք կունենանք։
Ընկերներ. մարդկանց մեծ մասը ընկերների կարիք ունի։ Մենք օժտված ենք սիրելու և սիրվելու մտային և զգացական կարողությամբ։ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին, որ «իրար սիրէ[ն]» (Յովհաննէս 13։34, 35)։ Նրա հետևորդների մեջ մենք գտնում ենք հուսալի ընկերներ, որոնց կարող ենք սիրել ու վստահել նույնիսկ մեր ամենախոր մտքերն ու զգացմունքները (Առակաց 18։24)։ Եվ որն ամենակարևորն է, Աստվածաշնչի սկզբունքները կիրառելով՝ մենք կարող ենք «մօտե[նալ] Աստուծուն», և ինչպես Աբրահամը, նույնիսկ «Աստուծոյ բարեկամ» կոչվել (Յակոբոս 2։23; 4։8)։
Իմաստալից կյանք. այն անհատները, որոնք իսկապես հաջողություն ունեն, ապրում են իմաստալից կյանքով և իրենց օրերն աննպատակ չեն անցկացնում։ Նրանք իրենց հույսը չեն դնում իրերի այս անկայուն համակարգի վրա։ Նրանց նպատակներն իսկական և մնայուն բավարարվածություն են բերում, քանի որ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են կյանքի իրական իմաստի վրա։ Ի՞նչն է մարդու կյանքը իմաստով լցնում։ «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։
Հույս. այն բանի գիտակցությունը, որ Աստված մեր Ընկերն է, ապագայի հույս է տալիս մեզ։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին, որ «անստոյգ հարստութեան վրայ յոյսերնին չդնեն» (ԱԱ)։ Այդպես նրանք կկարողանան «իրանց անձերի համար բարի հիմ գանձե[լ] հանդերձեալի [այսինքն՝ ապագայի] համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերեն» (Ա Տիմոթէոս 6։17–19)։ Այս հավիտենական կյանքը կհաստատվի շուտով, երբ Աստծու երկնային Թագավորությունը երկրի վրա վերականգնի Դրախտը (Ղուկաս 23։43)։
Ճիշտ է, աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ դուք չեք ազատվի խնդիրներից, բայց կխուսափեք այն տառապանքներից և վշտից, որ իրենց վրա բերում են ամբարիշտները։ Դեյվիդը, որի մասին արդեն խոսվեց, ինչպես նաև միլիոնավոր ուրիշ անհատներ սեփական փորձով են համոզվել, որ աստվածաշնչյան սկզբունքները կյանքում կիրառելը արժեքավոր է։ Դեյվիդը հարմար գրաֆիկով աշխատանք գտնելուց հետո այսպիսի խոսքեր ասաց. «Ես ուրախ եմ, որ մտերիմ հարաբերություններ ունեմ կնոջս և երեխաներիս հետ, ինչպես նաև առանձնաշնորհում ունեմ ծառայելու Եհովա Աստծուն որպես ժողովի երեց»։ Զարմանալի չէ, որ սաղմոսերգուն Աստծու խորհրդին հետևող անհատի մասին ասում է. «Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։
[Աղյուսակ 6–րդ էջի վրա]
ՀԻՆԳ ՔԱՅԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1 Թույլ մի տվեք, որ աշխարհը ձևավորի ձեր արժեքները։
2 Ամեն օր կարդացեք Աստծու Խոսքը և խորհրդածեք դրա շուրջ։
3 Կիրառեք Աստվածաշնչի խորհուրդները։
4 Դարձեք Աստծու ընկերը։
5 Վախեցեք ճշմարիտ Աստծուց և պահեք նրա պատվիրանները։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Կատարո՞ւմ եք հաջողության հասնելու քայլերը