Հաջողություն. ինչո՞վ կարելի է չափել այն
ՋԵՍԻ Լիվերմորը, որին ոմանք համարում էին Ուոլ սթրիթի բոլոր ժամանակների ամենահաջողակ բորսային միջնորդը, հայտնի էր նրանով, որ իմաստուն որոշումներ էր կայացնում բիզնեսի հետ կապված հարցերում։ Նա մեծ հարստություն էր կուտակել։ Լիվերմորը կրում էր անհատական պատվերով կարված ամենալավ կոստյումները, ապրում էր 29 սենյականոց մի առանձնատանը և ուներ սև «Ռոլս Ռոյս» և անձնական վարորդ։
Դեյվիդa անունով մի մարդ նույնպես հնարավորություն ուներ այդպիսի հաջողությունների հասնելու։ Լինելով նախագծային մի ընկերության փոխնախագահը և կառավարիչը՝ նա կարող էր դառնալ այդ ընկերության մասնաճյուղերից մեկի նախագահը։ Հարստությունն ու հեղինակությունը հրապուրում էին նրան։ Սակայն Դեյվիդը մի որոշում կայացրեց, որի արդյունքում հրաժարվեց այդ աշխատանքից։ «Ես գիտեմ, որ այլևս երբեք չեմ ունենա այդպիսի խոստումնալից կարիերա»,— ասաց Դեյվիդը։ Կարծում եք՝ նա սխա՞լ վարվեց։
Շատերը կարծում են, որ հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է ձեռք բերել հարստություն, համբավ և պաշտոն։ Սակայն այն մարդիկ, ովքեր նյութապես բարգավաճում են, այնուամենայնիվ, գուցե ներքին դատարկություն զգան և չգտնեն կյանքի իրական իմաստը։ Ակներևաբար, այդպիսին էր Լիվերմորի պարագան։ Չնայած որ նա հարուստ էր, սակայն նրա կյանքը լի էր վշտերով, ողբերգություններով և ցավերով։ Նա տառապում էր դեպրեսիայով, անհաջող ամուսնություններ էր ունեցել և վատ հարաբերություններ ուներ իր որդիների հետ։ Իր ունեցվածքի մեծ մասը կորցնելուց հետո մի օր Լիվերմորը, մի շքեղ հյուրանոցի բարում նստած, ողբում էր իր կորուստները։ Նա կոկտեյլ պատվիրեց, հանեց նշումների իր կաշեկազմ տետրը և հրաժեշտի խոսքեր գրեց կնոջը։ Կոկտեյլն ըմպելուց հետո նա մտավ աղոտ լուսավորված պահասենյակը և ինքնասպան եղավ։
Թեև ինքնասպանություն գործելու պատճառները կարող են տարբեր լինել, սակայն այս դեպքը փաստում է Աստվածաշնչի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Նորանք որ կամենում են հարստանալ.... իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։
Արդյոք սխա՞լ է հաջողությունը չափել անհատի ունեցած հարստությամբ, պաշտոնով և դիրքով։ Դուք ձեզ հաջողակ համարո՞ւմ եք։ Ինչո՞ւ եք այդպես կարծում։ Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում։ Ի՞նչն է ձևավորում հաջողություն ունենալու վերաբերյալ ձեր տեսակետը։ Հաջորդ հոդվածում կխոսվի վստահելի մի խորհրդի մասին, որն օգնել է միլիոնավոր մարդկանց հաջողության հասնել։ Եկեք տեսնենք, թե դո՛ւք ինչպես կարող եք հաջողություն ունենալ։
[ծանոթագրություն]
a Անունը փոխված է։