Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 9/1 էջ 3–5
  • Օգուտ կա՞ կրոնից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգուտ կա՞ կրոնից
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ են շատերը երես թեքում կրոնից
  • Կրոնը՝ չար նպատակներով
  • «Ինձ ի՞նչ»
  • Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Նշանակություն ունի՞ թե որ կրոնը դուք կընտրեք
    2007 Դիտարան
  • Կեղծ կրոնները վարկաբեկում են Աստծուն. ինչպե՞ս
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
2006 Դիտարան
w06 9/1 էջ 3–5

Օգուտ կա՞ կրոնից

«ԼԱՎ մարդ լինելու համար պարտադիր չէ կրոնասեր լինել»։ Շատերն են այդպես մտածում։ Բազմաթիվ կարեկից, ազնիվ, վստահարժան անձնավորություններ չեն ցանկանում գործ ունենալ կրոնի հետ։ Օրինակ՝ Արևմտյան Եվրոպայում քչերն են եկեղեցի հաճախում, այն դեպքում երբ մարդկանց մեծամասնությունն ասում է, թե հավատում է Աստծուն։a Նույնիսկ Լատինական Ամերիկայում կաթոլիկներից միայն 15–20 տոկոսն է կանոնավորաբար գնում եկեղեցի։

Ինչպես շատերը, թերևս դուք նույնպես կարծում եք, որ կրոնը ոչ մի առնչություն չունի մարդու կենսամակարդակի բարձրացման հետ։ Բայց երևի հիշում եք, որ տասնամյակներ առաջ՝ ձեր պապերի և տատերի ժամանակներում, մարդկանց մեծ մասը շատ ավելի կրոնասեր էր, քան այսօր։ Ինչպե՞ս կրոնը կորցրեց իր ամենազոր հմայքը։ Եթե անհատը կրոնասեր չէ, կարո՞ղ է նա լավ մարդ լինել։ Կա՞ այնպիսի կրոն, որը օգուտ կտա ձեզ։

Ինչո՞ւ են շատերը երես թեքում կրոնից

Դարեր շարունակ քրիստոնեական աշխարհում գրեթե բոլորը հավատում էին, որ Աստված հնազանդություն է պահանջում։ Աստծու բարեհաճությունը շահելու նպատակով նրանք գնում էին եկեղեցի, որտեղ մասնակցում էին քահանայի կողմից արվող ծեսերին կամ էլ առաջնորդություն էին ստանում քարոզչից։ Ինչ խոսք, շատերը գիտեին կրոնում տիրող կեղծավորության մասին։ Գաղտնիք չէր, թե եկեղեցիները ինչ դեր էին խաղում պատերազմներում, և թե ինչ աստիճանի այլասերված էին հոգևորականները։ Բայցևայնպես, մարդիկ մեծամասամբ այն կարծիքին էին, որ կրոնը ինքնին լավ բան է։ Ոմանց դուր էր գալիս նրանում եղող խորհրդավորությունը, ավանդությունները և կրոնական երաժշտությունը։ Նույնիսկ կային մարդիկ, ովքեր դրական բան էին տեսնում կրակե դժոխքն ընկնելու սպառնալիքի մեջ, մի ուսմունք, որը աստվածաշնչային հիմք չունի։ Սակայն հետագայում տեղի ունեցան որոշ զարգացումներ, որոնք փոխեցին մարդկանց վերաբերմունքը կրոնի հանդեպ։

Էվոլյուցիոն տեսությունը սկսեց տարածվել։ Ոմանք համոզված էին, որ կյանքն առաջացել է պատահականորեն և ոչ թե Աստծուց։ Գրեթե ոչ մի կրոն չներկայացրեց համոզիչ ապացույցներ, որ Աստված է կյանքի Աղբյուրը (Սաղմոս 36։9)։ Բացի այդ, քանի որ տեխնիկայի զարգացմանը զուգընթաց արմատական փոփոխություններ տեղի ունեցան բժշկության, տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, մարդիկ սկսեցին կարծել, թե ցանկացած պրոբլեմ կարելի է լուծել գիտության միջոցով։ Նաև, թվում էր, թե սոցիոլոգներն ու հոգեբանները ավելի լավ առաջնորդություն են տալիս, քան եկեղեցիները։ Եկեղեցիներն էլ անկարող եղան հստակորեն ապացուցելու, որ Աստծու օրենքներով ապրելը կյանքի լավագույն ձևն է (Յակոբոս 1։25)։

Այս բոլոր իրադարձությունների ֆոնի վրա շատ կրոններ փոխեցին իրենց պատգամը։ Քահանաներն ու քարոզիչները դադարեցին ուսուցանել, որ Աստված հնազանդություն է պահանջում։ Փոխարենը՝ սկսեցին սովորեցնել, որ յուրաքանչյուր անհատ ինքը պետք է որոշի, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Ջանալով ժողովրդականություն ձեռք բերել՝ որոշ կրոնական առաջնորդներ պնդեցին, թե Աստված ընդունում է մարդուն՝ անկախ նրա ապրելակերպից։ Նման գաղափարները մեզ հիշեցնում են Աստվածաշնչի այն խոսքերը, որ գրվել են դարեր առաջ. «Կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն» (Բ Տիմոթէոս 4։3, ԱՆԹ)։

Գրավելու փոխարեն՝ նման տեսակետները վանեցին մարդկանց։ Վերջիններիս մեջ միանգամայն հիմնավոր հարցեր առաջացան. «Եթե եկեղեցիները կասկածում են, որ Աստված ունի զորություն արարելու և իմաստություն՝ օրենքներ ստեղծելու, ապա ինչպե՞ս կարող է եկեղեցի հաճախելն օգտակար լինել ինձ համար։ Ինչո՞ւ իզուր ջանքեր թափեմ, որ երեխաներիս հոգևոր դաստիարակություն տամ»։ Այն անհատները, ովքեր ջանում էին բարեպաշտ կյանք վարել, սկսեցին հասկանալ, որ եկեղեցի հաճախելն անիմաստ է։ Նրանք հեռացան եկեղեցուց, և կրոնը դադարեց որևէ արժեք ունենալ իրենց համար։ Ինչպե՞ս եղավ, որ այն, ինչ պետք է օգտակար լիներ, դարձավ անօգուտ։ Աստվածաշունչը սպառիչ պատասխան է տալիս այս հարցին։

Կրոնը՝ չար նպատակներով

Պողոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին զգուշացրեց, որ կլինեն մարդիկ, ովքեր քրիստոնեությունը չար նպատակներով կօգտագործեն։ Նա ասաց. «Յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։ Եւ հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն» (Գործք 20։29, 30)։ Այդպիսի «ծուռ բաներ» խոսողներից մեկը կաթոլիկ աստվածաբան Օգոստինոսն էր։ Հիսուսն իր հետևորդներին սովորեցրել էր, որ մարդկանց կարելի է համոզել՝ Գրությունների հիման վրա տրամաբանելով։ Այնինչ, Օգոստինոսը ծռեց Հիսուսի «ստիպիր որ մտնեն» խոսքերը, որ գրված են Ղուկաս 14։23–ում, և ասաց, որ դրանց իմաստը հետևյալն է. մարդկանց հավատափոխ անելու գործում ուժի դիմելը միանգամայն օրինավոր է (Ղուկաս 14։23; Մատթէոս 28։19, 20; Գործք 28։23, 24)։ Օգոստինոսը կրոնն օգտագործեց մարդկանց վերահսկելու նպատակով։

Պատճառը, որ կրոնը «պղծվել» է և չի ծառայում իր նպատակին, ապստամբ հրեշտակն է՝ Սատանան։ Առաջին դարի կրոնասեր մարդկանց նա դրդեց, որ ապականեն քրիստոնեական ժողովները։ Նրանց մասին Աստվածաշունչն ասում է. «Այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։ Եւ զարմանալի էլ չէ. որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։ Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման» (Բ Կորնթացիս 11։13–15)։

Սատանան մինչև օրս կրոնն օգտագործում է այն նպատակով, որ մարդիկ ապրեն ի՛ր սկզբունքներով և ոչ Աստծու, կրոն, որը ձևացնում է, թե հետևում է Քրիստոսին, ունի բարձր բարոյական չափանիշներ և լուսավորիչ դեր է խաղում հասարակության մեջ (Ղուկաս 4։5–7)։ Թերևս նկատել եք, որ այսօր շատ հոգևորականներ կրոնական բարձրահնչուն տիտղոսներ են օգտագործում՝ իրենց անձը բարձրացնելու, ինչպես նաև իրենց թեմերի անդամներից դրամ ստանալու նպատակով։ Իսկ պետական գործիչները կրոնի միջոցով իրենց երկրի քաղաքացիներին համոզում են սեփական անձը զոհել պատերազմներում։

Բանսարկուն կրոնը ի չարս է գործադրել շատ ավելի մեծ մասշտաբներով, քան մարդկանց մեծ մասը կարծում է։ Գուցե մտածեք, թե միայն մի քանի կրոնական մոլեռանդներ են ծառայում Սատանայի շահերին։ Սակայն համաձայն Աստվածաշնչի՝ նա, որ «Բանսարկու եւ սատանայ է կոչվում», մոլորեցնում է «բովանդակ աշխարհքը»։ Սուրբ Գրություններում նաև ասվում է. «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Յայտնութիւն 12։9; Ա Յովհաննէս 5։19)։ Ինչպիսի՞ն է Աստծու վերաբերմունքն այն կրոնի նկատմամբ, որ քաղաքական կամ կրոնական առաջնորդներն օգտագործում են՝ մարդկանց իրենց հետևից տանելու նպատակով։

«Ինձ ի՞նչ»

Եթե ձեզ ապշեցնում է քրիստոնեական աշխարհի որոշ եկեղեցիների վարքագիծը, վստահ եղեք, որ Ամենակարող Աստված մեծապես խորշում է նրանց արարքներից։ Քրիստոնեական աշխարհը պնդում է, թե համաձայնագիր է կնքել Աստծու հետ։ Հին իսրայելացիներն էլ էին դա պնդում։ Սակայն թե՛ իսրայելացիները և թե՛ քրիստոնեական աշխարհը անհավատարիմ գտնվեցին։ Անցյալում Եհովան մերկացրեց Իսրայել ազգի հանցանքները, հետևաբար նա քրիստոնեական աշխարհի հետ այսօր նույն ձևով է վարվում։ Աստված ասաց. «Ուշ չ’դարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։ Ի՞նչու [«Ինձ ի՞նչ, որ», New International Version] Սաբայից կնդրուկ գայ ինձ համար.... ձեր.... զոհերը ինձ հաճելի չեն» (Երեմիա 6։19, 20)։ Աստված չի ընդունում կեղծավոր մարդկանց ժամերգությունները։ Նրան չեն հետաքրքրում նրանց ծեսերն ու աղոթքները։ Նա Իսրայել ազգին ասաց. «Ձեր.... տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։ Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում» (Եսայիա 1։14, 15)։

Եհովային հաճելի՞ են այն տոները, որ եկեղեցիները ներկայացնում են որպես քրիստոնեական, բայց որոնք սկզբնապես կատարվել են ի պատիվ կեղծ աստվածների։ Լսո՞ւմ է նա աղոթքները հոգևորականների, որոնք խարդախում են Քրիստոսի ուսմունքները։ Ընդունո՞ւմ է Աստված այն կրոնները, որոնք մերժում են իր օրենքները։ Դուք կարող եք վստահ լինել, որ նա այսօր եկեղեցական արարողություններին վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես որ վերաբերվում էր հին ժամանակներում իսրայելացիների մատուցած զոհաբերություններին, որոնց առնչությամբ ասաց. «Ինձ ի՞նչ»։

Սակայն Եհովային խորապես հետաքրքրում է այն երկրպագությունը, որը ճշմարտությամբ մատուցվում է անկեղծ մարդկանց կողմից։ Աստծուն հաճելի է, երբ մարդիկ երախտագիտություն են արտահայտում այն բոլոր բաների համար, որ ստանում են իրենից (Մաղաքիա 3։16, 17)։ Եվ այսպես, կարո՞ղ եք լավ մարդ լինել՝ առանց Աստծուն երկրպագելու։ Այն անհատը, ով ոչինչ չի անում իրեն սիրող ծնողների համար, դժվար թե համարվի լավ մարդ, թեպետև ինքը գուցե հակառակը մտածի, այդպես չէ՞։ Իսկ կարո՞ղ է անհատը, որ ոչինչ չի անում Աստծու համար, լավ մարդ լինել։ Գալիս ենք տրամաբանական եզրակացության, որ պետք է ակտիվորեն հետաքրքրված լինենք ճշմարիտ Աստծով, որից ծագել է կյանքը։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, որ ճշմարիտ երկրպագությունը ոչ միայն պատվում է Աստծուն, այլև օգտակար է ձեզ համար։

[ծանոթագրություն]

a «1960–ական թվականներին.... շատ երկրներում սկսվեց կրոնի՝ որպես համակարգի, փլուզումը» («Decline of Christendom in Western Europe, 1750–2000»)։

[նկար 4-րդ էջի վրա]

Եկեղեցիները շեշտո՞ւմ են, որ Աստված է ստեղծել ամեն ինչ

[նկար 4-րդ և 5-րդ էջերի վրա]

Մի՞թե պատշաճ է, որ Աստծու ներկայացուցիչը գտնվի այստեղ

[նկար 5-րդ էջի վրա]

Ինչպե՞ս է Աստված վերաբերվում այսպիսի տոնակատարությանը

[թույլտվությամբ]

AP Photo/Georgy Abdaladze

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը