Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 11/1 էջ 4–7
  • Ո՞վ կարող է իսկապես փոխել աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ կարող է իսկապես փոխել աշխարհը
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ջանքեր, որոնք փոփոխություն են բերել
  • Խոչընդոտներ՝ աշխարհը փոխելու ճանապարհին
  • Ինչո՞ւ Աստված թույլ տվեց
  • Հիսուս Քրիստոսը արմատապես կփոխի աշխարհը
  • «Մի՛ մոռացէք բարեգործութիւնը»
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հիսուսին ընդօրինակելով՝ հոգատար լինենք աղքատների հանդեպ
    2006 Դիտարան
  • Բարի լուր աղքատների համար
    2011 Դիտարան
  • Մոտ է աղքատությունից զերծ աշխարհը
    2005 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 11/1 էջ 4–7

Ո՞վ կարող է իսկապես փոխել աշխարհը

«Աղքատ մարդիկ ասում են, որ ամեն բանից առավել ցանկանում են ապրել խաղաղ ու ապահով աշխարհում և ապա բարելավել իրենց կյանքը։ Նրանք ցանկանում են, որ թե՛ իրենց երկրում և թե՛ ամբողջ աշխարհում արդար համակարգեր հաստատվեն, որպեսզի իրենց գործադրած ջանքերը չխափանվեն գերիշխող ու հարուստ երկրների, ինչպես նաև հարուստ կազմակերպությունների ձեռքով»։

ԱՀԱ այսպես նկարագրեց աղքատ մարդկանց իղձերն ու հույսերը օգնություն ցույց տվող միջազգային մի գործակալության տնօրեն։ Նրա խոսքերը ճշգրտորեն արտահայտում են աշխարհում տեղի ունեցած ողբերգությունների, ինչպես նաև անարդար վերաբերմունքի պատճառով զրկանքներ կրած բոլոր մարդկանց ցանկությունները։ Նրանք բոլորը երազում են տեսնել մի աշխարհ, որը լի է իսկական խաղաղությամբ և ապահովությամբ։ Երբևէ կհաստատվի՞ այդպիսի աշխարհ։ Ո՞վ ունի իշխանություն ու կարողություն փոխելու աշխարհը, որը թաղված է անարդարության մեջ։

Ջանքեր, որոնք փոփոխություն են բերել

Շատերն են փորձել բարելավել մարդկանց կյանքը։ Օրինակ՝ Ֆլորենս Նայթինգեյլը՝ մի անգլուհի, որն ապրել է 19–րդ դարում, իր կյանքը նվիրեց հիվանդներին կարեկցությամբ ու մաքուր ձևով բուժօգնություն ցույց տալու գործին։ Նրա օրերում չկային հականեխիչ ու հակաբիոտիկ դեղանյութեր, և բուժքույրերի մատուցած ծառայությունն այնպիսին չէր, ինչպիսին այսօր է։ Ինչպես ասվում է մի գրքում, «բուժքույրերն անկիրթ էին ու փնթի, հայտնի էին իրենց անառակ վարքով ու հարբեցողությամբ»։ Հաջողվե՞ց արդյոք Ֆլորենս Նայթինգեյլին փոփոխություն մտցնել բուժքույրական բնագավառում։ Այո՛։ Նրա պես հոգատար ու անշահախնդիր շատ մարդիկ զգալի հաջողությունների են հասել գրագիտության, կրթության, բժշկության բնագավառներում, բնակարանային ապահովման և սննդի մատակարարման հարցում։ Արդյունքում՝ զգալիորեն բարձրացել է անբարենպաստ պայմաններում ապրող միլիոնավոր մարդկանց կյանքի մակարդակը։

Այնուամենայնիվ, չենք կարող աչք փակել դաժան իրականության վրա. դեռևս հարյուր միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի, ոճրագործության, հիվանդության, սովի և ողբերգական դեպքերի պատճառով։ Օգնություն ցույց տվող իռլանդական մի գործակալության տվյալների համաձայն՝ «աղքատությունը ամեն օր 30 000 մարդու կյանք է խլում»։ Նույնիսկ ստրկությունը, որի դեմ անցած դարերին պայքարում էին բազմաթիվ բարեփոխիչներ, խիստ տարածված է այսօր։ Մի աշխատության մեջ ասվում է. «Այսօր աշխարհում ստրուկներն ավելի շատ են, քան անդրատլանտյան ստրկավաճառության ժամանակ Աֆրիկայից գողացված բոլոր մարդիկ՝ միասին վերցրած» («Disposable People​—New Slavery in the Global Economy»)։

Ի՞նչն է մարդկանց խանգարում արմատապես ու մեկընդմիշտ փոխել աշխարհը։ Միայն հարստություն ու զորություն ունեցողների ճնշող իշխանությո՞ւնը, թե՞ որևէ բան ևս։

Խոչընդոտներ՝ աշխարհը փոխելու ճանապարհին

Աստծու Խոսքի համաձայն՝ արդար աշխարհ հաստատելու մարդկանց ցանկացած ջանքերին գլխավորապես խոչընդոտում է Բանսարկու Սատանան։ Հովհաննես առաքյալն ասում է, որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում [«Չարի իշխանության տակ է», ՆԱ]» (Ա Յովհաննէս 5։19)։ Իրոք, Սատանան այսօր ‘բովանդակ աշխարհը մոլորեցնում է’ (Յայտնութիւն 12։9)։ Մինչև նրա վնասակար ազդեցությունը չվերանա, մարդիկ շարունակ վնասներ են կրելու անարդարությունից ու չարությունից։ Ինչո՞ւ մարդիկ հայտնվեցին այս տխուր իրավիճակում։

Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, պարգև ստացան՝ ապրել երկրի վրա հաստատված չքնաղ դրախտային տանը, որը նախատեսված էր ողջ մարդկային ընտանիքի համար։ Դա մի «շատ բարի» աշխարհ էր (Ծննդոց 1։31)։ Ինչո՞ւ այդ աշխարհը փոխվեց։ Պատճառը Սատանան էր։ Նա հարցականի տակ դրեց մարդկանց համար օրենքներ սահմանելու Աստծու իրավունքը։ Սատանան ակնարկեց, թե Աստված արդարությամբ չի իշխում։ Նա Ադամին ու Եվային դրդեց ընտրելու անկախության ուղին, այսինքն՝ ինքնուրույն որոշելու, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ (Ծննդոց 3։1–6)։ Արդյունքում առաջ եկավ արդար աշխարհ ստեղծելու երկրորդ խոչընդոտը՝ մեղքն ու անկատարությունը (Հռովմայեցիս 5։12)։

Ինչո՞ւ Աստված թույլ տվեց

Սակայն ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ առաջ գան մեղքն ու անկատարությունը»։ «Ինչո՞ւ նա իր անսահման զորությամբ ապստամբներին չոչնչացրեց և ամեն բան նորից չսկսեց»։ Թվում է, թե դա խնդրի հեշտ լուծումը կլիներ։ Սակայն զորություն գործադրելը սովորաբար լուրջ հարցեր է առաջ բերում։ Մի՞թե ողջ աշխարհի աղքատ ու ճնշված մարդկանց դժգոհության գլխավոր պատճառներից մեկը իշխանության չարաշահումը չէ։ Արդյոք ազնվասիրտ մարդկանց մեջ հարցեր չե՞ն առաջանում, երբ որևէ բռնակալ, գործադրելով իր զորությունը, ոչնչացնում է ցանկացած մարդու, ով համամիտ չէ նրա վարած քաղաքականության հետ։

Աստված Սատանային ու ըմբոստ մարդկանց թույլ տվեց իր օրենքներից ու սկզբունքներից անկախ ապրել սահմանափակ ժամանակով միայն, որպեսզի անկեղծ մարդկանց հավաստիացնի, որ ինքը իշխանությունը չարաշահող բռնակալ չէ։ Ժամանակը պետք է փաստեր, որ միայն Աստծու կառավարումն է ճիշտ։ Այն պետք է ցույց տար, որ Աստծու կողմից դրված ցանկացած սահմանափակում մեր օգտի համար է։ Դրա ճշմարտացի լինելը արդեն իսկ փաստել են Աստծու կառավարման դեմ բարձրացված ըմբոստության ողբալի հետևանքները։ Իսկ այդ հետևանքները ցույց են տալիս, որ Աստված հիմնավոր պատճառ ունի իր սահմանած ժամանակին գործադրելու իր մեծ զորությունը՝ ողջ չարությունը վերացնելու համար։ Իսկ այդ օրը շատ մոտ է (Ծննդոց 18։23–32; Բ Օրինաց 32։4; Սաղմոս 37։9, 10, 38)։

Մինչ Աստծու գործի անցնելը, մենք գտնվում ենք այս անարդար համակարգի ճիրաններում ու ‘միասին հառաչում ենք և ցավի մեջ ենք’ (Հռովմայեցիս 8։22)։ Որքան էլ փորձենք փոխել իրավիճակները, միևնույն է, չենք կարող ամբողջապես ազատվել Սատանայից, ինչպես նաև արմատախիլ անել անկատարությունը, որի պատճառով զանազան տառապանքներ ենք կրում։ Ադամից ժառանգած մեղքի հետևանքները վերացնելը պարզապես մեր ուժերից վեր է (Սաղմոս 49։7–9, ԱԱ)։

Հիսուս Քրիստոսը արմատապես կփոխի աշխարհը

Այս ամենը նշանակո՞ւմ է արդյոք, որ դրությունը բոլորովին անհուսալի է։ Ո՛չ։ Մահկանացու մարդուց շատ ավելի զորավոր մի անձնավորություն ստացել է հանձնարարություն մշտապես փոխելու աշխարհը։ Ո՞վ է նա։ Հիսուս Քրիստոսը։ Աստվածաշունչը նրա մասին խոսում է որպես Աստծու կողմից նշանակված Առաջնորդի, որը փրկելու է մարդկային ընտանիքը (Գործք 5։31)։

Այժմ նա սպասում է Աստծու սահմանած ‘ժամանակին’, որպեսզի գործի անցնի (Յայտնութիւն 11։18)։ Իսկ ի՞նչ է նա անելու։ Հիսուսը «ամեն ինչ կվերանորոգ[ի] այնպես, ինչպես Աստված սկզբից հայտնել է իր սուրբ մարգարեների բերանով» (Գործք 3։21, ԱՆԹ)։ Օրինակ՝ նա «կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ .... Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը» (Սաղմոս 72։12–16)։ Աստված խոստանում է Հիսուս Քրիստոսի միջոցով «դադարեցն[ել] պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ Նա խոստանում է, որ մաքրված երկրի «բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ»։ Կույրերը, խուլերը, կաղերը՝ բոլոր նրանք, ովքեր տկար են և տառապում են զանազան հիվանդություններից, կատարյալ առողջություն կունենան (Եսայիա 33։24; 35։5, 6; Յայտնութիւն 21։3, 4)։ Նույնիսկ մահացածներն են օգուտներ ստանալու։ Աստված խոստանում է կյանքի ետ բերել նրանց, ովքեր անարդարության ու կեղեքման զոհն են դարձել (Յովհաննէս 5։28, 29)։

Հիսուս Քրիստոսը աշխարհը չի փոխելու մասամբ ու ժամանակավորապես։ Նա ամբողջապես վերացնելու է բոլոր արգելքները, որ խոչընդոտում են իսկական արդար աշխարհ ստեղծելուն։ Նա ջնջելու է մեղքն ու անկատարությունը և կործանելու է Բանսարկու Սատանային և բոլոր նրանց, ովքեր հետևում են նրա ըմբոստ ընթացքին (Յայտնութիւն 19։19, 20; 20։1–3, 10)։ Դժբախտությունն ու տառապանքը, որոնց գոյությունը Աստված ժամանակավորապես թույլ է տվել, «երկու անգամ վեր չի կենալ» (Նաում 1։9)։ Հենց դա ի նկատի ուներ Հիսուսը, երբ սովորեցրեց աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը և Աստծու կամքը լինի «ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։

Սակայն գուցե դուք առարկեք՝ ասելով. «Բայց չէ՞ որ Հիսուսն ինքը ասաց, թե աղքատները միշտ մեզ հետ կլինեն։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ անարդարությունն ու աղքատությունը միշտ էլ գոյություն են ունենալու» (Մատթէոս 26։11)։ Ճիշտ է, Հիսուսն ասել է, որ աղքատներ միշտ կլինեն։ Սակայն նրա խոսքերի համատեքստը, ինչպես նաև Աստվածաշնչի խոստումները ցույց են տալիս, որ նա նկատի ուներ այն, որ աղքատ մարդիկ միշտ կլինեն, քանի դեռ այս համակարգը գոյություն ունի։ Նա գիտեր, որ ոչ մի մարդ երբևէ չի կարողանա աշխարհից վերացնել աղքատությունն ու անարդարությունը։ Հիսուսը նաև գիտեր, որ այդ ամենին ի՛նքն է վերջ դնելու։ Շուտով նա հաստատելու է բոլորովին նոր համակարգ՝ ‘նոր երկինք և նոր երկիր’, որոնցում այլևս չեն լինի ցավը, հիվանդությունները, աղքատությունն ու մահը (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 21։1)։

«Մի՛ մոռացէք բարեգործութիւնը»

Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ անիմաստ է ուժերի ներածին չափով մարդկանց օգնելը։ Բոլորովի՛ն։ Աստվածաշունչը մեզ հորդորում է օգնել մարդկանց, երբ նրանք դժվար ու ծանր իրավիճակներում են հայտնվում։ Անցյալում ապրած Սողոմոն թագավորը գրեց. «Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու» (Առակաց 3։27)։ Իսկ Պողոս առաքյալն այսպիսի խրախուսական խոսքեր ասաց. «Մի՛ մոռացէք բարեգործութիւնը և ձեր ունեցած բարիքներին միմեանց մասնակից դարձնելը» (Եբրայեցիս 13։16, ԷԹ)։

Ինքը Հիսուս Քրիստոսը մեզ հորդորեց օգնել ուրիշներին մեր ուժերի ներածին չափով։ Նա բերեց պատկերավոր օրինակ մի սամարացու մասին, որը ճանապարհին տեսավ ծեծված ու կողոպտված մի մարդու։ Հիսուսը պատմեց, որ սամարացին «գթաց» նրան և դա մղեց իրեն, որ իր ձեռքի տակ եղած միջոցներն օգտագործելով, կապի նրա վերքերն ու օգնի նրան ապաքինվել (Ղուկաս 10։29–37)։ Այդ կարեկից սամարացին չփոխեց աշխարհը, սակայն նրա արարքը մեծապես անդրադարձավ այդ մարդու կյանքի վրա։ Մենք էլ կարող ենք նույնը անել։

Սակայն Հիսուս Քրիստոսը առանձին անհատներին օգնություն ցույց տալուց ավելին կարող է անել։ Նա կարող է իսկապես փոխել աշխարհը և շատ շուտով գործի կանցնի։ Այդ ժամանակ այսօր տիրող անարդարության պատճառով զրկանքներ կրած մարդիկ կկարողանան բարելավել իրենց կյանքը և իսկական խաղաղություն ու անվտանգություն վայելել (Սաղմոս 4։8; 37։10, 11)։

Մինչ սպասում ենք այդ ամենի իրականացմանը, եկեք երբեք չվարանենք անել այն, ինչ կարող ենք թե՛ հոգևոր և թե՛ նյութական առումով, որպեսզի «բարի գործենք» բոլոր նրանց հանդեպ, ովքեր անարդար աշխարհի զոհն են դարձել (Գաղատացիս 6։10)։

[նկարներ 5–րդ էջի վրա]

Ֆլորենս Նայթինգեյլը նշանակալից փոփոխություններ կատարեց բուժքույրական բնագավառում

[թույլտվությամբ]

Courtesy National Library of Medicine

[նկարներ 7–րդ էջի վրա]

Քրիստոսի հետևորդները բարին են գործում մյուսների հանդեպ

[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]

The Star, Johannesburg, S.A.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը