Անարդար աշխարհ
ՀԱՄԱՁԱ՞ՅՆ եք, որ մենք ապրում ենք անարդար աշխարհում։ Կասկած չկա, որ՝ այո՛։ Փաստն այն է, որ որքան էլ տաղանդավոր լինենք, որքան էլ իմաստուն կերպով պլանավորենք մեր կյանքը, չունենք երաշխիք, որ բարեկեցիկ կյանքով կապրենք, հաջողության կհասնենք և նույնիսկ սննդով ապահովված կլինենք։ Հաճախ տեղի է ունենում այն, ինչ իմաստուն Սողոմոն թագավորը վաղուց ասել է. «Հացը՝ իմաստուններինը [չէ], եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը»։ Ինչո՞ւ։ Որովհետև, ինչպես Սողոմոնն ավելացնում է, «ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժողովող 9։11)։
‘Երբ չար ժամանակը հանկարծ գալիս է’
‘Ժամանակը և դիպվածը’, այսինքն՝ հաճախ այն, որ ոչ ճիշտ ժամանակին հայտնվում ենք ոչ ճիշտ տեղում, շատ անգամ ձախողում են լավ կազմած մեր պլանները և խորտակում մեր փայփայած հույսերը։ Սողոմոնի խոսքերի համաձայն՝ մարդիկ «ինչպէս ձուկերը չար ուռկանով կը բռնուին եւ [ինչպես] թռչունները ծուղակի մէջ կը բռնուին, .... երբ չար ժամանակը յանկարծ .... գայ» (Ժողովող 9։12, ԱԱ)։ Օրինակ՝ միլիոնավոր մարդիկ անխոնջ կերպով մշակում են հողը՝ իրենց ընտանիքի համար հաց վաստակելու համար, սակայն երբ անձրև չի գալիս, և երաշտը ոչնչացնում է իրենց բերքը, անսպասելիորեն վրա է հասնում «չար ժամանակը»։
Կան մարդիկ, որ ձգտում են օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ‘չար ժամանակի’ զոհն են դարձել։ Սակայն հասարակության կողմից տրվող այդպիսի օգնությունը հաճախ արդար կերպով չի բաշխվում։ Օրինակ՝ օգնություն ցույց տվող մի հայտնի գործակալության տեղեկատվության համաձայն՝ մի քանի տարի առաջ սովի դեմ պայքարելու նպատակով «ամբողջ [Աֆրիկա] մայրցամաքը օգնություն ստացավ, որը կազմում էր Պարսից ծոցի պատերազմի համար հատկացված դրամի միայն մեկ հինգերորդը»։ Արդա՞ր էր արդյոք այն, որ հարուստ երկրները հինգ անգամ ավելի շատ դրամ ծախսեցին մեկ երկրում պատերազմ վարելու համար, քան ծախսեցին մի ամբողջ մայրցամաքի բնակիչների ցավն ու տառապանքը թեթևացնելու համար, որ բերում է սովը։ Իսկ արդա՞ր է այն, որ շատերը նյութապես բարգավաճում են, այն դեպքում, երբ երկրագնդի բնակիչների չորսից մեկը դեռևս գտնվում է ծայրաստիճան աղքատության մեջ, կամ որ տարեկան միլիոնավոր երեխաներ են մահանում այնպիսի հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել։ Իհարկե արդար չէ։
Ինչ խոսք, ‘ժամանակի ու դիպվածի’ պատճառով չէ միայն, որ ‘չար ժամանակը հանկարծ գալիս’ է։ Սարսափելի ոճրագործությունները, որոնք մենք ի զորու չենք կասեցնել, նույնպես ազդեցություն ունեն աշխարհի, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչ կպատահի մեզ։ Դա է փաստում Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքում 2004 թ. աշնանը տեղի ունեցած ողբերգությունը։ Հարյուրավոր մարդիկ սպանվեցին ահաբեկիչների և անվտանգության ուժերի դաժան հակամարտության ժամանակ։ Զոհերի թվում հիմնականում փոքր երեխաներ էին, որոնք առաջին անգամ էին ոտք դնում դպրոց։ Ճիշտ է, այն, թե ովքեր զոհվեցին և ովքեր փրկվեցին այդ ողբերգության ժամանակ, մեծ մասամբ պատահականություն էր։ Սակայն «չար ժամանակը» եկավ գլխավորապես մարդկանց միջև եղած հակամարտության պատճառով։
Մի՞շտ է այդպես լինելու
Երբ խոսվում է անարդարության մասին, ոմանք ասում են. «Կյանքն է այդպիսին։ Միշտ այդպես է եղել և միշտ այդպես էլ կլինի»։ Նրանց կարծիքով՝ ուժեղը միշտ էլ ճնշելու է թույլին, և հարուստը միշտ էլ շահագործելու է աղքատին։ Դա՝ ‘ժամանակի և դիպվածի’ հետ միասին, ինչպես նրանք են ասում՝ անդրադառնալու է մեզ վրա, քանի դեռ մարդկային ընտանիքը գոյություն ունի։
Սակայն իրո՞ք միշտ այդպես է լինելու։ Կգա՞ մի օր, որ իրենց ընդունակությունները խելամտորեն և իմաստությամբ գործի դնող մարդիկ ստանան արդար վարձատրություն իրենց տքնաջան աշխատանքի դիմաց։ Ո՞վ կարող է արմատապես փոխել անարդար աշխարհը։ Եկեք քննենք, թե այս մասին ինչ է ասվում հաջորդ հոդվածում։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
COVER: Man with a child: UN PHOTO 148426/McCurry/Stockbower
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
MAXIM MARMUR/AFP/Getty Images