Նշաններ ճանաչելը շատ կարևոր է
«Սկզբում մտածում էի, թե մեր որդու՝ Անդրեասի գլուխը պարզապես ցավում է։ Բայց նրա ախորժակը կորավ, և ջերմությունը բարձրացավ։ Նրա գլխացավն ուժեղացավ, ու ես սկսեցի անհանգստանալ։ Երբ ամուսինս տուն եկավ, միասին Անդրեասին տարանք բժշկի։ Բժիշկը ստուգեց ախտանշանները և ասաց, որ Անդրեասին անմիջապես հարկավոր է հիվանդանոց պառկեցնել։ Մեր զավակը ավելի լուրջ խնդիր ուներ, քան գլխացավը։ Նա հիվանդացել էր մենինգիտով։ Անդրեասը համապատասխան բուժում ստացավ և շուտով իրեն դարձյալ լավ էր զգում» (Գերտրուդ անունով մի մայր, Գերմանիա)։
ԱՅՆ, ինչ տեսավ Գերտրուդը, թերևս ծանոթ է շատ ծնողների։ Որոշ նշանների հիման վրա ծնողները գլխի են ընկնում, որ իրենց զավակը թերևս հիվանդ է։ Ճիշտ է, ամեն մի հիվանդություն լուրջ հետևանքներ չի ունենում, սակայն ծնողները չեն ցանկանում մատների արանքով նայել հիվանդության նշաններին։ Նկատելով դրանք և համապատասխան գործողություններ ձեռք առնելով՝ նրանք շատ բան կարող են անել իրավիճակը բարելավելու համար։ Չէ՞ որ դա կարևոր է։
Սակայն նշաններին ուշադրություն դարձնելը կարևոր է ոչ միայն առողջության հետ կապված։ Այս առումով բավական դիպուկ օրինակ կարող է լինել 2004 թ. դեկտեմբեր ամսին պատահած աղետը՝ ցունամին, որ եղավ Հնդկական օվկիանոսի ավազանում։ Ավստրալիայի ու Հավայիի պետական կազմակերպությունները Սումատրա կղզու հյուսիսային մասում մեծ երկրաշարժ գրանցեցին և կանխատեսեցին, որ այն վտանգավոր հետևանքներ կունենա։ Բայց աղետի գոտում գտնվող մարդիկ ոչ մի հնարավորություն չունեին նախազգուշացում ստանալու կամ դրան արձագանքելու։ Հետևանքը... ավելի քան 220 000 մարդ կորցրեց իր կյանքը։
Նշաններ, որոնք շատ ավելի կարևոր են
Մի անգամ Հիսուս Քրիստոսը նշեց, որ կարևոր է նկատել նշանները և գործել համապատասխանաբար։ Նա խոսում էր մի անչափ կարևոր բանի մասին։ Աստվածաշունչը հետևյալն է ասում. «Փարիսեցիները եւ Սադուկեցիները նորա մօտ եկան, եւ փորձելով նորանից ուզում էին որ երկնքիցը մի նշան ցոյց տայ նորանց։ Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Իրիկուն դառած ժամանակ ասում էք՝ Պարզ կ’լինի, որովհետեւ երկինքը կարմրել է։ Եւ առաւօտը՝ Այսօր մրրիկ կ’լինի, որովհետեւ երկինքը պղտորած կարմրացել է։ Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը գիտէք քննել, բայց ժամանակների նշանները չէ՞ք կարող» (Մատթէոս 16։1–3)։
Ասելով ‘ժամանակների նշաններ’՝ Հիսուսը նկատի ուներ, որ նրանք պետք է տեղյակ լինեին, որ իրենք անչափ լուրջ ժամանակներում են ապրում։ Իրերի հրեական համակարգը շուտով մեծ աղետի էր ենթարկվելու, որից ոչ ոք չէր խուսափելու։ Իր մահից մի քանի օր առաջ Հիսուսն աշակերտների հետ խոսեց մեկ ուրիշ՝ իր ներկայության նշանի մասին։ Այն, ինչ նա ասաց, այսօր յուրաքանչյուր մարդու համար մեծ կարևորություն ունի։