Ինչպե՞ս պետք է որոշել ճիշտն ու սխալը
ԻՍԿ ո՞ւմ է վերապահված ճիշտը և սխալը որոշելու հարցում չափանիշներ սահմանելու իրավունքը։ Այս խնդիրը ծագեց դեռևս մարդկության պատմության արշալույսին։ Աստվածաշնչի «Ծննդոց» գիրքը տեղեկացնում է, որ Աստված ընտրեց Եդեմի պարտեզում աճող ծառերից մեկը՝ որպես ‘բարին և չարը գիտենալու ծառ’ (Ծննդոց 2։9)։ Նա պատվիրեց առաջին մարդկային զույգին չուտել այդ ծառի պտուղներից։ Սակայն Աստծո հակառակորդը՝ Բանսարկու Սատանան, ասաց, թե այդ ծառի պտուղը ճաշակելու դեպքում նրանց աչքերը «կ’բացուին», և նրանք «Աստուծոյ պէս կ’լինի[ն]՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 2։16, 17; 3։1, 5; Յայտնութիւն 12։9)։
Ադամն ու Եվան կանգնեցին հետևյալ խնդրի առջև. ընդունել Աստծո՞ չափանիշները չարն ու բարին որոշելու հարցում, թե՞ առաջնորդվել սեփական սկզբունքներով (Ծննդոց 3։6)։ Նրանք նախընտրեցին չհնազանդվել Աստծուն և ուտել այդ ծառի պտղից։ Ի՞նչ էր ցույց տալիս այս արարքը։ Հրաժարվելով ենթարկվել Աստծո կողմից դրված սահմանափակումներին՝ Ադամն ու Եվան այսպես ասած հայտարարեցին, որ թե՛ իրենք, թե՛ իրենց սերունդները ավելի լավ կապրեն, եթե ինքնուրույն որոշեն չարի և բարու չափանիշները։ Ի՞նչ հաջողությունների հասան մարդիկ՝ փորձելով անել այն, ինչն իրավամբ պետք է աներ Աստված։
Հակասական կարծիքներ
Ամփոփելով անցյալ դարերում ապրած մեծ մտածողների ուսուցումները՝ «Բրիտանական հանրագիտարանը» (անգլ.) նշում է, որ հույն փիլիսոփա Սոկրատեսի օրերից մինչև 20–րդ դարը «անընդհատ վիճաբանություններ [են եղել] այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է բարությունը, և ինչ չափանիշներով պետք է որոշվի ճիշտն ու սխալը»։
Օրինակ՝ սոփեստները (մ.թ.ա. 5–րդ դարում ապրած հույն ուսուցիչների հեղինակավոր մի խումբ) ուսուցանում էին, թե ճիշտն ու սխալը պետք է որոշել հասարակական կարծիքով։ Նրանցից մեկը գրել է. «Այն, ինչ արդար և բարի է թվում յուրաքանչյուր քաղաքի համար, արդար և բարի է տվյալ քաղաքի համար, քանի դեռ քաղաքացիները այդպես են մտածում»։ Այս խոսքերից հետևում է, որ նախորդ հոդվածում հիշատակված Ջոդին պետք է յուրացներ գումարը, քանի որ իր բնակավայրում, կամ՝ «քաղաքում» ապրող մարդկանց մեծամասնությունը ամենայն հավանականությամբ այդպես կվարվեր։
18–րդ դարի հայտնի փիլիսոփա Իմանուիլ Կանտը մեկ ուրիշ կարծիք է հայտնել։ Մի հանդեսում, որտեղ քննարկվում են բարոյականությանը վերաբերող հարցեր, ասվում է. «Իմանուիլ Կանտը, ինչպես նաև նրա նման այլ մտածողներ.... ուշադրություն էին հրավիրում անհատի ընտրելու իրավունքի վրա» («Issues in Ethics»)։ Կանտի այս փիլիսոփայական մտքից հետևում է, որ Ջոդին կարող էր անել, ինչ որ կամենար, քանի դեռ չէր խախտում ուրիշ մարդկանց իրավունքները։ Նա չպետք է թույլ տար, որ մեծամասնության կարծիքը ազդեր իր չափանիշների ձևավորման վրա։
Իսկ Ջոդին ինչպե՞ս լուծեց այս խնդիրը։ Նա հարցին այլ կերպ մոտեցավ. կիրառեց այն, ինչ ուսուցանել է Հիսուս Քրիստոսը, որի բարոյական չափանիշները բարձր են գնահատվում և՛ քրիստոնյաների կողմից, և՛ ոչ քրիստոնյաների։ Հիսուսը սովորեցրել է. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթէոս 7։12)։ Ի զարմանս իր պատվիրատուի՝ Ջոդին հանձնեց նրան 82 000 դոլարը։ Այն հարցին, թե ինչու նա իրեն չվերցրեց գումարը, Ջոդին պատասխանեց, որ Եհովայի վկա է և ավելացրեց. «Այդ փողն իմը չէր»։ Նա լրջորեն էր վերաբերվում Մատթէոս 19։18–ում արձանագրված խոսքերին, որ ասել է Հիսուսը. այն է՝ «Մի՛ գողանար»։
Արժե՞ վստահել մեծամասնության կարծիքին
Հնարավոր է, որ Ջոդիի ազնվությունը ոմանք հիմարություն անվանեն։ Սակայն հասարակական կարծիքը չի կարող վստահելի ուղեցույց լինել։ Օրինակ՝ եթե ապրեիք մի հասարակության մեջ, որտեղ ընդունելի լիներ երեխաներին զոհաբերելը, ինչպես անցյալի որոշ քաղաքակրթություններում, արդյո՞ք դա հիմք կտար հիշյալ սովորությունը ճիշտ համարելու (Դ Թագաւորաց 16։3)։ Իսկ եթե ծնված լինեիք մի հասարակության մեջ, որտեղ մարդակերությունը սովորական երևույթ համարվեր, արդյո՞ք դա կնշանակեր, որ մարդու միս ուտելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Եթե որևէ երևույթ լայն տարածում ունի, դա դեռ չի նշանակում, որ այն ճիշտ է։ Շատ վաղուց Աստվածաշունչը նախազգուշացրել է այդ ծուղակի մասին՝ ասելով. «Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես» (Ելից 23։2)։
Հիսուս Քրիստոսը մեկ այլ պատճառ է բերում, թե ինչու է հարկավոր զգուշանալ ճիշտն ու սխալը որոշելու հարցում մեծամասնության կարծիքը որդեգրելուց։ Քողազերծելով Սատանային՝ Հիսուսը հայտնում է, որ Բանսարկուն է «այս աշխարհքի իշխանը» (Յովհաննէս 14։30; Ղուկաս 4։6)։ Սատանան իր դիրքը օգտագործում է «բովանդակ աշխարհքը» մոլորեցնելու նպատակով (Յայտնութիւն 12։9)։ Ուստի եթե բարու և չարի վերաբերյալ ձեր չափանիշները հիմնեք զուտ հասարակական կարծիքի վրա, հնարավոր է՝ բարոյական հարցերում ընդունեք այն տեսակետը, որն ունի Սատանան, ինչն ակնհայտորեն կործանման կտանի։
Պե՞տք է վստահել սեփական գաղափարներին
Արդյո՞ք սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր համար որոշի, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Աստվածաշնչում ասվում է. «Քո հասկացողութեանը մի վստահիր» (Առակաց 3։5)։ Ինչո՞ւ։ Որովհետև բոլոր մարդիկ ժառանգել են մի մեծ թերություն, որը կարող է ազդել նրանց հայացքների վրա։ Աստծո դեմ ըմբոստանալով՝ Ադամն ու Եվան ընդունեցին Սատանայի՝ եսասեր դավաճանի չափանիշները և նրան ընտրեցին որպես իրենց հոգևոր հայր։ Այդպիսով նրանք իրենց սերունդներին փոխանցեցին մի ընդհանուր առանձնահատկություն՝ խորամանկ սիրտ, որն ունակ է հասկանալ ճիշտը, սակայն հակված է անելու սխալը (Ծննդոց 6։5; Հռովմայեցիս 5։12; 7։21–24)։
Էթիկային վերաբերող հարցեր քննարկելիս «Բրիտանական հանրագիտարանը» նշում է. «Զարմանալի չէ, որ մարդը, իմանալով հանդերձ, թե ինչն է բարոյական, շարունակում է անել այն, ինչ իրեն է հարմար։ Արևմուտքի բարոյագիտության գլխավոր խնդիրներից մեկն այն է, թե նման մարդկանց ինչպես մղել ճիշտն անելու»։ Աստվածաշունչը իրավամբ այս կերպ է արտահայտում այդ միտքը. «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17։9)։ Կվստահեի՞ք այնպիսի մեկին, որը, ինչպես հայտնի է, խորամանկ է և ապականված։
Ինչ խոսք, բարոյապես մաքուր վարք և բարձր չափանիշներ կարող են ունենալ նույնիսկ այն անհատները, ովքեր չեն հավատում Աստծուն։ Սակայն հաճախ նրանց հիանալի սկզբունքները պարզապես Աստվածաշնչի բարոյական չափանիշների արտացոլանքն են։ Թեպետ նման մարդիկ մերժում են Արարչի գոյությունը, սակայն այդ գաղափարները ցույց են տալիս, որ նրանք ունեն Աստծո հատկությունները արտացոլելու բնատուր ունակություն։ Սա ապացուցում է Աստվածաշնչի այն խոսքերը, որ մարդն ի սկզբանե ստեղծվել էր «Աստուծոյ պատկերովը» (Ծննդոց 1։27; Գործք 17։26–28)։ Պողոս առաքյալն ասում է. «[Նրանք] ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է» (Հռովմայեցիս 2։15)։
Ինչ խոսք, մի բան է՝ իմանալ ճիշտը և բոլորովին այլ բան է՝ ուժ ունենալ այդպես վարվելու։ Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել անհրաժեշտ զորությունը։ Քանի որ սիրտն է մղում գործերի, այդ ուժը կարելի է ստանալ՝ սեր զարգացնելով Աստվածաշնչի Հեղինակի՝ Եհովա Աստծո նկատմամբ (Սաղմոս 25։4, 5)։
Ուժ գտնել բարին գործելու
Աստծո հանդեպ սեր զարգացնելու համար առաջին հերթին հարկավոր է տեսնել, թե որքան ողջամիտ և գործնական են նրա պատվիրանները։ «Սա է Աստուծոյ սէրը»,— գրեց Հովհաննես առաքյալը,— որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Օրինակ՝ Աստվածաշնչում ընդգրկված գործնական խորհուրդները կարող են օգնել երիտասարդներին տարբերել ճիշտը սխալից, երբ հարցը վերաբերում է ալկոհոլային խմիչքների օգտագործմանը, թմրադեղերի ընդունմանը կամ ամուսնությունից առաջ սեռական հարաբերության մեջ մտնելուն։ Նաև Սուրբ Գրությունները սովորեցնում են ամուսնացած զույգերին հարթել տարաձայնությունները, իսկ ծնողներին խորհուրդներ են տալիս երեխաների դաստիարակության վերաբերյալ։a Աստվածաշնչի բարոյական չափանիշներին հետևելը կարող է օգուտ բերել ինչպես երիտասարդներին, այնպես էլ տարեց մարդկանց՝ անկախ նրանց ծագումից, սոցիալական վիճակից կամ կրթական մակարդակից։
Ինչպես որ սննդարար կերակուր ընդունելն է ուժ տալիս ձեզ աշխատելու, այնպես էլ Աստծո Խոսքի ընթերցանությունը ուժ կտա Արարչի չափանիշներով ապրելու։ Հիսուսը Աստծո խոսքերը համեմատել է հացի հետ, որ պահպանում է կյանքը (Մատթէոս 4։4)։ Բացի այդ, նա ասել է. «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ» (Յովհաննէս 4։34)։ Աստծո խոսքերով սնվելու շնորհիվ Հիսուսն ի վիճակի եղավ դիմադրել գայթակղություններին և կայացնել իմաստուն որոշումներ (Ղուկաս 4։1–13)։
Հնարավոր է, որ սկզբում դժվարանաք ձեր միտքը սնել Աստծո Խոսքով և հետևել Արարչի չափանիշներին։ Այդ դեպքում հիշեք, որ երբ փոքր էիք, հավանաբար ձեզ դուր չէր գալիս այն կերակրի համը, որն օգտակար էր ձեզ համար։ Սակայն որպեսզի կարողանայիք ամրանալ, պետք է սովորեիք բավականություն ստանալ այդ առողջարար սննդից։ Նույնը և այս դեպքում. հնարավոր է ժամանակ պահանջվի, որ Աստծո չափանիշները «համեղ» դառնան ձեզ համար։ Եթե այս հարցում հաստատակամ լինեք, ձեր մեջ սեր կզարգանա այդ չափանիշների հանդեպ, և դուք հոգևորապես կամրանաք (Սաղմոս 34։8; Բ Տիմոթէոս 3։15–17)։ Դուք կսովորեք ապավինել Եհովային և մղված կլինեք ‘բարին անելու’ (Սաղմոս 37։3)։
Միգուցե երբեք չհայտնվեք Ջոդիի իրավիճակում։ Այնուհանդերձ, ամեն օր անհրաժեշտ է լինում տարբեր որոշումներ կայացնել՝ մեծ թե փոքր։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը այսպիսի քաջալերանք է տալիս ձեզ. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Սովորելով ապավինել Եհովային՝ օգուտ կքաղեք ոչ միայն այսօր, այլև հնարավորություն կստանաք ապրելու հավիտյան, քանի որ Եհովա Աստծուն հնազանդվելու ուղին կյանք է բերում (Մատթէոս 7։13, 14)։
[ծանոթագրություն]
a Այս և ուրիշ կարևոր հարցերում Աստվածաշնչի օգտակար խորհուրդներին ծանոթանալու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» (անգլ., ռուս.) և «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքերը։
[մեջբերում 6–րդ էջի վրա]
Հասարակական կարծիքը կարող է ձևավորվել անտեսանելի ուժերի ազդեցությամբ
[նկարներ 5–րդ էջի վրա]
Դարեր շարունակ մտածողների միջև վիճաբանություններ են եղել այն հարցի շուրջ, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ
Սոկրատես
Կանտ
Կոնֆուցիոս
[թույլտվությամբ]
Kant: From the book The Historian’s History of the World; Socrates: From the book A General History for Colleges and High Schools; Confucius: Sung Kyun Kwan University, Seoul, Korea
[նկարներ 7–րդ էջի վրա]
Աստվածաշունչը ոչ միայն օգնում է տարբերել ճիշտը սխալից, այլև մղում է ճիշտ վարվել