Առանձնահատկություն, որ բնորոշ է միայն մարդուն
Ջոդին զբաղվում է մահացած մարդկանց ունեցվածքի վաճառքով։ Այժմ նա օգնում է մի կնոջ դասակարգել վերջինիս հանգուցյալ քրոջ տնային գույքը՝ այն վաճառքի հանելու նպատակով։ Փորփրելով հին բուխարու շուրջը դրված իրերը՝ Ջոդին գտնում է գործիքներ պահելու համար նախատեսված երկու հին տուփ։ Նա բացում է դրանցից մեկը և մնում ապշած։ Այնտեղ նա տեսնում է 100 դոլար արժողությամբ թղթադրամների կապոցներ՝ փայլաթիթեղի (ֆոլգա) մեջ փաթաթված. բոլորը միասին՝ 82 000 դոլար կանխիկ գումար։ Ջոդին սենյակում մենակ է։ Ի՞նչ անի նա. լուռ վերցնի՞տուփը, թե՞ պատվիրատուին հայտնի իր գտած գումարի մասին։
ԽՆԴԻՐԸ, որի առջև կանգնեց Ջոդին, ընդգծում է այն առանձնահատկություններից մեկը, որը տարբերում է մեզ կենդանիներից։ «Մարդուն բնորոշ գծերից մեկն այն է, որ նա հարցնում է ինքն իրեն, թե ինչպես պետք է (կամ չպետք է) վարվի»,— ասվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում (անգլ.)։ Եթե սոված շունը խնջույքի սեղանին մի կտոր միս գտնի, հազիվ թե մտածի՝ արժե՞ ուտել այն, թե՞ ոչ։ Մինչդեռ Ջոդին ունակ է խորհելու իր որոշման բարոյական կողմերի մասին։ Եթե նա վերցնի գումարը, ապա գողություն արած կլինի, սակայն նրա արարքը դժվար թե բացահայտվի։ Փողն իրեն չի պատկանում, և պատվիրատուն գաղափար անգամ չունի դրա գոյության մասին։ Բացի այդ, եթե Ջոդին գումարը հանձնի տիրոջը, իր բնակավայրում ապրող մարդկանց մեծ մասը նրան հիմար կհամարի։
Իսկ ինչպե՞ս կվարվեիք դուք, եթե հայտնվեիք Ջոդիի իրավիճակում։ Ձեր պատասխանը կախված է այն բանից, թե բարոյական ինչ չափանիշներով եք նախընտրում ապրել։
Ի՞նչ է հասկացվում բարոյագիտության տակ
Մի աշխատության մեջ բարոյագիտությունը սահմանվում է հետևյալ կերպ. «Հարցերի ուսումնասիրություն, որ վերաբերում է այս կամ այն քայլի բարոյապես ճիշտ կամ սխալ լինելուն» («Collins Cobuild English Dictionary»)։ Բարոյագիտությունը և էթիկան նույնիմաստ բառեր են։ Պարզապես երկրորդն ունի հունարեն ծագում (էթիկոս), իսկ առաջինը նույն բառի հայերեն տարբերակն է։ Երկու բառերն էլ ընդգծում են ընդունված բարքերի և սովորույթների վճռորոշ դերը։
Երկար ժամանակ կրոնն է թելադրել, թե բարոյական ինչ չափանիշներով պետք է ապրեն մարդիկ։ Շատ հասարակություններում ազդեցիկ դեր է խաղացել Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Սակայն ամբողջ աշխարհում մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր մերժում են կրոնական չափանիշները՝ իբրև ոչ գործնական, և Աստվածաշնչի բարոյական օրենքները՝ իբրև հնացած։ Իսկ ի՞նչն է զբաղեցնում դրանց տեղը։ Մի գրքում ասվում է. «Աշխարհիկ հայացքները.... գրավել են այն տեղը, որ նախկինում ուներ կրոնը» («Ethics in Business Life»)։ Կրոնական աղբյուրներին դիմելու փոխարեն՝ շատերն առաջնորդվում են բարոյագիտության բնագավառի մասնագետների կարծիքով։ Բիոէթիկայի ոլորտի մասնագետ Փոլ Մակնեյլն ասում է. «Ըստ իս՝ բարոյագետները աշխարհիկ քահանաներ են։ .... Այն, ինչ մարդիկ ժամանակին համարում էին կրոնական հարց, այսօր դիտում են իբրև բարոյական բնույթի խնդիր»։
Իսկ ինչպե՞ս եք դուք կողմնորոշվում, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ, երբ լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Ո՞ւմ բարոյական չափանիշներով եք առաջնորդվում՝ ձե՞ր, թե՞ Աստծո։