Տեսաֆիլմ, որ նախատեսված է երիտասարդների սրտերն արթնացնելու համար
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» տեսաֆիլմը նայելուց հետո շատ երիտասարդներ մղվեցին լրջորեն քննել իրենց վարքը։a Տեսաֆիլմը բովանդակում է ողջամիտ սուրբգրային խորհուրդներ, երիտասարդ քրիստոնյաների կողմից արտահայտված մտքեր և հուզիչ, ժամանակակից մի դրամա, որը հիմնված է աստվածաշնչյան դրվագներից մեկի՝ Դինայի մասին պատմության վրա (Ծննդոց 34–րդ գլուխ)։ Ահա տեսաֆիլմի մասին մի քանի մտքեր, որ արտահայտվել են Մեքսիկայում։
Մարթան պատմում է. «Տեսաֆիլմը խորապես հուզեց ինձ։ Այնպիսի տպավորություն ստացա, որ կարծես այն հենց ինձ համար էր։ Ես կարծում էի, թե բավական էր, որ իմ ուսուցիչներն ու դասընկերները գիտենային իմ՝ Եհովայի վկա լինելու մասին։ Ես թերացել էի դա ապացուցել՝ քարոզելով նրանց։ Երախտապարտ եմ Եհովային իր տված ամեն տեսակի ինֆորմացիայի համար, հատկապես երբ դա այնքան խոր տպավորություն է թողնում, ինչպես այս տեսաֆիլմը»։
Խուան Կարլոսն ասում է. «Տեսաֆիլմն իրոք քեզ մտածել է տալիս։ Լինելով երիտասարդ՝ ես սխալներ եմ արել ու, ըստ էության, համամիտ եմ դրամայում ներկայացված որոշ կերպարների հետ։ Մի քանի տարի առաջ երկդիմի կյանք էի վարում, սակայն հասկացա, որ այդպիսի կենսակերպը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Տեսաֆիլմը դիտելուց հետո վճռեցի հավատարիմ մնալ Եհովային»։
Սուլեմը խոստովանում է. «Երբ դիտեցի տեսաֆիլմը, խորապես հուզվեցի։ Մինչ այդ ես դադարել էի Աստվածաշունչ ընթերցել ու Եհովային առանձնապես չէի աղոթում։ Տեսաֆիլմում երիտասարդների մեկնաբանությունները լսելուց հետո իմ մեջ ցանկություն առաջացավ վերսկսել Աստվածաշնչի ուսումնասիրությունը և աղոթել Եհովային»։
Երիտասարդներն այսօր բազում դժվարությունների են բախվում։ Այն, թե նրանք ինչ ընկերներով են իրենց շրջապատում, հաճախ կարող է մեծ ազդեցություն թողնել իրենց կենսակերպի վրա (Սաղմոս 26։4; Առակաց 13։20)։ «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» տեսաֆիլմը օգնում է շատերին՝ այս հարցի հետ կապված խելամիտ որոշումներ կայացնելու։
[ծանոթագրություն]
a Թողարկվել է Եհովայի վկաների կողմից։