Հիշարժան օր
ԱՅԴ օրը շրջադարձային նշանակություն ունեցավ մարդկության համար և հավիտենական օրհնությունների դուռ բացեց նրա առջև։ Կարելի է ասել, որ պատմության մեջ ոչ մի ուրիշ օր մարդկության ապագայի վրա այդքան մեծ ազդեցություն չի թողել։ Այդ օրը Հիսուսը ավարտին հասցրեց այն ամենը, որ պետք է կատարեր երկրի վրա։ Տանջանքի ցցին գամված՝ նա վերջին շնչով աղաղակեց՝ կատարվա՜ծ է (Յովհաննէս 19։30)։ Սակայն ո՞րն էր նրա՝ երկիր գալու նպատակը։
Աստվածաշնչում ասվում է. «Մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ» (Մատթէոս 20։28)։ Հիսուսը տվեց իր անձը, կամ՝ կյանքը, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան ազատվելու մեղքից ու մահից, որ իրենց փոխանցվել էր ժառանգաբար։ Իրոք, «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Որքա՜ն մեծ է Հիսուսի զոհաբերության արժեքը։
Հիսուսի մահվան օրը հիշարժան է մեկ ուրիշ պատճառով ևս։ Այդ օրը Աստծո Որդին իր առաքյալներին շատ արժեքավոր դասեր սովորեցրեց, որ կօգնեին նրանց պահպանել իրենց հավատարմությունը։ Ինչպիսի՜ ազդեցություն պետք է որ թողնեին Հիսուսի վերջին խոսքերը իր աշակերտների վրա։ Իսկ ի՞նչ ուսուցանեց նրանց Հիսուսը, և ի՞նչ օգուտներ կարող ենք մենք քաղել դրանից։ Այս հարցերի պատասխանը կքննարկվի հաջորդ հոդվածում։