Կենսագրություն
Եհովայի հանդեպ սիրո պատվաստումը» մեր երեխաների սրտում
Պատմում է Վերներ Մատզենը
Մի քանի տարի առաջ իմ ավագ որդին՝ Հանս Վերները, Աստվածաշունչ նվիրեց ինձ, որի կազմի վրա՝ ներսի կողմից, գրել էր հետևյալը. «Սիրելի՛ հայրիկ, թող որ Եհովայի Խոսքը շարունակի առաջնորդել մեր ընտանիքին կյանքի ճանապարհով։ Խորին երախտագիտությամբ՝ քո ավագ որդի»։ Միայն ծնողը կհասկանա ուրախության և երախտագիտության այն զգացումը, որով լցվեց սիրտս։ Այդ ժամանակ չգիտեի, թե ինչպիսի դժվարությունների հետ դեռ պետք է բախվեր մեր ընտանիքը։
Ես ծնվել եմ 1924 թ.–ին Հալսթենբեքում, որը գտնվում է գերմանական Համբուրգ նավահանգստից 20 կմ հեռավորության վրա։ Ինձ մեծացրել են մայրս և պապիկս։ Հետագայում սովորեցի գործիքագործի արհեստը և 1942 թ.–ին կանչվեցի «Վերմախտում»՝ զինված ուժերում, ծառայելու։ Այն, ինչ տեսա Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռուսական ճակատում կռվելիս, այնքան ահավոր էր, որ հնարավոր չէ խոսքերով նկարագրել։ Ես վարակվեցի տիֆով, սակայն բուժվելուց հետո նորից ուղարկվեցի ճակատ։ 1945 թ.–ին Լոձում էի (Լեհաստան), որտեղ լուրջ վիրավորվեցի. ինձ պառկեցրին զինվորական հոսպիտալ։ Երբ պատերազմը վերջացավ, ես դեռ այնտեղ էի։ Հոսպիտալում, իսկ հետո նաև Նոյենգամեյում գտնվող ներկալյալների ճամբարում, ես ժամանակ ունեցա շատ բաների շուրջ խորհելու։ Ինձ անհանգստացնում էին հետևյալ հարցերը. իրականում գոյություն ունի՞ Աստված, եթե այո՛, ապա ինչո՞ւ է այսքան դաժանություն թույլ տալիս։
Ներկալյալների ճամբարից ազատվելուց կարճ ժամանակ անց՝ 1947 թ. սեպտեմբերին, ես ամուսնացա Կարլայի հետ։ Մենք մեծացել էինք նույն քաղաքում։ Կարլան կաթոլիկ էր, իսկ իմ դաստիարակության մեջ կրոնը որևէ դեր չէր խաղացել։ Մեր ամուսնական արարողությունն անցկացնող քահանան խորհուրդ տվեց գոնե ամեն երեկո միասին ասել Տերունական աղոթքը։ Մենք այդպես էլ արեցինք՝ չիմանալով սակայն, թե իրականում ինչի մասին ենք աղոթում։
Մի տարի անց ծնվեց Հանս Վերները։ Գրեթե միևնույն ժամանակ իմ կոլեգաներից մեկը՝ Վիլհելմ Արենսը, ծանոթացրեց ինձ Եհովայի վկաների հետ։ Նա նաև Աստվածաշնչից ցույց տվեց, որ մի օր պատերազմները դադարելու են (Սաղմոս 46։9)։ 1950 թ. աշնանը կյանքս նվիրեցի Եհովային և մկրտվեցի։ Իսկ երբ մի տարի անց մկրտվեց իմ թանկագին կինը, ուրախությանս չափ չկար։
Երեխաներին մեծացնում ենք Եհովայի ճանապարհներով
Աստվածաշնչում կարդացել էի, որ ամուսնությունը Եհովայի ստեղծած կառույցն է (Ծննդոց 1։26–28; 2։22–24)։ Մեր երեխաներին՝ Հանս Վերներին, Կարլ–Հայնզին, Միքայելին, Գաբրիելային և Թոմասին որպես պարգև ստանալը, իմ մեջ է՛լ ավելի ուժեղացրեց լավ ամուսին և հայր լինելու պատասխանատվության զգացումը։ Կարլան ու ես յուրաքանչյուր երեխայի ծնունդն էլ հուզմունքով ընդունեցինք։
1953 թ.–ին Նյուրնբերգում կայացած՝ Եհովայի վկաների համաժողովը շատ կարևոր նշանակություն ունեցավ մեր ընտանիքի համար։ Ուրբաթ օրը՝ կեսօրին, «Երեխաների դաստիարակությունը Նոր աշխարհի հասարակության մեջ» ելույթի ժամանակ, զեկուցող եղբայրն ասաց այնպիսի խոսքեր, որ տպավորվեցին մեր հիշողության մեջ. «Ամենամեծ ժառանգությունը, որ կարող ենք թողնել մեր երեխաներին, Աստծո ծառա լինելու ցանկությունն է»։ Ես ու Կարլան որոշեցինք Եհովայի օգնությամբ հենց այդպես էլ վարվել։ Բայց ինչպե՞ս կարող էինք անել այդ։
Սկզբում սովորություն դարձրեցինք ամեն օր ընտանիքով միասին աղոթելը։ Դա օգնեց երեխաներին հասկանալ աղոթքի կարևորությունը։ Բոլոր երեխաներին ամենավաղ տարիքից սովորեցրինք, որ ուտելուց առաջ միշտ հարկավոր է աղոթել։ Նույնիսկ երբ նրանք մանկիկ էին, շիշը տեսնելուն պես կախում էին իրենց փոքրիկ գլուխներն ու ծալում պստլիկ ձեռքերը։ Մի անգամ մեզ հրավիրեցին կնոջս բարեկամներից մեկի հարսանիքին։ Այդ բարեկամները Վկաներ չէին։ Ամուսնական արարողությունից հետո հարսնացուի ծնողները հրավիրեցին հյուրերին սեղան նստելու։ Բոլորը որոշեցին միանգամից անցնել ուտելուն։ Բայց հինգ տարեկան Կարլ–Հայնզը չէր կարծում, որ դա ճիշտ է։ «Խնդրում եմ, սկզբում աղոթեք»,— ասաց նա։ Հյուրերը նայեցին նախ նրան, հետո՝ մեզ և ապա՝ տանտիրոջը։ Որպեսզի կարողանանք դուրս գալ ստեղծված իրավիճակից, առաջարկեցի աղոթքով շնորհակալություն հայտնել ուտելիքի համար։ Տանտերը համաձայնվեց։
Դա հիշեցրեց ինձ Հիսուսի խոսքերը. «Երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր» (Մատթէոս 21։16)։ Համոզված եմ՝ մեր կանոնավոր ու սրտանց աղոթքներն օգնեցին երեխաներին, որ Եհովային իրենց սիրառատ երկնային Հայրը համարեն։
Եհովայի առջև մեր պատասխանատվությունը
Եթե ուզում ենք, որ երեխաները սովորեն Աստծուն սիրել, հարկավոր է նրանց հետ կանոնավորապես կարդալ և ուսումնասիրել Աստծո Խոսքը։ Հիշելով այդ մասին՝ մենք ամեն շաբաթ ընտանեկան ուսումնասիրություն էինք անցկացնում, հիմնականում՝ երկուշաբթի օրը, երեկոյան։ Մեր երեխաների տարիքային տարբերությունը կազմում էր ինը տարի։ Ուստի նրանց կարիքները շատ տարբեր էին, և հետևաբար մենք միշտ չէինք կարող բոլորի համար նույն նյութը նախատեսել։
Նախադպրոցական տարիքի երեխաների հետ, օրինակ, ավելի թեթև ուսումնասիրություն էինք անցկացնում։ Կարլան ընդամենը մեկ աստվածաշնչյան համար էր քննարկում նրանց հետ կամ օգտվում էր աստվածաշնչյան գրականության մեջ եղող նկարներից։ Ես սիրով եմ հիշում այն պահերը, երբ փոքրիկները վաղ առավոտյան, մեր անկողնու վրա բարձրանալով, արթնացնում էին մեզ, որպեսզի «Նոր աշխարհ»a գրքից ցույց տան իրենց սիրած նկարները։
Կարլան վարպետացել էր Եհովային սիրելու բազում պատճառները երեխաներին համբերատարությամբ սովորեցնելու հարցում։ Այս ամենը գուցե պարզ ու հասարակ թվա, բայց իրականում իմ ու կնոջս համար դա նման էր լրիվ դրույքով աշխատանքի՝ թե՛ ֆիզիկական և թե՛ էմոցիոնալ առումով։ Սակայն, չէինք հանձնվում։ Մենք ցանկանում էինք երեխաների նուրբ սրտերում դրոշմել Եհովայի սերը՝ նախքան Աստծուն չճանաչող մարդիկ կսկսեին ազդել նրանց վրա։ Այդ պատճառով էլ, սկսած այն պահից, երբ նրանք ի վիճակի էին լինում նստելու, պահանջում էինք, որ ներկա գտնվեին ընտանեկան ուսումնասիրություններին։
Որպես ծնողներ՝ ես և Կարլան գիտակցում էինք, թե որքան կարևոր է երկրպագության հարցում երեխաների համար լավ օրինակ ծառայել։ Լիներ դա ուտելիս, այգում գործ անելիս, թե զբոսնելիս, փորձում էինք ամրացնել երեխաներից յուրաքանչյուրի փոխհարաբերությունները Եհովայի հետ (Բ Օրինաց 6։6, 7)։ Մենք հոգ տարանք, որ ամեն մեկը վաղ տարիքից ունենա իր սեփական Աստվածաշունչը։ Դեռ ավելին, ամսագրեր ստանալիս մեզնից յուրաքանչյուրի անունը գրում էի իր անձնական օրինակի վրա։ Այդպես երեխաները սովորեցին տարբերել իրենց անձնական գրականությունը։ Մենք նաև եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է հանձնարարել երեխաներին «Արթնացե՛ք»–ից որոշակի հոդվածներ կարդալ։ Կիրակի օրերին՝ ճաշելուց հետո, նրանք ասում էին մեզ, թե ինչ են հասկացել կարդացած նյութից։
Երեխաներին տալիս ենք անհրաժեշտ ուշադրությունը
Իհարկե, միշտ չէ, որ ամեն ինչ հարթ էր գնում։ Երեխաները մեծանում էին, և Եհովայի սերը իրենց սրտում «պատվաստելու» համար, ինչպես հասկացանք, հարկավոր էր նախ իմանալ այն, ինչ արդեն կար իրենց սրտում։ Իսկ դա նշանակում է, որ հարկավոր էր նրանց լսել։ Երբեմն մեր երեխաները բողոքելու ինչ–որ բան էին ունենում, ուստի ես և Կարլան նստում էինք ու սկսում քննարկել նրանց հետ տվյալ խնդիրը։ Ընտանեկան ուսումնասիրությունից հետո կես ժամ տևողությամբ հատուկ ժամ հատկացրեցինք. երեխաներից յուրաքանչյուրին թույլատրվում էր անկեղծորեն պատմել, թե ինչ է նա զգում։
Օրինակ՝ Թոմասն ու Գաբրիելան՝ մեր կրտսերները, զգացել էին, որ մենք՝ ծնողներս, տարբերություն ենք դնում նրանց ու իրենց ավագ եղբոր միջև։ Հանդիպումներից մեկի ժամանակ նրանք բացվեցին և ասացին. «Հայրի՛կ, մենք կարծում ենք, որ մայրիկը և դու Հանս Վերներին միշտ ամեն ինչ թույլ եք տալիս»։ Սկզբում հավատս չէր գալիս։ Սակայն, խնդիրը օբյեկտիվորեն քննելուց հետո ես և Կարլան ստիպված եղանք ընդունելու, որ երեխաների ասածի մեջ ճշմարտություն կար։ Ուստի սկսեցինք ջանք թափել բոլոր երեխաներին հավասարապես վերաբերվելու ուղղությամբ։
Երբեմն երեխաներին շտապողաբար էի պատժում և անարդարացի վարվում։ Նման դեպքերում մենք՝ ծնողներս, սովորում էինք ներողություն խնդրել։ Այդ անելուց հետո աղոթքով դիմում էինք Եհովային։ Շատ կարևոր էր, որ երեխաները տեսնեին իրենց հոր պատրաստակամությունը Եհովայից ու իրենցից ներողություն խնդրելու հարցում։ Արդյունքում՝ մեր փոխհարաբերությունները երեխաների հետ ջերմ էին և ընկերական։ Նրանք հաճախ էին ասում. «Դուք մեր լավագույն ընկերներն եք». խոսքեր, որ երջանկություն էին պարգևում մեզ։
Ընտանիքով միասին աշխատելը նպաստում է միասնությանը։ Ուստի՝ յուրաքանչյուրին ինչ–որ մի գործ էինք հանձնարարել։ Հանս Վերները, օրինակ, շաբաթը մեկ գնումներ էր կատարում։ Բնական է, որ նրան գնումների ցուցակի հետ որոշ գումար էինք տալիս։ Մի անգամ մենք նրան ո՛չ ցուցակ տվեցինք, ո՛չ էլ փող։ Նա ցանկացավ իմանալ պատճառը։ Մայրը պատասխանեց, որ դեռ փող չունենք։ Երեխաները սկսեցին ինչ–որ բան փսփսալ իրար մեջ, իսկ հետո, հանելով իրենց խնայատուփերը, դատարկեցին դրանք սեղանի վրա։ «Այժմ մենք կարող ենք գնումներ կատարել, մայրի՛կ»— բացականչեցին նրանք։ Այո՛, երեխաները սովորել էին օգնության ձեռք մեկնել ծայրահեղ վիճակներում։ Դա մեզ է՛լ ավելի մտերմացրեց իրար հետ։
Մեծանալով՝ տղաներս սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել հակառակ սեռի նկատմամբ։ Թոմասին, օրինակ, դուր էր գալիս մի 16–ամյա քույր։ Ես բացատրեցի, որ եթե նա լուրջ նպատակներ ունի՝ այդ աղջկա հետ կապված, ուրեմն պետք է պատրաստ լինի ամուսնանալու և իր ուսերի վրա վերցնելու կնոջ ու երեխաների համար հոգ տանելու պատասխանատվությունը։ Թոմասը հասկացավ, որ դեռ պատրաստ չէր ամուսնության, քանի որ ընդամենը 18 տարեկան էր։
Ընտանիքով առաջադիմություններ ենք կատարում
Դեռևս մանուկ՝ երեխաներս մեկը մյուսի հետևից ցուցակագրվեցին Աստվածապետական ծառայության դպրոցին։ Մենք ուշադրությամբ լսում էինք նրանց ելույթները և ոգևորվում, քանի որ տեսնում էինք, որ նրանք ի սրտե սիրում են Եհովային։ Մեզ մոտ ժամանակ առ ժամանակ հյուրընկալվող շրջանային ու մարզային վերակացուները պատմում էին իրենց սեփական փորձից կամ մեզ համար ինչ–որ բաներ կարդում Աստվածաշնչից։ Այս տղամարդիկ, ինչպես նաև նրանց կանայք, օգնեցին մեր ընտանիքի անդամներին սիրելու լիաժամ ծառայությունը։
Մենք միշտ անհամբերությամբ էինք սպասում համաժողովներին։ Երեխաների սրտում Աստծո ծառա դառնալու ցանկությունը «պատվաստելու» հարցում դրանց դերը ամենամեծն էր։ Երեխաների համար մի իրադարձություն էր, երբ համաժողովի հրապարակ գնալուց առաջ հագուստի վրա փակցնում էինք պլակետկաները։ Տաս տարեկան հասակում Հանս Վերները մկրտվեց՝ մեծ հուզմունք պատճառելով մեզ։ Ոմանց թվում էր, թե նա չափազանց երիտասարդ է Եհովային նվիրվելու համար։ Ինչ վերաբերում է իրեն, ապա 50 տարեկանում նա ասաց ինձ, որ շատ շնորհակալ է այն բանի համար, որ արդեն 40 տարի ծառայում է Եհովային։
Մենք ցույց էինք տալիս երեխաներին Եհովայի հետ անձնական հարաբերություններ ունենալու կարևորությունը, և ոչ թե ստիպում նրանց, որ նվիրվեն։ Որքան հաճելի էր մեզ համար, որ նրանք բոլորն էլ առաջադիմություններ կատարեցին ու, երբ հասավ ժամանակը, մկրտվեցին։
Սովորում ենք մեր բեռը հանձնել Եհովային
Երբ Հանս Վերները 1971 թ.–ին ավարտեց «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 51–րդ դասարանը և որպես միսիոներ ուղարկվեց Իսպանիա, մեր ուրախությանը չափ չկար։ Մեկը մյուսի հետևից՝ մյուս երեխաներս նույնպես որոշ ժամանակ մասնակցեցին լիաժամ ծառայությանը, ինչը մեզ՝ ծնողներիս, մեծ ուրախություն պատճառեց։ Մոտավորապես հենց այդ ժամանակ էր, որ Հանս Վերները նվիրեց ինձ այն Աստվածաշունչը, որի մասին խոսվում է այս հոդվածի սկզբում։ Թվում էր, թե մեր ընտանիքը կատարյալ երջանկության մեջ է։
Հետագայում սակայն պարզվեց, որ կարիք ունենք Եհովայից է՛լ ավելի ամուր կառչելու։ Ինչո՞ւ։ Որովհետև տեսնում էինք, որ մեր՝ արդեն մեծ երեխաները բախվում են խնդիրների հետ, և իրենց հավատը լուրջ փորձությունների է ենթարկվում։ Օրինակ՝ մեր թանկագին դստեր՝ Գաբրիելայի դժբախտություններին վերջ չկար։ 1976 թ.–ին նա ամուսնացավ Լոթարի հետ, որը կարճ ժամանակ անց հիվանդացավ։ Նրա վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատանում. Գաբրիելան խնամում էր նրան։ Ի վերջո Լոթարը մահացավ։ Ընտանիքի՝ նախկինում առողջ անդամներից մեկի հիվանդությունն ու մահը հիշեցրեց մեզ, թե որքան կարևոր է մեզ համար ամուր բռնել Եհովայի սիրառատ ձեռքը (Եսայիա 33։2)։
Եհովայի կազմակերպության մեջ ունեցած առանձնաշնորհումները
1955 թ.–ին նշանակվեցի ժողովի ծառայող (այսօր՝ նախագահող վերակացու)։ Ես համարում էի, որ պատրաստ չեմ այդ պատասխանատվությունը կրելուն։ Գործը շատ էր, և որպեսզի կարողանամ ժողովում ունեցած պարտականություններս կատարել, երբեմն արթնանում էի առավոտյան ժամը չորսին. դա միակ ելքն էր։ Կինս ու երեխաներս մեծ օգնություն էին ցույց տալիս ինձ. նրանք աշխատում էին չխանգարել, եթե երեկոյան դեռ ինչ–որ գործեր էին մնում անելու։
Չնայած դրան՝ մենք ընտանիքով աշխատում էինք որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել միասին։ Երբեմն իմ ղեկավարը (ում մոտ աշխատում էի) տալիս էր ինձ իր մեքենան, որպեսզի կարողանայինք ընտանիքով քաղաքից դուրս գնալ. երեխաները մեծ ուրախություն էին ստանում «Դիտարանը» անտառում ուսումնասիրելու հնարավորությունից։ Մենք նաև միասին արշավների էինք գնում, իսկ երբեմն էլ անտառով քայլում էինք ու երգում՝ իմ հարմոնի նվագակցությամբ։
1978 թ.–ին ինձ շրջանային վերակացուի օգնական նշանակեցին։ Շանթահար՝ ես աղոթում էի. «Եհո՛վա, ես չեմ կարծում, որ ի վիճակի եմ այդ անելու։ Բայց եթե ուզում ես, որ փորձեմ, կանեմ ուժերիս ներածին չափով»։ Այդ ժամանակ ես մի փոքրիկ գործ ունեի բացած։ Երկու տարի անց՝ 54 տարեկան հասակում, այն հանձնեցի կրտսեր որդուս՝ Թոմասին։
Երեխաներն արդեն մեծ էին, և ես ու Կարլան Եհովային ավելի շատ ծառայելու հնարավորություն ունեինք։ Ուստի նույն թվին ինձ շրջանային վերակացու նշանակեցին. իմ տարածքն ընդգրկում էր ողջ Շլեզվիգ–Հոլշտայնը և Համբուրգից մի հատված։ Քանի որ երեխաներ մեծացնելու հարցում փորձ ունեինք, հատկապես լավ էինք կարողանում հասկանալ ծնողներին ու երեխաներին։ Եղբայրներից շատերը մեզ կոչում էին «շրջանային ծնողներ»։
Տաս տարի շարունակ Կարլան ուղեկցում էր ինձ շրջիկ ծառայության մեջ։ Սակայն, նրա առողջությունը վատացավ, և վիրահատության անհրաժեշտություն առաջացավ։ Նույն թվին բժիշկները իմ գլխուղեղում ուռուցք հայտնաբերեցին։ Ստիպված թողեցի ծառայությունս, քանի որ գլխուղեղս պետք է վիրահատեին։ Միայն երեք տարի հետո կարողացա նորից ծառայել որպես շրջանային վերակացուի օգնական։ Կարլան և ես այժմ 70–ն անց ենք և այլևս շրջիկ ծառայության մեջ չենք։ Եհովան օգնեց, որ հասկանանք՝ իմաստ չկա կառչել մի առանձնաշնորհումից, որն այլևս ի վիճակի չես կատարելու։
Խորհրդածելով մեր անցյալի մասին՝ ես և Կարլան կարող ենք ասել, որ շնորհակալ ենք Եհովայից այն օգնության համար, որ նա ցույց տվեց մեզ երեխաների սրտում ճշմարտության հանդեպ սեր «պատվաստելու» հարցում (Առակաց 22։6)։ Տարիներ շարունակ Եհովան առաջնորդել ու կրթել է մեզ՝ օգնելով կատարել մեր պարտականությունները։ Չնայած ծեր ենք և թույլ՝ Եհովայի սերը շարունակում է երիտասարդ ու կենդանի մնալ մեր մեջ, ինչպես միշտ (Հռովմայեցիս 12։10, 11)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, սակայն այլևս առկա չէ։
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր ընտանիքը Էլբա գետի ափին զբոսնելիս՝ Համբուրգ, 1965 թ.
[նկար 28–րդ էջի վրա]
Մեր ընտանիքի անդամներից մի քանիսը 1998 թ.–ին Բեռլինում տեղի ունեցած միջազգային համաժողովին
[նկար 29–րդ էջի վրա]
Կնոջս՝ Կարլայի հետ