Ինչո՞ւ կործանվեց հին աշխարհը
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ Ջրհեղեղը բնական աղետ չէր. դա Աստծո դատաստանն էր։ Այդ մասին նախազգուշացում արվել էր, բայց այն հիմնականում հաշվի չէր առնվել։ Ինչո՞ւ։ Հիսուսը բացատրեց. «Այն օրերը ջրհեղեղէն առաջ՝ [մարդիկ] կ’ուտէին, կը խմէին, կին կ’առնէին ու էրկան կու տային՝ մինչեւ այն օրը երբ Նոյ տապանը մտաւ, չգիտցան [«ուշադրություն չդարձրեցին», ՆԱ]՝ մինչեւ ջրհեղեղը եկաւ ու ամէնքը վերցուց» (Մատթէոս 24։38, 39, Արևմտ. Աստ.)։
Զարգացած քաղաքակրթություն
Որոշ առումներով նախաջրհեղեղյան քաղաքակրթությունը այնպիսի առավելություններ ուներ, որոնցից մենք այսօր զրկված ենք։ Օրինակ՝ ամբողջ մարդկությունը խոսում էր մեկ լեզվով (Ծննդոց 11։1)։ Իսկ դա պիտի որ նպաստեր արվեստի ու գիտության զարգացմանը, ինչը տարբեր հմտությունների տեր մարդկանց միահամուռ ջանքեր է պահանջում։ Բացի այդ, քանի որ մարդկանց կյանքի տևողությունը հիմնականում բավական երկար էր, դարերի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կուտակելու հնարավորություն էր ստեղծվում։
Ոմանք պնդում են, որ այն ժամանակ մարդկանց կյանքի տևողությունը այդքան երկար չի եղել, և որ Աստվածաշնչի մեջ նշված տարիները իրականում ամիսներ են։ Արդյոք այդպե՞ս է։ Քննարկենք Մաղաղիելի օրինակը։ Աստվածաշնչում ասվում է. «Եւ Մաղաղիէլը վաթսունեւհինգ տարի ապրեց, եւ ծնեց Յարեդին.... Եւ Մաղաղիէլի բոլոր օրերը ութ հարիւր իննսունեւհինգ տարի եղաւ, եւ մեռաւ» (Ծննդոց 5։15–17)։ Եթե տարին ամիս նշանակեր, ապա Մաղաղիելի որդին ծնված պիտի լիներ այն ժամանակ, երբ նա դեռ հինգ տարեկան էր. մի բան, որ անհնար էր։ Ուղղակի, մարդկանց կենսունակությունը այն ժամանակ շատ մոտ էր առաջին մարդ Ադամի կատարյալ կենսունակությանը։ Հետևաբար՝ նրանք իսկապես կարող էին ապրել դարեր շարունակ։ Ի՞նչ արդյունքների հասան նրանք։
Ջրհեղեղից դարեր առաջ երկրի բնակչությունն այնքան էր շատացել, որ Ադամի որդի Կայենը կարողացավ քաղաք կառուցել, որը կոչեց Ենոք (Ծննդոց 4։17)։ Նախաջրհեղեղյան շրջանում արդյունաբերության տարբեր ճյուղեր զարգացան. կային դարբիններ՝ «պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք» պատրաստող (Ծննդոց 4։22)։ Իսկ այդ գործիքները օգտագործվում էին շինարարության, ատաղձագործության, կարուձևի և գյուղատնտեսության մեջ։ Ի դեպ, այս բոլոր մասնագիտություններն էլ հիշատակվում են երկրի առաջին բնակիչների արձանագրություններում։
Կուտակված գիտելիքները հաջորդ սերունդներին հնարավորություն էին տալիս զարգացնել մետաղագործությունը, գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը, գիրը և կերպարվեստը։ Օրինակ՝ Հոբալը «բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ» (Ծննդոց 4։21)։ Քաղաքակրթությունը բարձր զարգացում էր ապրում. բայց ամեն ինչ հանկարծակի կործանվեց։ Ինչո՞ւ։
Ո՞րն էր պատճառը
Չնայած իր բոլոր առավելություններին՝ նախաջրհեղեղյան հասարակությունը վատ սկիզբ էր ունեցել։ Նրա հիմնադիրը՝ Ադամը, ըմբոստացավ Աստծո դեմ։ Կայենը՝ պատմության մեջ առաջին անգամ հիշատակված քաղաքի կառուցողը, սպանեց իր հարազատ եղբորը։ Զարմանալի չէ, որ չարությունը արագորեն աճում էր։ Գնալով խորանում էին Ադամից ժառանգված անկատարության հետևանքները (Հռովմայեցիս 5։12)։
Երբ ակնհայտ դարձավ, որ ամեն ինչ իր գագաթնակետին է հասել, Եհովան որոշեց, որ 120 տարի հետո վերջ է դնելու այդ իրավիճակին (Ծննդոց 6։3)։ Աստվածաշունչն ասում է. «Շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.... Երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ» (Ծննդոց 6։5, 11)։
Երբ ժամանակը հասավ, Նոյին հատուկ տեղեկացվեց, որ Աստված ջրհեղեղով կործանելու է ամբողջ մարդկային ցեղը (Ծննդոց 6։13, 17)։ Նոյը դարձավ «արդարութեան քարոզիչ»։ Սակայն մարդիկ դժվարությամբ էին հավատում, որ ամեն ինչի վերջը մոտեցել է (Բ Պետրոս 2։5)։ Ընդամենը ութ հոգի ուշադրություն դարձրեց այդ նախազգուշացմանը և փրկություն ստացավ (Ա Պետրոս 3։20)։ Սակայն ի՞նչ կարևորություն ունի դա մեզ համար այսօր։
Ի՞նչ կարևորություն մեզ համար
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որոնք նման են Նոյի ապրած ժամանակներին։ Անընդհատ լսում ենք սարսափելի ահաբեկչական գործողությունների, ցեղասպանությունների, առանց որևէ լուրջ պատճառի՝ զինված մարդկանց կողմից կատարվող մասսայական սպանությունների և ընտանիքում տեղի ունեցող ահավոր բռնությունների մասին։ Երկիրը նորից լցվել է բռնությամբ, և ինչպես առաջ, այնպես էլ այսօր աշխարհին նախազգուշացում է տրվում նրա վրա գալիք դատաստանի մասին։ Ինքը Հիսուսն է ասել, որ գալու է որպես Աստծո կողմից նշանակված դատավոր և բաժանելու է մարդկանց այնպես, ինչպես հովիվն է բաժանում ոչխարներին այծերից։ Հիսուսի խոսքերով՝ նրանք, ովքեր անարժան կգտնվեն «պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք [«անջատում», ՆԱ]» (Մատթէոս 25։31–33, 46)։ Սակայն այս անգամ, ըստ Աստվածաշնչի, միլիոնավոր մարդիկ են փրկվելու՝ միակ ճշմարիտ Աստծուն երկրպագող մի մեծ բազմություն։ Գալիք աշխարհում նրանք վայելելու են այնպիսի կյանք, ինչպիսին երբեք չի եղել՝ մշտապես խաղաղ և ապահով (Միքիա 4։3, 4; Յայտնություն 7։9–17)։
Շատերը ծաղրանքով են վերաբերվում Աստվածաշնչի այս ազդարարություններին ու դատաստանի մասին նրա նախազգուշացումներին, սակայն երբ այդ ամենն իրականանա, կապացուցվի դրանց ճշմարտացիությունը։ Պողոս առաքյալի խոսքերով՝ այդ թերահավատները փակում են իրենց աչքերը իրողության հանդեպ։ Նա գրում է. «Վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք.... պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստեան խոստումը....»։ Եւ այս բանը ուզողները մոռացութեան են տուել այն, որ ի սկզբանէ եղել է երկինքը, եւ երկիրը՝ ջրերից, եւ՝ ջրերը, որ մնում են հաստատ Աստծու խօսքով. դրա համար էլ այն ժամանակուայ աշխարհը ապականուելով կործանուեց ջրհեղեղով։ Իսկ այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար» (Բ Պետրոս 3։3–7)։
Այսօր, ի կատարումն Հիսուսի կողմից տրված մարգարեական հրամանի, աշխարհով մեկ նախազգուշացում է տրվում դատաստանի գալիք օրվա մասին և ջերմեռանդորեն քարոզվում է այդ օրվան հետևող խաղաղության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Այս նախազգուշացմանը չպետք է նայել մատների արանքով. ամենակարող Աստվածը կատարում է իր խոստումները։
Գալիք աշխարհը
Եթե հաշվի առնենք այն, որ այդքան կարևոր փոփոխություններ են տեղի ունենալու, ապա ինչպիսի՞ն կլինի մարդկության ապագան։ Իր հայտնի Լեռան քարոզի առաջաբանում Հիսուսը խոստացավ. «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն»։ Այնուհետև նա իր աշակերտներին սովորեցրեց աղոթել Աստծուն՝ ասելով. «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է» (Մատթէոս 5։5; 6։10)։ Այո՛, այն, որ հենց այստեղ՝ երկրի վրա, հրաշալի ապագա է սպասում հավատարիմ մարդկանց, սովորեցնում էր ինքը՝ Հիսուսը՝ անվանելով դա «վերաստեղծում» (Մատթէոս 19։28, ՆԱ)։
Այս ապագային սպասելով՝ թույլ մի տվեք, որ ծաղրողները ստիպեն ձեզ կասկածել Աստծո կողմից տրված նախազգուշացմանը։ Ճիշտ է, կարող է թվալ, թե շրջապատում ոչինչ չի փոխվում. ներկա աշխարհը արդեն երկար ժամանակ գոյություն ունի։ Սակայն ձեր հույսը մի դրեք դրա վրա։ Այս աշխարհը դատապարտված է։ Ուստի կարող եք քաջալերվել Պետրոս առաքյալի նամակի եզրափակիչ խոսքերով.
«Քանի որ այս ամէնն այսպէս պիտի լուծուի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրուայ գալստեան.... Սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցէք, որ Նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ։ Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտութեամբ» (Բ Պետրոս 3։11, 12, 14, 18)։ Ուրեմն՝ դաս քաղեք այն բանից, ինչ պատահեց Նոյի օրերում։ Մտերմացեք Աստծո հետ։ Աճեք Հիսուս Քրիստոսի գիտության մեջ։ Զարգացրեք Աստծո հանդեպ ձեր նվիրվածությունը և եղեք այն միլիոնավոր մարդկանց թվում, որոնք ցանկանում են վերապրել այս աշխարհի կործանումը և ապրել գալիք խաղաղ աշխարհում։
[նկար 5–րդ էջի վրա]
Մետաղի մշակումը հայտնի էր դեռևս Ջրհեղեղից առաջ
[նկար 7–րդ էջի վրա]
Առջևում հրաշալի ապագա է սպասում