Ի՞նչը կարող է իսկապես միավորել մարդկանց
Անկախ նրանից, թե ինչ հավատալիքներ ունեք, թերևս համաձայնեք, որ գրեթե բոլոր կրոններին պատկանող մարդկանց մեջ կան անհատներ, որոնք անկեղծ սեր են տածում դեպի ճշմարտությունը։ Ճիշտը խորապես գնահատող և այն փնտրելու պատրաստ անհատների կարելի է հանդիպել հնդուականների, կաթոլիկների, հուդայականների և այլ կրոններ դավանող մարդկանց մեջ։ Սակայն կրոնը, ասես, պառակտում է աշխարհը։ Ոմանք նույնիսկ կրոնի անունով չար գործեր են անում։ Երբևիցե կգա՞ մի այնպիսի ժամանակ, երբ բոլոր կրոններից անկեղծ սրտով անհատները, որոնք սիրում են բարին ու ճիշտը, կմիավորվեն։ Կարո՞ղ են նրանք միավորվել մի ընդհանուր նպատակ իրագործելու համար։
Որքա՜ն ցավալի է տեսնել, որ գնալով կրոնն ավելի շատ է պառակտում աշխարհը։ Նկատի առնենք այդ մասին վկայող մի քանի փաստեր։ Շրի Լանկայում հնդուականները պատերազմում են բուդդայականների դեմ։ Զանազան ընդհարումների ժամանակ արյուն են թափում բողոքականները, կաթոլիկներն ու հուդայականները։ Բոսնիայում, Ինդոնեզիայում, Կոսովոյում և Չեչնիայում այսպես կոչված քրիստոնյաները պայքար են մղում մահմեդականների դեմ։ Իսկ Նիգերիայում 2000 թ. մարտին կրոնի պատճառով բռնկված երկօրյա պայքարում զոհվեցին 300 նիգերիացիներ։ Իրոք որ, կրոնական ատելության հողի վրա բորբոքվում է այդ դաժան ընդհարումների «կրակը»։
Հաճախ անկեղծ սրտով մարդկանց սարսափեցնում են կրոնի պատճառով կատարված չարագործությունները։ Օրինակ՝ եկեղեցի հաճախող շատ անհատներ ցնցված են այն իրողությունից, որ որոշ եկեղեցիներ պաշտոնապես հանդուրժում են այն քահանաներին, որոնք պղծել են փոքրահասակ երեխաների։ Մյուսներին մեծ զարմանք են պատճառում քրիստոնեական կոչվող շատ աղանդների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ միասեռականությունն ու արհեստական վիժեցումը։ Բացահայտ փաստ է, որ կրոնը չի միավորել մարդկությանը։ Այդուհանդերձ, շատ կրոններում ճշմարտությունն անկեղծորեն սիրող անհատներ կան, ինչպես կտեսնենք ներքոհիշյալ պատմություններում։
Նրանք ճշմարտության էին ձգտում
Ֆիդելիան Բոլիվիայի Լա Փազ քաղաքում գործող Սան Ֆրանցիսկոյի կաթոլիկական եկեղեցի էր հաճախում և նրա անկեղծ ու նվիրված երկրպագուներից էր։ Նա խոնարհվում էր Մարիամի պատկերի առջև, իսկ խաչելության նկարի առաջ թանկարժեք մոմեր էր վառում։ Ամեն շաբաթ նա մեծ քանակությամբ մթերք էր նվիրում քահանային, որպեսզի վերջինս բաժաներ աղքատներին։ Չնայած այդ ամենին՝ Ֆիդելիայի երեխաներից հինգը մկրտությունից առաջ մահացան։ Երբ քահանան ասաց նրան, որ իր երեխաները չարչարվում են լիմբոյի խավարում (քավարան), Ֆիդելիան ապշեց՝ մտածելով. «Եթե Աստված սեր է, ինչպե՞ս կարող է նման բան թույլ տալ»։
Թարան, որը մասնագիտությամբ բժիշկ է, մեծացել է Նեպալի Կատմանդու քաղաքում և հնդուականության կողմնակից է եղել։ Նա հետևում էր իր նախապապերից եկած դարավոր սովորույթներին, երկրպագում էր իր աստվածներին հնդուական տաճարներում, իսկ տանը կուռքեր էր պահում։ Բայց Թարային այսպիսի հարցեր էին անհանգստացնում. «Ի՞նչն է այսքան շատ տառապանքի գոյության պատճառը։ Ինչո՞ւ է մարդը մահանում»։ Այս հարցերի պատասխանները նա չէր գտնում իր կրոնական ուսմունքներում։
Իսկ, օրինակ, Փանյան, որն ապրել է Թաիլանդի Բանգկոկ քաղաքում՝ ջրանցքի մոտ գտնվող մի տան մեջ, բուդդայական դաստիարակություն է ստացել։ Նրան սովորեցրել էին, որ տառապանքը անձի նախկին կյանքում կատարած գործերի արդյունքն է, և որ մարդ կարող է ձերբազատվել տառապանքից բոլոր ցանկություններից հրաժարվելու դեպքում։ Մյուս անկեղծ բուդդայականների նման, Փանյան էլ գիտեր, որ հարկավոր է խորը հարգանք տածել դեղին թիկնոցներ կրող վանականների հանդեպ, որոնք, տնից տուն գնալով, ողորմություն էին խնդրում։ Նա զբաղվում էր մեդիտացիայով և Բուդդայի պատկերներ էր հավաքում՝ մտածելով, որ դրանք պաշտպանիչ զորություն ունեն։ Պատահեց այնպես, որ ծանր վթարի հետևանքով անզգայացավ նրա մարմնի գոտկատեղից ներքև եղած մասը։ Փանյան դիմեց բուդդայական վանականներին՝ հուսալով հրաշքով բժշկվել։ Նա չստացավ ոչ ֆիզիկական, ոչ էլ հոգևոր առումով օգնություն։ Փոխարենը՝ սկսեց ոգեհարցությամբ զբաղվել։
Վիրջիլը ծնվել է Միացյալ Նահանգներում։ Քոլեջում սովորելիս միացել է սևամորթ մահմեդականներին։ Նա եռանդով տարածում էր նրանց գրականությունը, որոնցում քարոզվում էր, թե սպիտակամորթները սատանաներ են։ Այդ հավատալիքն էր պատճառը, որ, ինչպես կարծում էին սևամորթները, սպիտակամորթներն այդպիսի դաժանությամբ էին վերաբերվում նրանց։ Չնայած որ Վիրջիլը հավատարիմ էր իր համոզմունքներին, սակայն նրան մտահոգում էին հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս կարող են բոլոր սպիտակամորթները չար լինել։ Եվ ինչո՞ւ քարոզչությունն այսքան մեծ կապ ունի դրամի հետ»։
Թեպետ Չարո անունով մի կին մեծացել էր Հարավային Ամերիկայում, որտեղ հիմնականում կաթոլիկությունն է տարածված, նա բողոքականության եռանդուն կողմնակից էր։ Նա գոհ էր, որ հեռու էր մնում ամենուրեք գոյություն ունեցող կռապաշտությունից։ Չարոն ամեն կիրակի սիրով գնում էր եկեղեցի՝ ծառայություն մատուցելու։ Այնտեղ նա բարձաձայն «Ալելուիա» էր կանչում, որից հետո մասնակցում էր կրոնական երգերին ու պարերին։ Չարոն սրտանց հավատում էր, որ փրկվել է և հոգևոր իմաստով վերածնվել։ Նա տասանորդ էր տալիս եկեղեցուն, իսկ երբ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ իր սիրելի ավետարանիչը և խնդրեց Աֆրիկայի երեխաների համար հանգանակություն հավաքել, նա անմիջապես գումար ուղարկեց։ Նա հարցրեց քահանային, թե ինչու է սիրո Աստված մարդկանց հոգիները չարչարում դժոխքում, և հասկացավ, որ քահանան ոչ մի հստակ պատասխան չի կարող տալ այդ հարցին։ Ավելի ուշ պարզվեց, որ Աֆրիկայում բնակվող երեխաներին օգնելու նպատակով ուղարկած իր նվիրատվությունները իրենց նպատակին չեն ծառայել։
Այս հինգ անձնավորություններին՝ այսքան տարբեր, ինչ–որ ընդհանուր բան էր միավորում։ Նրանք բոլորն էլ սիրում էին ճշմարտությունը և սրտանց ցանկանում էին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել։ Բայց կարո՞ղ են արդյոք այդ մարդիկ միավորվել մեկ ճշմարիտ կրոնի մեջ։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցին։
[նկար 4–րդ էջի վրա]
Կարո՞ղ են արդյոք տարբեր կրոնների և մշակույթների պատկանող մարդիկ իսկապես միավորվել
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
G.P.O., Jerusalem