Եղեք երախտապարտ ու եղեք երջանիկ
«Երախտագետ լինելը մարդուն բնորոշ հատկություն է»,— գրում է կանադական մի լրագիր («Calgary Herald»)։ Լրագրում ասվում է, որ մի ուսուցիչ հանձնարարում է միջնակարգ դպրոցի ինը տարեկան աշակերտներին շարադրություն գրել այն բոլոր բաների մասին, որոնց համար նրանք շնորհակալ են։ Նրանցից մեկը գրում է, որ երախտապարտ է իր ընտանիքի անդամներին, «քանի որ նրանք հոգ են տարել իր մասին»։ Մի աղջիկ նույնպես գրում է իր ընտանիքի հանդեպ երախտագետ լինելու մասին՝ նշելով. «Նրանք հոգում են իմ ապահովության, առողջության, ինչպես նաև իմ մասին, սիրում և սնում են ինձ, և եթե ծնողներս չլինեին, ես այսօր գոյություն չէի ունենա»։
Անշնորհակալ լինելը մշտական անբավարարվածության զգացում է առաջ բերում։ Ըստ փիլիսոփա–աստվածաբան Ի. Փաքրի՝ «մենք ստեղծված ենք Աստծուց կախվածության մեջ ապրելու և միմյանցից փոխադարձ կախվածության մեջ լինելու համար»։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են դարեր առաջ Աստվածաշնչում արձանագրված մի իմաստուն խորհուրդ, որը հետևյալ կերպ է հնչում. «Գոհացող եղէք» (Կողոսացիս 3։15, ԱԹ)։ Շնորհակալության խոսքեր ասելը և ուրիշների հանդեպ սրտաբուխ երախտագիտության դրսևորումը օգնում են մեզ հոգատար լինել մարդկանց հանդեպ։
Դեռ ավելին, միմյանց հանդեպ երախտագետ լինելով ու գնահատելով՝ մենք նաև մեր երախտագիտությունն ենք ցույց տալիս Եհովայի նկատմամբ, ինչը նրա աչքից չի վրիպում։ Աստվածաշնչում կարդում ենք. «[Եհովայի] աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Աստված մեզ հավաստիացնում է, որ հիշում և իր մտքում վառ է պահում իր անվան համար մարդկանց ցույց տված սերը (Եբրայեցիս 6։10, ԱԹ)։ Այո՛, մենք հիմնավոր պատճառ ունենք ամեն օր երախտագիտություն ցույց տալու, որն աստվածատուր հատկություն է։ Դա հաճույք է պատճառում Եհովային, իսկ մեզ ավելի երջանիկ դարձնում։ Դա նման է նրան, ինչ որ Առակաց 15։13–ում է ասվում. «Ուրախ սիրտը կ’զուարթացնէ երեսը»։