Ընթերցողների հարցերը
Կողոսացիս 1։16–ում խոսվում է Աստծո Որդու մասին, թե «ամէն ինչ նրանո՛վ եւ նրա՛ համար ստեղծուեց»։ Ի՞նչ իմաստով էր ամեն բան Աստծո Որդու՝ Հիսուսի «համար» ստեղծվել։
Եհովայի համար իր միածին Որդին ծառայում էր որպես ճարտարապետ բոլոր բաներն արարելիս, որոնց մեջ, բացի Հիսուսից, մտնում էր ամեն ինչ (Առակաց 8։27–30; Յովհաննէս 1։3)։ Ուրեմն կարելի է ասել, որ Որդին այդ գործերից հաճույք է ստանում, և հենց այս իմաստով էլ դրանք նրա «համար» են։
Մենք գիտենք, որ ծնողներն ընդհանրապես ակնկալում են (հաճախ դա այդպես էլ լինում է), որ իրենց ժառանգները՝ որդիներն ու դստրերը, ուրախություն կպատճառեն իրենց։ Աստվածաշնչի առակներից մեկում խոսվում է մի որդու մասին, որն ‘ուրախացնում է’ իր հորը (Առակաց 10։1; 29։17)։ Նմանապես, Եհովան ‘հավանում էր’ իսրայել ազգին, երբ վերջինս հավատարիմ էր (Սաղմոս 44։3; 119։108; 147։11)։ Եհովային հաճույք է պատճառում նաև մեր օրերի անձնվեր ծառաների հավատարմությունը (Առակաց 12։22; Եբրայեցիս 10։38)։
Ուրեմն՝ ճիշտ էր, որ Աստված ցանկանում էր, որ իր աշխատակիցը՝ Հիսուսը, հաճույք ստանար իր գործերից։ Եվ իրոք, Առակաց 8։31–ում ասվում է, որ Որդին ‘ուրախանում էր նրա երկրի աշխարհում և նրա զվարճությունը մարդկանց որդիների հետ էր’։ Այս իմաստով է, որ Կողոսացիս 1։16–ն ասում է. «Ամէն ինչ նրանո՛վ եւ նրա՛ համար ստեղծուեց»։